Արդյոք Գագիկ Ծառուկյանն է փորձել մանդատները բաշխել առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնության, թե՞ Սերժ Սարգսյանն է անակնկալ մատուցել Ծառուկյանին


Արդյոք Գագիկ Ծառուկյանն է փորձել մանդատները բաշխել առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնության, թե՞ Սերժ Սարգսյանն է անակնկալ մատուցել Ծառուկյանին

  • 04-05-2017 17:16:10   | Հայաստան  |  Վերլուծություն

Ծառուկյան դաշինքում ինքնաբացարկի աղմկոտ պատմությունը ստացվեց բավական զվարճալի, երբ ինքնաբացարկը վերածվեց ինքնաբավ «ցիրկի», այլ կերպ ասած կրկեսի, որի վերածելու հայրենիք իբրեւ թե չունեինք՝ ըստ Սերժ Սարգսյանի:
 
Պարզվեց, որ դեռեւս ունենք: Թեեւ, հայրենիք միշտ էլ ունենք, պետությունն է, որ չի ստացվում ոչ մի կերպ: Եթե ունենայինք պետություն, ապա չեինք ունենա ինքնաբավ «ցիրկի» այն տեսարանը, որով ուղեկցվում է Հայաստանի խորհրդարանի ձեւավորումը: Խորհրդարան, որը պետք է 2018 թվականի ապրիլից հետո ըստ Սահմանադրության լինի թիվ մեկ, բարձրագույն ներկայացուցչական օրգանը եւ վճռի ահռելի ներքին ու արտաքին մարահրավերներ ունեցող Հայաստանի ներկան ու ապագան:
Ինքնաբավ «ցիրկի» դրսեւորումից հետո հանրության մի զգալի մաս փորձում է հասկանալ, պարզել, նկատել, թե ո՞վ էր կանգնած այդ ամենի հետեւում՝ ո՞վ է այդ մարդկանց անունից ներկայացրել դիմումները մանդատից հրաժարվելու մասին, իսկ հետո ո՞վ է այդ մարդկանց հանել ոտքի եւ ուղարկել ԿԸՀ մանդատները պահանջելու:
Վարկածներն ու շահառուները տեսականում կարող են լինել շատ, բայց առաջանում է մի հարց՝ կարո՞ղ էին մարդիկ, որոնք փաստորեն ապստամբել են, գնալ Սերժ Սարգսյանի դեմ, որը գոնե մինչեւ 2018 թվականի ապրիլ ունի նախագահական բավական մեծ ուժ: Կամ Սարգսյանն արդեն իշխանություն չէ, կամ այդ մարդիկ չէին կարող ապստամբել առանց նրա հավանության, չէին գնա մի քայլի, որը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել Սարգսյանի դժգոհության տեսքով: Որովհետեւ նրանց քայլն ի վերջո նշանակում է իշխանության խաղաքարտի խառնում, քանի որ 2018-ի խնդիրը հանգուցալուծվելու է անկասկած ոչ միայն ՀՀԿ, եւ ոչ էլ ՀՀԿ-ՀՅԴ մեծամասնության շրջանակում:
Բայց, այդ դեպքում ո՞վ է խաբվածը, տուժածը: Արդյոք Գագիկ Ծառուկյանն է փորձել մանդատները բաշխել առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնության, գնալով նրա դեմ: Մի՞թե Ծառուկյանը կլիներ այդքան անզգույշ: Թե՞ Սերժ Սարգսյանն է անակնկալ մատուցել Ծառուկյանին՝ նրա հետ պայմանավորվել մի կազմ, իսկ հետո չի խանգարել, որ տեղի ունենա ապստամբությունը այլ կազմով:
Բայց ինչու՞ էր դա պետք Սարգսյանին: Որովհետեւ Ծառուկյանն այլեւս նրան պետք չէ որպես քաղաքական գործոն: Պարզապես Սարգսյանը նախընտրել է այս անգամ նրան քաղաքականությունից հեռացնել այլ կերպ, քան 2015 թվականի փետրվարին՝ ավելի դանդաղ, սահուն, բայց անվերադարձ:
Մանդատների պատմության գործնականում միակ տուժողը Գագիկ Ծառուկյանն է՝ բարոյահոգեբանորեն: Պարզվում է, որ նա՝ ամենակարող Ծառուկյանը, չի տիրապետում իր անվամբ դաշինքում իրավիճակին: 2015-ին Ծառուկյանը հեռացավ ի վերջո որպես նահատակ, որպես ուժի եւ անարդարության զոհ, եւ հետո նրա փաստարկը, թե չէր տանի անգամ որեւէ մեկի մատից արյուն հեղելու, ունեցավ հանրային ընդունելություն:
