Էդվարդ Նալբանդյան. «Սահմանադրական դատարանի որոշումը<br /> համահունչ է Հայաստանի նախագահի հայտարարություններին»<br />


Էդվարդ Նալբանդյան. «Սահմանադրական դատարանի որոշումը
համահունչ է Հայաստանի նախագահի հայտարարություններին»

  • 18-01-2010 20:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է թե' Հայաստանում, թե' Սփյուռքի հայկական խոշոր գաղթօջախներում, եւ թե հայ ժողովրդին ուղղված ուղերձում ՀՀ նախագահի արած հայտարարություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անհեթեթ համարելով պնդումը, թե ՍԴ-ի որոշումն ընդունվել է արձանագրություններին դեմ հանդես եկող որոշ քաղաքական ուժերի ճնշման ներքո: Ի պատասխան այն հարցի, թե Թուրքիայի կողմից նկատելի՞ է միտում ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը մինչեւ ապրիլ եւ հետո, նախարարն ասել է. «Չեմ կարծում, որ կարելի է բաժանել այդպես` մինչեւ ապրիլ եւ ապրիլից հետո: Վստահ եմ, Թուրքիայում էլ գիտակցում են, որ 2010թ.-ի ապրիլը աշխարհի վերջին ապրիլը չէ»: «Եթե Թուրքիան հետքայլ անի, ապա դա կլինի խախտում ոչ միայն Հայաստանի հետ պայմանավորվածությունների, այլեւ ակնհայտ կդառնա, որ Թուրքիան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում միջազգային հանրության հանդեպ եւ առավել կորցնելու է իր հանդեպ վստահությունը` համապատասխան այլ հետեւանքներով: Իսկ Հայաստանն առնվազն չի կորցնի որեւէ բան, որ մենք ունեինք այս գործընթացից առաջ»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, Թուրքիայի ղեկավարության հետ Հայաստանը քննարկել է միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրներ. «Որեւէ այլ խնդիր օրակարգում չկա»,- նշել է Է.Նալբանդյանը` վերահաստատելով Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ Հայաստանը Ցեղասպանության իրողությունը եւ միջազգային ճանաչման կարեւորությունը կասկածի տակ չի դրել, չի դնում եւ չի դնի երբեւէ: Արտգործնախարարն ընդգծել է, որ ինքը չի տեսնում Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գծից որեւէ շրջադարձ կամ փոփոխություն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play