Հայաստանի մարզերում այս տարի կիրականացվի մրցակցային<br /> իրավիճակի գնահատում<br />


Հայաստանի մարզերում այս տարի կիրականացվի մրցակցային
իրավիճակի գնահատում

  • 22-01-2010 19:04:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2010թ.-ին նախատեսում է հանրապետության մարզերում իրականացնել մրցակցային իրավիճակի գնահատում: Ինչպես հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նախկինում փորձել են մարզերում նման աշխատանքներ իրականացնել, սակայն ոչ լայնածավալ: «Այս անգամ փորձելու ենք լայնածավալ գործունեություն իրականացնել մազերում` հասկանալու, թե իրականում ինչպիսին է այնտեղ իրավիճակը»,- նշեց Դ.Հարությունյանը: Հանձնաժողովը, բացի բնականոն գործունեությունից, նախատեսում է ընթացիկ տարում ամրապնդել մեթոդաբանական բազան: «Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարմնի գործունեության հենքը, բացի օրենսդրությունից, մեթոդաբանությունն է, որով էլ պետք է ուղղորդվի: Այստեղ մենք բավական անելիքներ ունենք, մասնավորապես` ապրանքային շուկաների սահմանների որոշման մեթոդաբանությունն ավելի կատարելագործելու առումով»,- ընդգծեց Դ.Հարությունյանը: Հանձնաժողովը մեթոդական ցուցումներ պետք է մշակի նաեւ ՀՀ Ֆինանսների նախարարության հետ, որով որոշակի քայլեր կձեռնարկվեն պետական գնումների շուկայում: Դ.Հարությունյանը կարեւորեց նաեւ հանձնաժողովի կադրերի վերապատրաստման հարցը: Մրցակցային բնագավառի աշխատակիցները պետք է լինեն բարձրորակ կադրեր: Ծրագրեր կիրականացվեն անձնակազմի պրոֆեսիոնալ կարողությունները բարելավելու ուղղությամբ: Քանի որ շուկայի ուսումնասիրությունների ժամանակ հանձնաժողովի աշխատակազմը չի կարող պրոֆեսիոնալ գիտելիքներ ունենալ բոլոր ապրանքային շուկաների վերաբերյալ, հանձնաժողովը նախատեսում է ստեղծել նաեւ փորձագետների խմբեր ըստ ոլորտների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն