Հայկական գյուղմթերքը կհասնի էմիրաթական շուկա. Սուրեն Կարայան


Հայկական գյուղմթերքը կհասնի էմիրաթական շուկա. Սուրեն Կարայան

  • 05-06-2017 17:13:33   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Ջանֆիդա Ագրի Հոլդինգ ՓԲԸ տնօրեն Նորայր Աղայանը հունիսի 5-ին հուշագիր են ստորագրել: Փաստաթղթի նպատակը Հայաստանում արտադրվող գյուղմթերքի և այլ արտադրատեսակների արտահանումը և իրացումն է Մերձավոր Արևելքի շուկաներում, ինչպես նաև «հայկական արտադրանք» ապրանքանիշի ներկայացումը և առաջմղումը: 
 
Նախարար Կարայանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է, թե ինչ գործիքակազմով նախարարությունը կարող է աջակցել արտահանմանը: 
«Արտահանումը կարելի է իրականացնել՝ օգտվելով պետության կողմից տրամադրվող արտահանման ապահովագրությունից, ինչպես նաև հնարավորություն կտանք այն ընկերություններին և ֆերմերներին, որոնք կմատակարարեն գյուղմթերքը, օգտվելու նախաարտահանման ապահովագրությունից»,- նշել է Սուրեն Կարայանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել լոգիստիկ-տրանսպորտային ընկերություններրի հետ, որոնք կարող են նվազագույն արժեքով փոխադրումներ իրականացնել դեպի Ծոցի երկրներ: Քննարկվել է նաև բեռնատար ինքնաթիռների միջոցով մթերքի փոխադրման հնարավորությունը: «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ծրագրում են 2017 թվականին առնվազն 500-600 տոննա գյուղմթերք արտահանել Ծոցի երկրների շուկաներ: 
«Ջանֆիդա Ագրի Հոլդինգ-ի տնօրեն Նորայր Աղայանը նշել է, որ տեղական որակյալ գյուղմթերքի համար լավ հնավարություններ կան՝ իրացվելու ԱՄԷ շուկայում:«Վստահ ենք, որ այս հուշագրով կարող ենք հասնել առկա խնդիրների ամբողջական լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով տեղական արտադրողի մուտքը դեպի նոր շուկա: Էմիրաթցի սպառողին հատկապես հետաքրքիր է ծնեբեկը, մրգերը՝ ծիրան, սալոր, դեղձ, կեռաս, ինչպես նաև բանջարեղենը՝ սեխ, ձմերուկ, քաղցր եգիպտացորեն: Մենք ունենք Էմիրություններ արտահանման փորձ, և այն կօգնի ապահովել իրենց չափանիշներին համապատասխանող որակյալ արտադրանքի իրացումը ԱՄԷ-ում և Ծոցի երկրներում»,- ասել է Նորայր Աղայանը: 
Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաև արտահանվող մթերքի փաթեթավորման խնդիրներին՝ դիտարկելով արաբական շուկայի պահանջներին համապատասխանող փաթեթավորման ապահովման տարբերակները: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play