Դավադրությո՞ւն ընդդեմ Սամվել Կարապետյանի…


Դավադրությո՞ւն ընդդեմ Սամվել Կարապետյանի…

  • 19-05-2017 12:51:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Դժվար է միանշանակ ասել` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲ ընկերությունում ոմանք իրենց վատ աշխատանքով, սպառողների համբերությունը չարաշահելով, միտումնավո՞ր են գործում ընկերության սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի դեմ, թե առանց որևէ միտումի, բայց արդյունքը կամ հետևանքը նույնն է ստացվում:
Վերջերս մեր հրապարակումներից մեկով` «Հիմա շատ կարևոր է, թե ինչ հետևություններ կանի Սամվել Կարապետյանը. Իսկ եթե Սիրանույշ Եղիազարյանը կաշառք տար ՀԷՑ-ի համապատասխան պաշտոնյային կամ…» անդրադարձել էինք ՀԷՑ-ի, մեղմ ասած, անբարեխիղճ և անպատասխանատու աշխատանքին: Ընկերության այս գործելակերպը, ցավոք, միայն նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու հարցում չի արտահայտվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, դատելով ամենից, կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ցանցում վիճակը կարգավորել, քանի որ էլեկտրամատակարարման թե՛ պլանային, թե՛ արտապլանային, այսինքն` վթարային, չնախատեսված ընդհատումները, որոնք, մեղծ ասած, լուրջ անհարմարություններ են պատճառում սպառողներին, չափազանց հաճախ են կրկնվում: Եթե Երևանում էլեկտրամատակարարման ընդհատումներն այսքան շատ են, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ խայտառակ վիճակ է մարզերում…
Երևանի, օրինակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ավելի որոշակի` Կ. Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու շենքերում էլեկտրամատակարարումն այս տարի արդեն մի քանի անգամ արտապլանային (չնախատեսված) ու պլանային կարգով ընդհատվել է: Օրինակ, նշված փակուղու 2-րդ շենքում (բազմաբնակարան) մի քանի ընդհատում եղել է մինչև ս. թ. մարտ ամիսը: Մարտի 10-ին, ժամը 12:40-ի կողմ նշված շենքի էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատում է կատարվել, որը տևել է մոտ 1 ժամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պատճառաբանությունը հետևյալն է եղել` թիվ 552 ենթակայանում թերություն է եղել, թերություն են հայտնաբերել, աշխատել են:
Մարտի 31-ին էլեկտրամատակարարումը նույն շենքում դարձյալ արտապլանային կարգով ընդհատվել է: Այստեղ սպառողները ժամը մոտ 11-ից մինչև 14:00-ի կողմ, այսինքն` մոտ 3 ժամ, զրկված են եղել էլեկտրաէներգիայից: Նույն օրը երեկոյան, ժամը 21:30-ի կողմ էլեկտրամատակարարումը դարձյալ նույն հասցեում չնախատեսված կերպով ընդհատվել է, այս անգամ` 2-3 րոպե: Դարձյալ նույն շենքը 2017թ. ապրիլի 26-ին, ժամը 12:15-ին արտապլանային կարգով հոսանքազրկվել է 15 րոպե:
2017թ. մայիսի 10-ին, ժամը 11:00-17:00-ը, ի թիվս երևանյան այլ հասցեների, այս տարվա ընթացքում պլանային կարգով ոչ առաջին անգամ ընդհատվել է նաև Կ. Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու 2-րդ, 2Ա, 2-րդ փակուղու 1-ին, 1Ա, 2, 3, 4, 5, 6-րդ, 3-րդ փակուղու 5-րդ շենքերի էլեկտրամատակարարումը:
Վերոնշյալ հոսանքազրկման կապակցությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կայքում հրապարակված պաշտոնական պատճառաբանությունը եղել է հետևյալը` «պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար…»:
