Պարզաբանում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ տարածված հայտարարության կապակցությամբ


Պարզաբանում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ տարածված հայտարարության կապակցությամբ

  • 22-05-2017 18:00:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օրերս մեր գործընկերները  հայտարարություն էին տարածել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության վերաբերյալ: Հաշվի առնելով 2017թ. Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման և հետընտրական վեճերի գործընթացում մեր ներգրավվածությամբ պայմանավորված քաղաքացիների, այդ թվում` մեր դիտորդների ընտրական իրավունքի պաշտպանության առավել մեծ հանրային կարևորությունը` ԻԵՄ-ը հետաձգել է վերոհիշյալ հայտարարությանն իր արձագանքը: Հայտարարության կապակցությամբ այժմ տալիս ենք հետևյալ պարզաբանումը:
 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ստեղծվել է 2013թ. նախագահական ընտրություններին «Իրավունքի Եվրոպա միավորում» (ԻԵՄ) հասարակական կազմակերպության կողմից մշակված և կիրառված`ընտրական գործընթացը դիտարկելու մեթոդաբանության կիրառման արդյունքում` 2013թ. Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչից հետո Նախաձեռնությունը դիտարկել է բոլոր կարևոր ընտրական գործընթացները:
 
Նախաձեռնությանը սկզբնապես մասնակցում էին չորս հասարակական կազմակերպություններ` «Իրավունքի Եվրոպա միավորումը», «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը: Սակայն այս չորսը Նախաձեռնության միակ մասնակիցները չէին: Նախաձեռնության մեկնարկի և նախնական գործունեության փուլում մեծ դեր խաղացին մի խումբ հայրենադարձ հայեր, որոնք մարդկային և ֆինանսական մեծ ներդրում ունեցան և իրենց ջանքերը մեկտեղեցին չորս կազմակերպությունների հետ վերոհիշյալ ընտրությունների վերահսկողությունը նախապատրաստելու և իրականացնելու հարցում: Այսպիսով` իր մեկնարկից ի վեր Նախաձեռնությունը ստեղծվել է որպես հարթակ` քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ջանքերը և ռեսուրսը մոբիլիզացնելու նպատակով:
 
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսպիսով մի հարթակ է, որին ուղղված կազմակերպությունների և անհատների ջանքերը չեն ձևավորում սեփականության իրավունք դրա նկատմամբ: Նախաձեռնությունը բաց հարթակ է բոլոր կարող միավորների համար, չի պատկանում ոչ մեկին և միաժամանակ պատկանում է բոլոր նրանց, ովքեր կիսում են Նախաձեռնության նպատակները և տեսլականը:Այն այսօր էլ շարունակում է բաց մնալ յուրաքանչյուր կազմակերպության և անհատի համար, ով պատրաստ է ներդրում ունենալ ընտրական իրավունքի պաշտպանության գործին՝ Նախաձեռնության սկզբունքների և մեթոդաբանության պահպանմամբ:  
 
Տարբեր ժամանակներում տարբեր թվով կազմակերպություններ և անհատներ ներգրավված են եղել Նախաձեռնության գործողություններում: Օրինակ` 2015 թվականի Հանրաքվեի ժամանակ Նախաձեռնությանը մասնակցել է 28 կազմակերպություն: Իսկ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին նախաձեռնության շրջանակներում աշխատել են երեք կազմակերպություններ: Բացի այդ կազմակերպություններից, Նախաձեռնության գործունեությանը խիստ կարևոր մասնակցություն են ունեցել մի խումբ սփյուռքահայեր, այդ թվում` արվեստի ոլորտի հեղինակություններ, որոնք խորհրդարանական ընտրությունների վերահսկողությունը վերածել են իրապես համազգային մակարդակի նախաձեռնության:
 
Չնայած 2017թ. Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն էին սկզբնապես հայտնել «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնել հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ները, այդ գործունեությունն ի վերջո իրականացրեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը՝ համեստ ռեսուրսներով: Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ իրենք չեն մասնակցելու Երևանի ավագանու ընտրությունների դիտարկմանը, որից հետո ԻԵՄ-ը շարունակել է հանրային շահի սպասարկումը և դիտորդական առաքելություն է իրականացրել նաև խորհրդարանական ընտրություններից հետո:   
 
Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելիս ԻԵՄ-ը հավատարիմ է մնացել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության սկզբունքներին և մեթոդաբանությանը: Ինչ վերաբերում է նախաձեռնության անունը գործածելուն, ապա կազմակերպությունը մշտապես հայտարարել է, որ դիտորդական առաքելությունն իրականացնողը «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունն է՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, ինչը միանգամայն բավարար էր, որպեսզի հանրությունը չապակողմնորոշվեր այն հարցում, թե դիտորդություն իրականացնողը որ կազմակերպությունն է: Իսկ Նախաձեռնության գործիքների (կայք, էլեկտրոնային փոստ և սոցիալական ցանցերի էջեր) օգտագործման անհրաժեշտությունը պայմանավորված էր դիտորդական առաքելության հանրայնացման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, ինչի համար և ստեղծվել են այդ միջոցները: Բացի դրանից՝ ԻԵՄ-ը  մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ է ներդրել այդ գործիքների ստեղծման և զարգացման համար, ինչի միակ նպատակն ու շարժառիթը եղել է հանրային շահի սպասարկման մակարդակի բարձրացումը:Դրանք նախատեսված են եղել ոչ միայն 2017թ. խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար, ինչին մեր գործընկերները քաջատեղյակ են եղել, և այդ հարցի կապակցությամբ ունեցել ենք փոխադարձ համաձայնություն:  
 
Կազմակերպության դիտորդների ջանքերը նպաստել են Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությանը ավելի քան 30 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչի արդյունքում կանխվել և արձանագրվել են բազում ընտրախախտումներ (76 հաղորդումներ 231 խախտումների վերաբերյալ), այդ թվում` վերահսկվող քվեարկություն, քվեարկության գաղտնիության խախտում, կեղծ դիտորդների գործունեություն, ոստիկանության կողմից ապօրինի միջամտություն, ընտրակաշառքի բաժանման դեպքեր: Եթե չլինեին «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ջանքերը հանրությունը զրկված կլիներ այդ տեղամասերում «հանրային հսկիչների» ներկայությունից:  Այդ խախտումների բողոքարկման գործընթացին էլ ներկայումս ուղղված են կազմակերպության ջանքերը: 
 
«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը շարունակելու է կատարել իր առաքելությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում՝ հրավիրելով բոլոր պատրաստակամ կազմակերպություններին և անհատներին մեկտեղել ջանքերը հանրային շահի սպասարկման ուղղությամբ: 
 
«Իրավունքի Եվրոպա միավորում»
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play