Մի խումբ ավտովարորդներ պահանջում են չվերանշանակել Վահան Մարտիրոսյանին նույն պաշտոնում (տեսանյութ)


Մի խումբ ավտովարորդներ պահանջում են չվերանշանակել Վահան Մարտիրոսյանին նույն պաշտոնում (տեսանյութ)

  • 18-05-2017 13:27:20   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մի խումբ ավտովարորդներ պահանջում են, որպեսզի  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չվերանշանակվի նույն պաշտոնում, քանի որ վերջինս չի ստեղծել խոստացված հասարակական խորհուրդը։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ 
Ըստ նրա՝ գործող ներկայիս նախարարը միտումնավոր չի ստեղծում հասարակական խորհուրդ, որպեսզի վարորդները չկարողանան իրենց խնդիրների և առաջարկների մասին բարձրաձայնել և տեղյակ պահել պատկան մարմիններին։ 
«Թե այս նախարարը, թե նրա նախորդները խուսափում են ստեղծել հասարակական խորհուրդ, որն օրենքով է ամրագրված, որպեսզի նախարարություններին կից գործող այդ կառույցներում ներգրաված լինեն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ, այլ ոչ թե միայն չինովնիկական խաղով օրենքներ մշակեն` հաշվի չառնելով մեր մտահոգություններն ու առաջարկությունները»,- ասաց Տ. Հովհաննիսյանը` հավելելով, որ վաղը նախատեսում են բողոքի ակցիա իրականացնել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) դիմաց:  
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահը դարձյալ անդրադարձավ դեղին համարանիշներով տաքսու վարորդների խնդիրներին և ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում ոլորտի նկատմամբ պատկան մարմինների կողմից դրսևորած անտարբեր դիրքորոշման արդյունքում այսօր հանրապետության տարածքում օրինական տաքսի ծառայություն գոյություն չունի: 
«Մայրաքաղաքում օրինականացված 10 տոկոս տաքսու վարորդները չեն վճարել իրենց պետական տուրքերը և, մեղադրելով նախարարությանը հերթական անգամ խաբելու մեջ, պահանջում են, որպեսզի այդ գումարների նկատմամբ համաներում տրվի»,- ասաց նա: 
Լիգայի անդամ, տաքսու  վարորդ Վահե Պետրոսյանը վստահեցրեց, որ բոլոր տաքսու վարորդներն էլ դժգոհ են ոլորտում տիրող ներկայիս վիճակից, ինչպես նաև ոլորտին վերաբերող օրենքներից:  
Տ. Հովհաննիսյանը դիմելով բոլոր ավտովարորդներին` կոչ արեց միանալ իրենց և պահանջել, որպեսզի Վ. Մարտիրոսյանը չվերանշնակվի և ստեղծվի հասարակական խորհուրդ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play