«Ռուսական շուկան դաժան շուկա է, պետք է այլընտրանք գտնել».Գինեգործների միության նախագահ


«Ռուսական շուկան դաժան շուկա է, պետք է այլընտրանք գտնել».Գինեգործների միության նախագահ

  • 10-04-2017 14:34:18   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Կառավարության հերթական նախաձեռնությունը կարող է լարվածություն առաջացնել գինեգործության ոլորտում: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Lragir.am-ին ասաց, որ կառավարության ուշադրությունն այս փուլում սևեռված է խաղող արտադրողների վրա, փորձում է կանոնակարգել խաղողի մթերման և դրա դիմաց ժամանակին ու ամբողջությամբ վճարելու հարցը:

«Ուզում են ֆոնդեր ձևավորել, որպեսզի այդ ֆոնդերի շնորհիվ կարճաժամկետ 5-7 ամսվա վարկեր տան ոլորտի ընկերություններին՝ պայմանով, որ մթերված խաղողի գումարը 2-3 օրում պետք է վճարվի: Սա գյուղացիների համար շատ լավ է, բայց սա կբերի շատ մեծ լարվածության գինի արտադրողների մոտ, որովհետև, որպես կանոն, վերցրած վարկը հետ տալու համար ընկերություններին 1-2 տարի ժամանակ է պետք: Իսկ կառավարությունը ռեսուրս չունի 1-2 տարով այդ վարկերն ապահովելու, կստիպի, որ 6-7 ամիս հետո մարդիկ մարեն, և նորից լարվածություն կառաջանա այս անգամ արտադրողների մոտ»,- ասաց Ավագ Հարությունյանը:

Իսկ խնդրի լուծումը, մասնագետի խոսքով, երկարաժամկետ փողի մեջ է: Գինեգործության ոլորտում վարկերը պետք է տրամադրվեն գոնե 3 տարով: Բայց փողն, ըստ նրա, այսօր անհասանելի է ոլորտի ընկերությունների համար: Փող կա, բայց գրավ են ուզում, իսկ ոլորտի ընկերությունների մոտ ազատ գրավ գրեթե չկա: «Բոլորն ուժերի գերագույն լարվածությամբ են աշխատում և ռեսուրս չունեն՝ սպասարկելու այդ վարկը»,- ասաց նա:

Գինեգործության ու կոնյակագործության ոլորտի արտադրանքի արտահանման ծավալները շարունակում են աճել: Ըստ Ավագ Հարությունյանի՝ ներքին սպառումն առանձնապես չի փոփոխվել, բայց արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում աճել է մոտ 30 տոկոսով: Սա պայմանավորված է ռուսական շուկայի կայունության ամրապնդմամբ, բայց կայունացումը չի լուծում խնդիրները: Հիմնականում ռուսական շուկան է հայ գինեգործների հույսը, որտեղ արտահանման թվերն աճում են, բայց ապրանքի արժեքը՝ ոչ:

«Էժան սեգմենտը շատ կտրուկ մեծանում է: Գնի նվազում չկա նախորդ տարվա համեմատ, բայց աճ չկա, դա է խնդիրը: Գինեգործական ընկերությունների մոտ վատ վիճակը շարունակվում է: Հատկապես վիճակը ծանր է փոքր ընկերությունների մոտ: Եվ այս ծանր վիճակից ելնելով՝ իրենք ապրանքը էժան են տալիս»,- ասաց Ավագ Հարությունյանը: Սա բերում է նրան, որ փոքր ընկերություննեը չեն դիմանում մրցակցությանը:

Գինեգործության ոլորտում, մասնագետի տեղեկացմամբ, այս փուլում ապակենտրոնացում է տեղի ունենում՝ հարուստների հարստացում, թույլերի թուլացում: Կոնյակագործության ոլորտում նույն խնդիրը չկա, քանի որ ոլորտում հիմնականում խոշոր ընկերություններ են ներկայացված: Գինեգործական փոքր ընկերությունների մոտ, ըստ Ավագ Հարությունյանի, աճ չկա և մոտ ապագայում չի էլ նկատվի:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե Երևան-Մոսկվա ուղղությամբ երկաթուղային ու լաստանավային փոխադրումների սակագներն էապես նվազել են՝ Ավագ Հարությունյանն ասաց, որ սա փոքր քայլ է: Միայն ռուսական շուկայի հույսին մնացած գործարարի համար մեծ խնդիրը ռուսական ռուբլու արժեզրկումն է:

«Ռուսական շուկային այլընտրանք պետք է գտնել, որովհետև ռուսական շուկան ինքը հարուստների ու ուժեղների շուկա է, մեծ պահուստներ ունեցող արտադրողների ու էժան սեգմենտում դիմադրելու ունակություն ունեցողների շուկա է: Ռուսական շուկան դաժան շուկա է, պետք է այլընտրանք գտնել», ասաց նա:

Այլ շուկաներ փնտրելու գործընթացը դանդաղ է ընթանում և, Ավագ Հարությունյանի խոսքով, տարեկան մոտ 1 տոկոսի աճ կապահովի կամ չի ապահովի:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play