Երկրորդ անգամ եւ թերեւս ընդմիշտ քաղաքականությունից նրան հեռացնելու համար Սարգսյանին պետք էր տարբերակ, որի պարագայում Ծառուկյանն այլեւս չէր լինի «նահատակ», «անարդարության զոհ»՝ այդպիսով ունենալով բարոյահոգեբանական ռեաբիլիտացիայի հիանալի հիմք: Այս անգամ Սարգսյանը նրան գործնականում թողնում է դե յուրե քաղաքականության մեջ, բայց հասցնում է բարոյահոգեբանական հարված՝ մեծ հաշվով փակելով ռեաբիլիտացիայի ճանապարհը:
Իսկ հարվածն իսկապես ուժգին է՝ մարդ, որը հավակնում էր 15 կետով փրկել Հայաստանը, բերել 15 միլիարդ դոլար ներդրում, պարզվում է անկարող է գտնվել կառավարել նույնիսկ 15 թեկնածուի:
Միեւնույն ժամանակ, ներկայիս մեխանիզմն իհարկե Ծառուկյանին տալիս է հանգիստ հեռանալու հնարավորություն, առանց այսպես ասած շոկային տարրերի: Նա դեռեւս մի քանի տարի կլինի պատգամավոր, մաշելով իր քաղաքական առաքելությունը:
Ծառուկյանն այդ առաքելությունը գործնականում ավարտեց 2017 թվականին, փակելով իշխող համակարգում բուֆերի կամ անվտանգության բարձիկի դերը: 10 երկար տարի Ծառուկյանը ոչ միայն համակարգի համար ազնվորեն ապահովեց դժգոհ ընտազանգվածի կառավարում, այլ փաստորեն թույլ տվեց իրականացնել համակարգային տրանսֆորմացիայի առաջին փուլը: Այն ավարտվեց խորհրդարանի ընտրությամբ, գործնականում ստեղծելով նոր իրավիճակ, նոր կառուցվածք, որն էլ իր հերթին բերելու է նոր հարաբերությունների:
Իշխանության առաջ այլեւս նոր խնդիրներ են: «Անաղմուկ» ընտրության տեխնոլոգիան մշակվել է, այժմ առաջնահերթությունը «անաղմուկ համակեցության» տեխնոլոգիան է, որին հաջորդելու է երրորդ՝ թերեւս եզրափակիչ փուլը՝ «անաղմուկ իշխանափոխության»:
Դրա համար իշխանությանն անհրաժեշտ է այլեւս ոչ միայն բուֆեր կամ անվտանգության բարձիկ, այլ կայուն, քաղաքական-գաղափարական երկրորդ բեւեռ: Ծառուկյանն ակնհայտորեն չի բավարարում քաղաքական անհրաժեշտ «քաշային կատեգորիային»:
Նրա հեռացումը գործնականում սկսվեց քաղաքականություն «վերադարձով», երբ ԲՀԿ կուսակցական ձեւաչափի փոխարեն նա գնաց դաշինքային ձեւաչափի, որը գործնականում առավել դժվար կառավարելի կամ «դրսից» առավել հեշտ կառավարելի եւ հունցվելի ձեւաչափն է:
Մյուս նշանը Երեւանի քաղաքապետի ընտրությունը բաց թողնելն էր, երբ իշխանությունը ակնհայտորեն որեւէ կերպ չփորձեց նրան ներգրավել այդ ընտրությանը: Այդպիսով փորձարկվում էր «կյանքն առանց Ծառուկյան քաղաքական գործոնի», թե ինչի է ընդունակ ՀՀԿ-ն ընտրական գործընթացում առանց այդ բուֆերի:
Այժմ հաջորդում է արդեն եզրափակիչ հարվածը, որը խորհրդարանի գործունեության ընթացքում ամենայն հավանականությամբ կունենա նոր ալիքներ:
Ծառուկյանն ինքը թերեւս դեմ չէ հեռանալ: Քաղաքականությունը նրա համար ծանր բեռ է եւ նա արդեն երկրորդ անգամ ունի դրանում համոզվելու հնարավորություն: Սերժ Սարգսյանը նրան երկրորդ անգամ հեռացնում է ոչ միայն ռեաբիլիտացիայի հիմք թույլ չտալով, այլ գործնականում նաեւ Ծառուկյանին չդնելով ռեաբիլիտացվելու հոգեբանական անհրաժեշտության առաջ՝ Ծառուկյանին տրված է հեռանալու հինգ տարի ժամանակ:
Հարցն այն է, թե ինչ գնով է Ծառուկյանին տվել այդ հնարավորությունը Սարգսյանը:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play