Ի՞նչ, հետագայում վթարներից խուսափե՞լ… Հենց հաջորդ օրը` մայիսի 11-ին, ժամը 11:58-ից Կ. Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու 2-րդ շենքը վթարի հետևանքով դարձյալ հոսանքազրկվել է մինչև ժամը 17-ի կողմ,, բնականաբար, առաջացնելով այն հարցը, որ եթե նախօրեին էլեկտրամատակարարման պլանային ու տևական ընդհատումը պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով էր ու հետագայում վթարներից խուսափելու համար, ապա հաջորդ նույն շենքի էլեկտրամատակարարումը ժամեր շարունակ ինչո՞ւ է նորից ընդհատվել այս անգամ արդեն արտապլանային կարգով (վթարի պատճառով):
Երբ նույն օրը հիշյալ շենքի բնակիչներից մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կայքից պատահաբար իմացել է, որ հաջորդ օրը` մայիսի 12-ին, ժամը 11:00-ից մինչև 17:00-ը տվյալ հասցեի էլեկտրամատակարարումը դարձյալ պլանային կարգով ընդհատվելու է, արդեն այն տպավորությունն է առաջացել, որ վերոնշյալ ընկերությունը չարաշահում է իրենց համբերությունը, սպառողների նկատմամբ ընդհանրապես հարգանք չունի կամ էլ չի տիրապետում իրավիճակին, այսինքն` ցանցը ձեռքից գնացել է:
Ընդգծենք, որ «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի (ԷՄՕԿ) 27-րդ կետի համաձայն, օրինակ, բազմաբնակարան շենքերի, էլեկտրամատակարարման պլանային ընդհատումը յուրաքանչյուր անգամ չի կարող գերազանցել 6 ժամը, և մայիսի 10-ին և 12-ին Կ. Ուլնեցի փողոցի 1-ին փակուղու 2-րդ շենքի էլեկտրամատակարարման ընդհատումն ընկերությունը նախատեսել կամ սահմանել է թույլատրելի առավելագույն ժամանակահատվածով: Պարզ հաշվարկը վկայում է, որ ս. թ. միայն մարտ, ապրիլ ամիսների և մայիսի անցած օրերի ընթացքում նշված հասցեի էլեկտրամատակարարման պլանային և արտապլանային թվով առնվազն յոթ ընդհատումների գումարային տևողությունը կազմել է արդեն ավելի քան 19 ժամ` այն դեպքում, երբ ԷՄՕԿ-ի 28.1 կետի համաձայն, քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում գտնվող բազմաբնակարան շենքերի, մասնավոր տնատիրությունների և այլ սպառողների համար պլանային և արտապլանային ընդհատումների գումարային տևողությունը տարեկան կտրվածքով չպետք է գերազանցի 24 ժամը:
Հիմա անդրադառնանք այս ամենի առնչությամբ հիշյալ ընկերության Բաժանորդների պասարկման տեղեկատվական կենտրոնից տրված ու չտրված պատասխաններին: Մայիսի 10-ին վերոնշյալ շենքի էլեկտրամատակարարման ընդհատման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կենտրոնի 180 շուրջօրյա հեռախոսահամարին նույն օրը ժամը 20-ի կողմ կատարված բազմաթիվ զանգերն ապարդյուն են եղել, ընդհանրապես զանգ չի գնացել: Բջջային հեռախոսով նույնպես չի հաջողվել նշված հեռախոսահամարին զանգ կատարել: Մայիսի 11-ին, ժամը 17-ից հետո 180 հեռախոսահամարով նույնպես չի հաջողվել կապ հաստատել հիշյալ կենտրոնի հետ, ավտոմատ պատասխանողն ավելի քան տասներեքուկես րոպե շարունալ պատասխանել է` «Ներողություն, բոլոր օպերատորները զբաղված են, խնդրում ենք սպասել կամ զանգահարել ավելի ուշ»:
Ընդգծենք, որ 180-ը կենտրոնի միակ հեռախոսահամարն է, նույն հեռախոսահամարը մեկ այլ տարբերակով` 080000180 (վերջում դարձյալ 180), նախատեսված է հանրապետության մարզերից զանգեր ընդունելու համար: Դժվար է ասել` կենտրոնի աշխատակցուհիները (օպերատորները) այդ պահին իսկապե՞ս զբաղված են եղել, թե՞ սուրճ խմելիս են եղել կամ մասամբ արդեն տուն գնացած (չնայած ծառայության շուրջօրյա լինելուն) ու գործընկերուհիների աշխատանքը դրանով իսկ ծանրաբեռնած, բայց փաստն այն է, որ այդքան երկար ժամանակ ու նույն օրը դրանից հետո էլ կապ հաստատել չի հաջողվել:
Վերը նշվածի առումով առկա է նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, մեղմ ասած, թերացումը, որի կողմից եթե սահմանված լիներ էլեկտրաէներգիայի մատակարարի կողմից շուրջօրյա հեռախոսային ծառայության ստացած յուրաքանչյուր զանգն ընդունելու առավելագույն ժամանակ, որը, կարծում ենք, չպետք է գերազանցի 2 րոպեն, ընկերության աշխատակիցներն այսպես չէին վարվի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այսպիսի կարգավորման առկայությունը ընկերությանը կպարտադրեր համապատասխան քանակի օպերատորներ ունենալ` հիշյալ կենտրոն զանգահարողների ժամանակը հարգելու և նրանց, ասենք, 13 րոպե չսպասեցնելու համար: 
2011թ. մայիսի 12-ին ընկերության 180 հեռախոսահամարով վերջապես հաջողվել է կապ հաստատել հիշյալ կենտրոնի հետ: Վերջինիս թիվ 201 օպերատորը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել, թե մայիսի 11-ին նշված հասցեի շենքն ինչու է հոսանքազրկվել` պատճառաբանելով, թե իրենք տեղեկատվությունը տրամադրում են միայն օրվա կտրվածքով: Օպերատորն այսպիսով անտեսել է, որ էլեկտրական էներգիայի մատակարարման (մատակարար-սպառող (բնակիչ)) պայմանագրի 2.2 կետի համաձայն, մատակարարը պարտավոր է շուրջօրյա գործող հեռախոսահամարով դիմելու դեպքում սպառողին տրամադրել համապատասխան տեղեկատվություն կամ պարզաբանում վերջինիս դիմում-բողոքի և հարցադրումների, ներառյալ` «էլեկտրամատակարարման ընդհատումների, դադարեցումների պատճառների և վերականգնման ժամկետների վերաբերյալ»:
Ավելին. նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն, մատակարարը պարտավոր է նաև «ԷՄՕԿ-ի 75-րդ կետով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել սպառողի բանավոր դիմումին` բանավոր», իսկ 76-րդ կետի համաձայն, «պարտավոր է սպառիչ պատասխան տալ դիմումին` հանգամանորեն ներկայացնելով դրա առնչությամբ գործող օրենսդրական դաշտը, սպառողի կամ Դիմող անձի իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն վերջինիս` ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ»: Թիվ 201 օպերատորն անտեսել է նաև, որ ԷՄՕԿ-ի 26-րդ կետի համաձայն, «Էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատման և վերականգնման ժամկետների մասին տեղեկատվությունը մատակարարը պարտավոր է սպառողին տրամադրել սույն կանոնների 74-րդ կետով նախատեսված շուրջօրյա հեռախոսային ծառայության միջոցով»:
«Երբ որ հոսանքազրկվում եք, ես կխնդրեմ, որ դուք զանգահարեք տվյալ պահին»,- ասել է օպերատորը և անակնկալի եկել այն հակադարձումից հետո, որ, այո, բայց պետք է էլեկտրաէներգիա լինի, որպեսզի հնարավոր լինի զանգահարել, քանի որ այժմ շատ հեռախոսներ աշխատում են էլեկտրաէներգիայով:
