Ծեծ եւ վնասվածքներ՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ական թեկնածուների թիմակիցների միջև


Ծեծ եւ վնասվածքներ՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ական թեկնածուների թիմակիցների միջև

  • 21-03-2017 17:13:45   | Հայաստան  |  Հասարակություն

Հրապարակի  տեղեկություններով՝ ընտրությունների հողի վրա մի քանի օր առաջ հերթական միջադեպն է գրանցվել։ «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Մելիք Սաֆարյանի թիմակիցները ծեծի են ենթարկել այդ ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Տավրոս Գեւորգյանի թիմակիցներին։ Պատճառն, ինչպես նշում են Երրորդ գյուղի բնակիչներն, այն է, որ Տավրոս Գեւորգյանը ցանկացել է շտաբ բացել իրենց տարածքում, ինչը Սաֆարյանի կողմնակիցները թույլ չեն տվել։ Ի դեպ, Մելիք Սաֆարյանը չորրորդ գյուղում հյուրանոց ունի, նա «Պրահա» ՍՊԸ տնօրենն է։ Ապա սկսվել է «ռազբորկա», վիճաբանություն, արդյունքում՝ տավրոսականներից երկու-երեք հոգի դաժանաբար ծեծվել են եւ վնասվածքներ ստացել։
 
Ուշագրավ է, որ Տավրոս Գեւորգյանը հերքեց միջադեպի մասին տեղեկությունները․ «Ձեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», ասաց ՀՀԿ-ական թեկնածուն։ Փոխանցեց, թե նշված տարածում շտաբ ունի ու իր թիմակիցները որեւէ վիճաբանության մեջ չեն հայտնվել, առավել եւս ծեծի չեն ենթարկվել ․«Դա հերյուրանք է»։
 
Մելիք Սաֆարյանի հեռախոսին պատասխանած անձն էլ փոխանցեց, որ Սաֆարյանը չէ․ «Ինքը հանդիպումների մեջ է» եւ խոսելու ցանկություն չդրսեւորեց։ Եղե՞լ է միջադեպը, թե ոչ, այս հարցով դիմեցինք Գլխավոր դատախազություն, մեզ խոստացան ավելի ուշ պարզաբանել։ Ավելի վաղ ԴԱՀԿ նախկին աշխատակից Տավրոս Գեւորգյանի եւ նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանի միջեւ բախման մասին էր խոսվում, կրկին շտաբներ բացելու հարցի շուրջ, տեղեկություններ կային, որ անգամ բախում է տեղի ունեցել երկու ՀՀԿ-ական թեկնածուների թիմակիցների միջեւ։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play