«Մանդատ» նշանակում է հանձնարարություն.Արամ Աբրահամյան


«Մանդատ» նշանակում է հանձնարարություն.Արամ Աբրահամյան

  • 13-04-2017 12:22:38   | Հայաստան  |  Վերլուծություն

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում:

Ինձ թվում է՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր նա շատ ավելի օգտակար բաներ կարող է անել: Բայց այն փաստարկները, որոնք այս՝ ավագանու ընտրություններին բերվում են Նիկոլի դեմ, որեւէ քննադատության չեն դիմանում: «Երեւանցի չլինելու» մեղադրանքն ընդհանրապես անհեթեթ է: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում «երեւանցի» բառը: Հավանաբար, ինչ-որ գավառական-քաղքենիական որակում է, որով ուղեղի երկուսուկես ծալք ունեցող «տղերքը» փորձում են ինքնահաստատվել: Երեւանը բոլոր հայերի մայրաքաղաքն է:

Նաեւ իմ՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ ծնողներս Երեւանում չեն ծնվել ու մեծացել, իսկ ես հիմա Երեւանում չեմ ապրում: Փաշինյանի դեմ հնչող երկրորդ նկատառումը՝ համայնք ղեկավարելու փորձ չունենալը, կարող է նշանակություն ունենալ միայն մասամբ: Ի վերջո, փորձ չունեցողը կարող է ճիշտ կազմակերպել փորձ ունեցող մարդկանց: Ենթադրում եմ, որ «Ելքը» ծանրակշիռ ներկայություն կունենա Երեւանի ավագանիում: Մի քանի մանդատ կունենա նաեւ «Երկիր Ծիրանին», քանի որ, ինչպես հայտնի է, այս դասավորության դեպքում «անցողիկ շեմ» չի լինի: Մնում է, որ այդ երեք ուժերը ակտիվորեն աշխատեն ավագանիում: Ընտրվել եւ մանդատները չվերցնել, ինչպես որ դա 2009 թվականին արեց «Կոնգրեսը», ինձ ճիշտ չի թվում: Որովհետեւ, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանիում, նույնիսկ փոքրամասնություն լինելով, կարելի է շատ բանի հասնել: Պարզապես մանդատը պետք է դիտել ոչ թե որպես քո անձնական արժանիքների գնահատական (դրա համար վաստակավոր եւ ժողովրդական արտիստի կոչումներ կան), այլ այդ բառի ուղիղ իմաստով: Չէ՞ որ mandatum լատիներենից թարգմանած նշանակում է հանձնարարություն, հրաման: Այսինքն՝ մարդը կատարում է իրեն խորհրդարան կամ ավագանի ուղարկած մարդկանց հանձնարարությունը: Այդպես էին 4-րդ գումարման Ազգային ժողովում աշխատում «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները: Այդպես էր «հեռացող» խորհրդարանում աշխատում ՀԱԿ խմբակցության մեծ մասը, ինչպես նաեւ` Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, ուրիշները: Այդպես է հիմա ավագանիում իր գործն անում Անահիտ Բախշյանը: Հիմա, նոր օրենքներով, խորհրդարանն ու ավագանին աշխատանքի ավելի լայն հնարավորություններ են ստեղծելու: Իսկ չմտածել այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը, այնքան էլ վատ չէ: Իմ փորձից գիտեմ:   

Արամ Աբրահամյան

aravot.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play