Մտադիր են փոխել Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի… կործանում (տեսանյութեր ու լուսանկարներ)


Մտադիր են փոխել Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի… կործանում (տեսանյութեր ու լուսանկարներ)

  • 27-03-2017 23:53:09   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Ահա Եվրոպան` մերօրյա Սոդոմն ու Գոմորը, ուր ուզում են Հայաստանը տանել որոշ քաղաքական ուժեր: Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի «եվրոպական մեծ ընտանիք» փոխելու պարագայում, ինչը նպատակադրվել է իրականացնել «Ազատ դեմոկրատներ»-ը, Հայաստանում ապահովվելու են նաև միասեռականների, այլասերվածների այն լայն իրավունքներն ու ազատությունները, որոնք նրանք այսօր չունեն:
Ավելին. մեր կյանք է մտնելու նաև յուվենալ արդարադատությունը, որը հանգեցնելու է ամուսնալուծությունների կտրուկ ու հսկայական աճի, նաև թույլ է տալու երեխաներին ընտանիքներից խլել, ինչպես նաև միասեռական զույգերի կողմից այդ երեխաների որդեգրում: 
Օրերս առիթ ունեցա լսելու և դիտելու «Յութուբում» զետեղված մի տեսանյութ, որը ներկայացնում էր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը, որով նա հանդես է եկել բոլորովին վերջերս, նախընտրական այս շրջանում: Դրա ընթացքում պարոն Քոքոբելյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իրենք ազատ են և դեմոկրատ… 
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այս քաղաքական ուժը, որի հետ կամ որի միջոցով ընտրություններին մասնակցում են նաև «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստյոպա Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, իր ծրագրով նախատեսել և բացեիբաց հայտարարում է, որ մտադիր են ու կարող են փոխել Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի Եվրամիություն:
«Այո, մենք կարող ենք, մենք կարող ենք Հայաստանի զարգացման ուղղությունը փոխել,- իր հիշյալ ելույթում ասաց Խ. Քոքոբելյանը:- Չկան փրկիչներ, մենք էլ փրկիչներ չենք, բայց մենք կարող ենք փոխելով Հայաստանի զարգացման ուղղությունը դեպի եվրոպական մեծ ընտանիք, Հայաստանում ապահովել այն ամենը, ինչ երազում է մեզնից յուրաքանչյուրը և ցանկացած հայ»:
Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, ինչ լավ, բարձր ու գեղեցիկ, նույնիսկ կարելի է ասել վեհաշուք է հնչում` «դեպի եվրոպական մեծ ընտանիք»… Մարդ քիչ է մնում նույնիսկ հայի համար սրբազան այդ «ընտանիք» բառը լսելով, ընտանիքի ջերմություն զգա և այդ ջերմությունից նվաղի…
Բայց մեկ էլ հանկարծ հիշում ենք` Եվրոպական այդ «մեծ ընտանիքը», որպեսզի թույլ տա իր գրկում հայտնվես, մի շարք պայմաններ ու պահանջներ է առաջադրում` քաղաքականից ու տնտեսականից սկսած, մինչև արժեհամակարգային կողմնորոշումներին վերաբերվողներ: Ինչպես, օրինակ, այլասերվածների ամուսնությունների օրինականացում, այսինքն` գրանցում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում, մարդու իրավունքների և ազատությունների (այդ թվում նաև` սեփական մարմնի հետ ըստ ցանկության վարվելու) բացարձակացում կամ գրեթե բացարձակացում և այլն, որոնք, մեղմ ասած, անհարիր են մեր ազգային ու քրիստոնեական արժեհամակարգին:
Միասեռականներին, այլասերվածներին լայն իրավունքներ և ազատություններ տալը, Հայաստանում յուվենալ արդարադատության ընդունումը հաստատ չեն մտնում այն ամենի մեջ, ինչ, «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդի խոսքերով, երազում է մեզնից յուրաքանչյուրը և ցանկացած հայ:
Կարծում ենք, պարոն Քոքոբելյանին, նրա կուսակիցներին ու համախոհ քաղաքական գործիչներին, որոնցից միայն երեքի անունը վերևում նշեցինք, շատ լավ էլ հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների առնվազն 99,9 տոկոսը դեմ է լինելու դեպի «եվրոպական մեծ ընտանիք» գնալուն, եթե իմանա, որ նրա գրկում հայտնվելու գինը լինելու է այն, ինչի մասին վերը նշեցինք: Բայց դե հո միամի՞տ չեն, որ բարձրաձայնեն այդ մասին, ընտրողներին վանեն իրենցից, հիմա ժամանակը չէ, երբ ժամանակը գա, այսինքն` երբ, իրենց հաշվով, իրենք արդեն ընտրված լինեն, կասեն…
Եվ այդ ժամանակ արդեն բնավ կարևոր չէ, որ ընտրողները դեմ կլինեն, չեն ցանկանա, որ ազատ դեմոկրատները և արևմտամետ մյուս քաղաքական ուժերը Հայաստանը տանեն դեպի «եվրոպական մեծ ընտանիք»: Նրանց ցանկությունն ու կամքն այդ ժամանակ արդեն ո՞վ է հաշվի առնելու: Այն, որ ընտրվելուց հետո արդեն պետության ու ժողովրդի համար այդ բախտորոշ ընտրությունը կատարելու հարցում ժողովրդի կամ քվեարկողների կարծիքը հաշվի չեն առնելու, երևակայության արդյունք չէ, այլ ունի հիմք, պարզ երևում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրից:
Վերոնշյալ ծրագրում, քանի որ ազատ դեմոկրատները միտք ունեն Հայաստանը տանել դեպի եվրոպական մեծ ընտանիք և ՆԱՏՕ, Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ն, ըստ էության, ներկայացված են իբրև Հայաստանի համար չարիքներ: Նախընտրական ծրագրի «Մենք կարող ենք ապահովել ինքնիշխան, ժողովրդավար և արդիական Հայաստան» գլխի կամ բաժնի 7-րդ կետում պարզ գրված է.
«Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պետք է դադարեցվի, քանզի այն ոչ միայն տնտեսական զարգացման ու անվտանգության ամրապնդման խոստացված արդյունքները չի բերել ու չի կարող բերել, այլև վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից մինչև տնտեսություն»:
Բոլոր բնագավառներում Հայաստանի ցուցանիշները վատթարացնելու վերաբերյալ գրվածը, իհարկե, կեղծիք է և իրականության մանիպուլացիա, որին առաջիկայում համապատասխան փաստարկներով դեռ կանդրադառնանք: Բայց մինչ այդ այլ հարց է առաջանում՝  ի՞նչ է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իշխանության գալու դեպքում ի՞նքն է որոշելու, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ չի լինելու, դառնալու է Եվրամիության անդամ:
Պարզվում է` այո, հիշյալ կուսակցությունը մեր պետության և այստեղ ապրողների համար այդ բախտորոշ ընտրությունը կատարելու համար իր ծրագրով ամենևին չի նախատեսել հանրաքվե ու դրա միջոցով ժողովրդի` ընտրական իրավունք ունեցող հատվածի կամարտահայտությունը հաշվի առնել: Բայց չէ՞ որ, ի տարբերություն ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի, իրենք իրենց ազատ և դեմոկրատ են հայտարարում, ո՞ւր մնաց նրանց հռչակած ազատն ու դեմոկրատը…
Բոլորովին այլ խնդիր է, որ Եվրամիությունը նույնիսկ իրեն անդամակցելու համար առաջադրած վերոնշյալ ստորացուցիչ պայմանների կամ պահանջների կատարումից հետո էլ Հայաստանին այժմ և տեսանելի ապագայում չի ընդունելու իր շարքերը, քանի որ մեր երկիրը չի բավարարում ու մոտ ապագայում չի բավարարելու այն տնտեսական և այլ պահանջներին ու պայմաններին, այն բազմաթիվ ցուցանիշներին, որոնց բավարարումն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու համար: Սակայն, սա արդեն այլ թեմա է, որին առաջիկայում կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play