Փաստորեն, ԷՄՕԿ-ի 74-րդ կետով սահմանված մատակարարի պարտավորությունը` «ապահովել շուրջօրյա հեռախոսակապ, որպեսզի սպառողները կարողանան հաղորդել տեղեկատվություն կամ ստանալ պարզաբանումներ իրենց դիմումների` ներառյալ էլեկտրամատակարարման դադարեցումների, դրանց պատճառների և վերականգնման ժամկետների, սպառված էլեկտրաէներգիայի արժեքի և քանակության, վճարման ժամկետների, մատակարարի և սպառողի իրավունքների ու պարտականությունների և այլնի վերաբերյալ», էլեկտրամատսկարարման ընդհատման դեպքում շատ սպառողների համար դառնում է ձևական:
Այս առումով նույնպես երևակվում է Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովի խայտառակ թերացումը, անգործությունը, որն առ այսօր նշված ընկերությանն ԷՄՕԿ-ով չի պարտավորեցրել ունենալ շարժական կապի երեք օպերատորների մի շարք հեռախոսահամարներ, որոնք բաժանորդներին թույլ կտան նման դեպքերում չզրկվել ընկերության բաժանորդների պասարկման տեղեկատվական կենտրոնի հետ կապի հնարավորությունից:
Նշենք, որ կապի երեք օպերատորների հեռախոսահամարներով մեկական հեռախոս և ամսվա ընթացքում զանգեր ստանալու հնարավորություն ունենալու համար ընկերությունից պահանջվում է ընդամենը մոտ 2000 դրամ: Եթե այդ թիվը բազմապատկենք նույնիսկ 10-ով` յուրաքանչյուր օպերատորի 10 գործող հեռախոսահամար ունենալու համար, ապա ամսական շուրջ 20 000 դրամը ՀԷՑ-ի համար նույնպես չնչին գումար է, մինչդեռ դրանից հետո հոսանքազրկված բաժանորդների մեծամասնությունը հնարավորություն կստանա նման դեպքերում բջջային հեռախոսից անվճար զանգ կատարել կենտրոնի բջջային այս կամ այն հեռախոսահամարին:
Մայիսի 12-ին հիշյալ կենտրոնի մեկ այլ օպերատոր, որը ներկայացել է Մարգարիտա անունով, ի տարբերություն իր գործընկերուհու` օպերատոր 201-ի, տեղեկատվություն տրամադրել է, թե հիշյալ հասցեի շենքը նախորդ օրը` մայիսի 11-ին, ինչու է հոսանքազրկվել, սակայն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն` իբր թե հոսանքազրկումը կատարվել է պլանային, մոնտաժային աշխատանքների համար: Իսկապես ժամանակն է, որ ՀԷՑ-ի սեփականատերը և ղեկավարությունը լրջորեն մտածեն, թե ինչ է կատարվում ընկերությունում:
Մարտի 24-ին, ժամը 11:30-ից մինչև 18-ի կողմ էլեկտրաէներգիայի անջատում է կատարվել Էրեբունի- 32 հասցեում, հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսվել է, սակայն մի քանի ժամ հետո սպառողները դարձյալ հոսանքազրկվել են:
Մարտի 31-ին վաղ առավոտից նշված հասցեի բնակիչները դարձյալ հոսանքազրկվել են, նրանցից ոմանց մոտ արդեն նույնիսկ այն տպավորությունն է առաջացել, որ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումները վերսկսվել են:
Մայիսի 11-ին թե 12-ին երկու անգամ արտապլանային կարգով ընդհատվել է Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 46 շենքի էլեկտրամատակարարումը: Վերջին միայն մեկ շաբաթում մայրաքաղաքի եթե ոչ հազարից ավելի, ապա հաստատապես հարյուրավոր հասցեներ պլանային և արտապլանային կարգով հոսանքազրկվել են: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարտավոր է ժամանակին ու բավարար ներդրումներ կատարել համակարգում, որպեսզի հաճախակի չառաջանան տարբեր թերություններ, վթարներ, ու դրանց վերացման համար էլեկտրաէներգիայի չնախատեսված անջատումներ չկատարվեն: Անթույլատրելի է, երբ էլեկտրաէներգիայի արտապլանային ընդհատումներն այսքան շատ են կատարվում: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play