Այս ընտրություններում քվերակության արդյունքները քիչ թե շատ հավաստի են. Արտակ Կիրակոսյան (տեսանյութ)


Այս ընտրություններում քվերակության արդյունքները քիչ թե շատ հավաստի են. Արտակ Կիրակոսյան (տեսանյութ)

  • 04-04-2017 15:42:25   | ՀԱՀ  |  Հասարակություն



 
Այս ընտրություններում ընտրական գործընթացի վերջին փուլը՝ քվերակության արդյունքները քիչ թե շատ հավաստի են։ Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը։ 
Ըստ նրա` 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրություններն ունեցան և դրական, և բացասական կողմեր: 
Ա. Կիրակոսյանի խոսքերով` դրական կողմերից մեկն այն էր, որ առաջին անգամ քվեատուփերից հանված քվեաթերթիկներն իրապես արտացոլում են քաղաքացիների ընտրությունը: 
«Առաջին անգամ ունեցանք մի հայելի, որը ցույց էր տալիս ընտրողների քվեները, որովհետև մինչ այս խնդիր է եղել այն մասով, որ լցոնումներ ու արձանագրությունների փոփոխություն է եղել»,- ասաց նա` հավելելով, որ անվստահության մթնոլորտն ընտրական գործընթացի և արդյունքների նկատմամբ դրսևորվել է դեռ 1995 թվականից: 
Արաբկիր համայնքում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի 11 հոգուց բաղկացած դիտորդական խումբն արձանագրել է, որ տեխնիկական սարքերն իրապես դրական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի վրա: 
Որպես մեկ այլ դրական գործոն` բանախոսը համարեց քվեարկության օրը դիտորդների և վստահված անձանց ակտիվ աշխատանքը, որը մասամբ ունեցել է նաև բացասական կողմ:  
Մասնավորապես, Ա. Կիրակոսյանը նշեց, որ տեղամասերի ներսում քաղաքացիների նկատմամբ ճնշում և ուղղորդում է եղել հենց կեղծ դիտորդների ու վստահված անձանց կողմից: 
Անդրադառնալով ընտրական գործընթացի բացասական կողմերին` «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահն ընդգծեց, որ քաղաքացիների նկատմամբ ճնշումն ու ուղղորդումը շարունակվել է մինչև քվեատուփ ու քվեախցիկ, ինչը լարված մթնոլորտ է առաջացրել: 
«Ինչքան էլ, որ զարմանալի է, բայց քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում կուսակցությունների ներսի քվեաթերթիկների վերադասավորության փորձեր են եղել»,- նշեց նա` ընդգծելով, որ հաշվարկի գործընթացը տեխնիկական պատճառներով բավականին երկար է տևել:  
Ա. Կիրակոսյանը նաև նկատեց, որ ընտրություններում հասարակության ակտիվ մասնակցությունը կարող է հիմք հանդիսանալ ժողովրրդավարության զարգացման համար։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play