Արփի Ղազարյանը՝ «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթող


Արփի Ղազարյանը՝ «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթող

  • 01-05-2017 15:53:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 1-ին հայտնի դարձան «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Մրցույթին՝ իր գեղանկարով, հաղթել է 7-ամյա Արփի Ղազարյանը, ով Երեւանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է: Երկրորդ մրցանակն ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլեւան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երեւանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանականեր է շնորհել մրցույթի երկու մասնակիցների՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն,) եւ Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երեւան,): 
 
Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին մրցանակներով եւ բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երեւանում: 
 
«Մրցույթին երեխաների մասնակցության թիվը շատ տպավորիչ էր: Մրցույթի միջոցով նրանք հնարավորություն ունեցան արժեւորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարեւոր գործ են անում, ոգեւորվեցին, - ասաց «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը, -  մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը եւ երեխայի ազնվությունը, ինչպես նաեւ աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին»:
 
Մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաեւ կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները: 
 
«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից եւ Ֆրանսիայից:
 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play