Պետական աշխատողների միջին աշխատավարձը նվազել է. «Հետք»


Պետական աշխատողների միջին աշխատավարձը նվազել է. «Հետք»

  • 01-05-2017 12:12:38   | Հայաստան  |  Տնտեսություն

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում 2017թ.  առաջին եռամսյակի երեք ամիսներին միջին ամսական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Եթե հունվարին այն եղել է 180 հազար, փետրվարին՝ 182 հազար, ապա մարտին` 187 հազար դրամ։ 
 
Սակայն, եթե միջին ամսական աշխատավարձը դիտարկենք ըստ պետական և ոչ պետական սեկտորի տվյալների, ապա կնկատենք, որ միջին ամսական աշխավարձի աճը ապահովվել է ոչ պետական հատվածի աշխատավարձի բարձրացման շնորհիվ, իսկ պետական համակարգում, ըստ պաշտոնական տվյալների, աշխատավարձը նվազել է։
 
Գծապատկերում ներկայացված տվյալները փաստում են, որ տարեսկզբին պետական սեկտորում աշխատավարձն աստիճանաբար նվազել է, իսկ պետական և մասնավոր հատվածի միջին աշխատավարձերը միջեւ տարբերությունը 60-70 հազար դրամ է։
 
Պետական աշխատավարձը ամենաշատը նվազել է հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 2%-ով։
 
Հանրապետությունում միջին աշխատավարձը ամենաբարձրը Սյունիքի մարզում է եղել. սա, ենթադրաբար, պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածությամբ: Սյունիքին հաջորդում է մայրաքաղաք Երևանը։ ԱՎԾ տվյալներով՝ հանրապետությունում ամենացածր աշխատավարձը Արագածոտնում է՝ 121 հազար դրամ։
 
Իսկ Երևան քաղաքում ամենաբարձր միջին աշխատավարձը գրանցվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 225 հազար դրամ, այդ ցուցանիշով նրան զիջում է անգամ Կենտրոն վարչական շրջանը։ Դիտարկելով հանրապետության քաղաքներում միջին աշխատավարձի տվյալները` պարզ է դառնում, որ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը Դիլիջանում է՝ 230 հազար դրամ։ 
 
 
Քարտեզում մարզերը նշված են ավելի բաց գույնով՝  ըստ աշխատավարձի նվազ չափի
 
Փետրվար ամսին Հայաստանում ամենաբարձր միջին աշխատավարձն արձանագրվել է տեղեկատվության և կապի, ապա ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում։ 
 
Իսկ այդ ամիս ամենացածր միջին աշխատավարձը ստացել են զվարճությունների և հանգստի ոլորտի աշխատակիցները։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play