Կողմերը փորձում են Հայաստան-Ֆրանսիա առևտրատնտեսական կապերը հասցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


Կողմերը փորձում են Հայաստան-Ֆրանսիա առևտրատնտեսական կապերը հասցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

  • 14-03-2017 19:57:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստան-Ֆրանսիա երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններն այդքան էլ զարգացած չեն, այս փաստը ցավով արձանագրեցին երկու երկրների նախագահները: Այս մասին մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն` միաժամանակ ընդգծելով, որ կողմերը փորձում են դրանք զարգացնել` հասցնելով դիվանագիտական կապերի մակարդակին : 
Ըստ նրա` Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացած վերջին հանդիպումն անցկացվեց ամենաբարձր մակարդակով:
Ժ. Ֆ. Շարպանտիեի խոսքերով` նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցն ուներ նաև խորհրդանշական բնույթ, քանի որ այս տարի լրանում է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: 
«Պետք է նշեմ, որ այդ հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրների կապերը  երբևէ չեն ընդմիջվել. Եթե ընդհանուր հայտարարի բերենք այդ 25 տարիները, ապա կարձանագրենք, որ այդ դիվանագիտական հարաբերությունները եղել են բավականին դինամիկ և հագեցած»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը` հավելելով, որ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով տրամաբանական էր Հայաստանի նախագահի պատվիրակության կազմում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ներկայությունը: 
Նրա փոխանցմամբ` Հայաստանի նախագահի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում երեք կարևորագույն փաստաթուղթ է ստորագրվել, որոնցից մեկը վերաբերում է կրթական ոլորտին: 
Անդրադառնալով Հայաստանում ֆրանսերեն լեզվի զարգացմանն ու տարածմանը` ֆրանսիացի պաշտոնյան նկատեց, որ հանրակրթական դպրոցներում անկախությունից հետո ֆրանսերենը նահանջ է ապրել, սակայն Հայաստանն ունի բոլոր հաղթաթղթերը ստեղծված իրավիճակը շտկելու համար: 
Նրա համոզմամբ` ֆրանսերենի խթանմանը նպաստում է ինչպես Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների անցկացումը, այնպես էլ Հայաստանում գործող Ֆարնսիական համալսարանը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play