Սերժ Սարգսյանը պետք է մնա քաղաքականության մեջ.ՀՀԿ-ն բացի ԲՀԿ-ից չունի լուրջ մրցակից


Սերժ Սարգսյանը պետք է մնա քաղաքականության մեջ.ՀՀԿ-ն բացի ԲՀԿ-ից չունի լուրջ մրցակից

  • 29-03-2017 18:07:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ


Լրագրի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ում անունը չկա ՀՀԿ համամասնական ցուցակում

 

Պարոն Հարությունյան, քաղաքականությունից դո՞ւրս եք եկել։ Ընդհանրապես աջակցո՞ւմ եք ՀՀԿ-ին և հետևո՞ւմ եք արդյոք քարոզարշավին։

 

Քաղաքականությունից դուրս գալ ինչ է նշանակում, քաղաքականությունից քանի կուսակցական եմ, կուսակցության խորհրդի անդամ եմ, հետևաբար իմ կամքից անկախ էլ ես քաղաքականության մեջ եմ։ Իսկ ակտիվ քաղաքական գործընթացների մեջ չկամ, քանի որ թեկնածու չեմ։ ՀՀ քաղաքացի եմ, հետևում եմ քարոզարշավին, թերթերում ակտիվ քննարկումներ են։ Բացի այդ, ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, կուսակցության անդամ եմ, և անկախ նրանից, իմ թեկնածությունը կա թե ոչ, կուսակցությանը իմ ուժերի ներածին չափ աջակցում եմ։

 

Դուք դատապարտո՞ւմ եք 114 դպրոցների և մանկապարտեզների տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ցուցակագրումները։

 

Ճիշտն ասած, ծանոթ չեմ այս պրոբլեմին, բայց աշխարհում չկա որևէ օրինակ, որ դպրոցի տնօրեններ չխառնվեն, բայց, իմ կարծիքով, դա չպետք է մասսայական բնույթ կրի։

 

Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն հնարավորություն ունի՞ վերարտադրվելու։

 

Ես կատեգորիկ դեմ եմ «վերարտադրություն» տերմինին։ Այդպիսի տերմին քաղաքականության մեջ չի կարելի օգտագործել։ Կարող է հաջողության հասնել, արդեն ուրիշ է, բերեք ձևակերպումները ճիշտ ասենք։ ՀՀԿ-ն ամենահզոր կուսակցությունն է, և  չեմ կարող կասկածել նրա հաջողության մեջ։ ՀՀԿ-ն այսօր 154.000-ոց կուսակցություն է, և առաջին տեղը գրավելու մեծ շանսեր ունի։

 

Բայց չէ՞ որ տեսել ենք, թե ինչպես են ստիպողաբար բերել անդամագրել ՀՀԿ-ին, մի գիշերում 7000 հոգու։ Չեք մտահոգվո՞ւմ, որ նրանք ՀՀԿ-ին ձայն չեն տա։

 

7000-ն էլ, 10.000-ն էլ, 50.000-ն էլ հանենք, համենայն  դեպս որևէ կուսակցություն 100.000-ոց շարքեր չունի։

 

Մի քանի հարցումների արդյունքներ հրապարակվեցին, որտեղ ՀՀԿ-ն առաջին տեղում չէր, զիջում էր Ծառուկյան դաշինքին։

 

Բացառապես բոլոր քաղաքական մեկնաբանները, սոցիոլոգները, հարցման արդյունքներից հետո ասում են, որ դա պայմանավորված է մեկ մարդու՝ Գագիկ Ծառուկյանի անձի հետ, բայց որքանո՞վ է դա ճիշտ, ես չեմ կարող ասել, բայց որ ԲՀԿ-ն բավական մեծ ռեսուրսներ ունի և հաջողության կհասնի այս ընտրություններին, ես չեմ կասկածում։

 

Կուզեի՞ք, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։ Շատերը նշում են, որ ՀՀԿ-ն պետք է գնա, որ երկիրը սկսի շնչել։ ՀՀԿ-ն չպե՞տք է պատրաստ լինի իշխանությունը տալու։

 

Իհարկե, իշխանությունը հավիտենական չէ, բայց ասել, որ փոխվի, կամավոր տան, թող կուսակցությունները հզորանան և իրենց ծրագրերով ավելի էֆեկտիվ ներկայացնեն անելիքները, ուրիշ բան: Ես ոչ թե պաշտպանում եմ Հանրապետականին, ես օբյեկտիվ եմ  և ռեսուրսներն եմ ռեալ գնահատում, և այսօր եթե դուք էլ ինձ նման օբյեկտիվ լինեք, պետք է ընդունեք, որ ՀՀԿ-ն, բացի ԲՀԿ-ից, չունի լուրջ մրցակից:

 

Այսինքն՝ Դուք չե՞ք տեսնում հիասթափված հանրություն, անգամ ատելություն ՀՀԿ-ի նկատմամբ:

 

Շատ լավ հարց տվեցիք: Եթե հասարակությունն ընդունում է ՀՀԿ-ին, գնում է և ձայն տալիս ՀՀԿ-ին, հետո մեկ շաբաթ կամ մեկ ամիս հետո փոշմանում, թող չտան: Ո՞վ է նրանց ստիպել: Եթե քաղաքացիական հասարակությունը հզոր լիներ, ապա իր խոսքը կասեր ոչ թե ընտրություններից հետո, այլ ընտրությունների ժամանակ: Եթե ընտրություններին այդ նույն պրոտեստ մասսան գնում է և իշխանության կուսակցությանը ձայն է տալիս, հետևաբար հետո ինքը դժգոհելու բարոյական իրավունք չունի: Այսօր ընտրակաշառքի մասին խոսում են այնպես, կարծես թե դա սահմանադրությամբ ամրագրված դրույթ է: Եթե ուշադիր հետևեք մամուլի հրապարակումներին, կտեսնեք, որ ընտրակաշառքը դարձել է գաղափարախոսություն:

 

Որը սերմանել է ՀՀԿ-ն:

 

Ես չգիտեմ՝ ով է սերմանել, բայց գիտեմ, որ եթե ինձ ընտրակաշառք տան, չեմ վերցնի, ձեզ տան, դուք էլ չեք վերցնի: Բա ես և դուք եթե չենք վերցնում, ինչո՞ւ են մնացածները վերցնում:

 

Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ժամանակ չի տալիս ՀՀԿ անունը, այլ անընդհատ ասում է մենք:

 

Կարեն Կարապետյանը ՀՀԿ վարչապետն է և դրանով ամեն ինչ ասված է: Իր հետ բերած մարդկանցից ոչ մեկին ես չեմ տեսել քարոզարշավի ժամանակ: Իսկ Կարապետյանը՝ որպես ՀՀԿ վարչապետ, կուսակցության առաջին փոխնախագահ անում է այն, ինչ իրեն վերապահված է: Եվ այն լավ մեկնարկը, որ ունի Հանրապետական վարչապետը, ինձ թվում է, որ նա ոչ միայն քարոզարշավում, այլ նաև տնտեսության մեջ ունենալու է հաջողություններ: Ես այդպես եմ ուզում:

 

Իշխանությունը կթողնի՞:

 

Ես իշխանության կուսակցության անդամ եմ, բայց ես իշխանություն չեմ: Ես ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, ուզում եմ թոշակները, աշխատավարձերը բարձրանան, ամենակարևորը, բանակի պաշտպանունակությունը կրկնակի, եռակի հզորանա: Այս ամենը կախված է վարչապետի, կառավարության և իշխանությունների ճիշտ աշխատանքից, որը ուզում եմ, որ այդպես լինի և կարծես թե տեղաշարժեր ես նկատում եմ:

 

Եթե իշխող ՀՀԿ-ն այս ընտրություններին հաջողի, Սերժ Սարգսյանը կմնա կուսակցության նախագա՞հ միայն, թե՞ կտեսնենք Սերժ Սարգսյան վարչապետի:

 

Չեմ կարող ասել, բայց իմ անձնական կարծիքն է՝ Սերժ Սարգսյանը պետք է մնա քաղաքականության մեջ, ինքն էլ է պատասխանել, որ ինքը դժվարանում է այդ հարցին պատասխանել, ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել: Ես, ճանաչելով Հանրապետության նախագահին երկար տարիներ, իմանալով նրա ունակությունները, ներուժը, կուզեմ, որ նա մնա քաղաքականության մեջ: Դա իմ ցանկությունն է, ես ուզում եմ, որ նա քաղաքականությունից դուրս չգա, քանի որ այն ճակատագրական պատասխանատվությունը, որ ինքը կրել է տարիներ շարունակ, եթե չասենք տասնամյակներ, այդպես թողնել-հեռանալ, գտնում եմ, ճիշտ չէ, և կարծում եմ՝ նա գործ ունի անելու և կշարունակի գործը մինչև հաղթական ավարտ: Խոսքը Արցախի հարցի մասին է, Արցախի ճանաչման հարցն է:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play