Ծխելու արգելքը հասարակ ժողովրդին հարստահարելու ևս մեկ միջոց է. հասարակական գործիչներ (տեսանյութ)


Ծխելու արգելքը հասարակ ժողովրդին հարստահարելու ևս մեկ միջոց է. հասարակական գործիչներ (տեսանյութ)

  • 09-06-2017 14:36:14   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մի շարք հասարակական գործիչներ գտնում են, որ ծխելու արգելքը հասարակ ժողովրդին հարստահարելու ևս մեկ միջոց է, որի նպատակը ոչ թե մարդկանց առողջությունը պահպանելն է, այլ այդ տարբերակով գումարներ շորթելը։ 
Ըստ իրավապաշտպան, հասարակական գործիչ և  հաղորդավար Հայկազ Մակարյանի կարծիքով՝  ծխելու դեմ պայքարելը լավ նախաձեռնություն է, բայց ոչ այն տարբերակով, որով առաջարկում են պատկան մարմինները: 
Նրա խոսքերով` ծխողների նկատմամբ տույժ-տուգանք կիրառելը հոգեբանական և բարոյական մեծ ճնշում է, որն անթույլատրելի է: 
«Այնպիսի տպավորություն է, կարծես մեր երկրի օրենսդիր պալատի կայացրած որոշումներն Աստծո պատվիրաների նման անժխտելի է ու ճիշտ, մինչեռ պրակտիկան ցույց է տալիս, որ նմանատիպ բազմաթիվ նախաձեռնություններ չեն ծառայել նպատակին»,- ասաց Հ. Մակարյանը` հավելելով, որ ծխելու արգելքի մասին օրենքի մշակումը և ընդունումը չի խթանելու ծխողների թվի կրճատմանը: 
Անդրադառնալով հասարակական վայրերում ծխելու համար սահմանվելիք տուգանքների չափին ինչպես անհատների, այնպես էլ տնտեսվարողների դեպքում` իրավապաշտպանը շեշտեց, որ դրանք պարզապես անտրամաբանական են ու նվաստացուցիչ:
Բանախոսն առաջարկում է պատկան մարմիններին ծխելու դեմ պայքարել այլ տարբերակով, ինչպես օրինակ ծխողների համար ստեղծել հատուկ տարածքներ, նաև սեմինարների համար նախատեսված կենտրոններ, որտեղ հոգեբանները կաշխատեն ծխողների հետ, և այս ամբողջ գործընթացում ներգրավվել մշակութային և հասարակական գործիչների:
Իրավաբան, իրավապաշտպան, իրավախորհրդատու, գրող-հրապարակախոս, բանաստեղծ, հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանի գնահատմամբ` ծխելու արգելքը նյութական շահույթ հետապնդող օրենքի նախագիծ է, որի նպատակն է քաղաքացիներին ևս մեկ անգամ տուգանային դաշտ բերել: 
Նրա համոզմամբ` պատկան մարմինները նման օրենքի նախագծեր մշակելիս պետք է հաշվի առնեն ոչ միայն հասարակության կարծիքը, այլև խնդիրների անդրադառնալու առաջնահերթության սկզբունքը:
Է. Մարկոսյանի պնդմամբ` ծխողների խնդրին անդրադառնալուց առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը նախ պետք է լուծեր ալկոհոլային խմիչքներ օգտագործողների հարցը, որը նրա վստահեցմամբ` շատ ավելի կարևոր է, քանի որ ալկոհոլային խմիչքների չարաշահումը հանգեցնում է ոչ միայն տվյալ անձի, այլև շրջապատի առողջության վտանգմանը:
«Ես կարող եմ փաստացի ապացուցել, որ այս նախագիծն ինքն իրենով կոռուպցիոն ռիսկեր է պարունակում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ տնտեսվարողների համար, ինչպես նաև իր մեջ պարունակում է դաշտը մոնոպոլիզացնելու նպատակ. Պատկերացրեք իրար կողքի գործում է երկու սրճարան, մեկը մյուսին վատություն անելու համար որևէ քաղաքացու ուղարկում է հարևան սրճարան ծխելու, որպեսզի տնտեսվարողը տուգանվի, ամսվա մեջ երկու երեք անգամ նման մարդ ուղարկվի սրճարան, տվյալ տնտեսվարողը կսննկանա ու չի կարողանա աշխատել, կամ մեր երկրում հաստատ կգտնվեն արտոնյալ սրճարաններ, ռեստորաններ ու հյուրանոցներ,  որտեղ կթույլատրվի ծխելը, արդյունքում ծխողները կսկսեն հաճախել այն վայրեր, որտեղ ծխելն արգելված չէ, սա էլ կհանգեցնի նրան, որ փոքր ու միջին տնտեսվարողը ենթարկվում է մեծ հարվածի»,- նշեց նա` հավելելով, որ կարելի է ծխելու համար մարդկանց կարգապահական տույժերի ենթարկել, ոչ թե խոշոր գումարներով տուգանել: 
Լրագրող Արթուր Հայրապետյանն էլ փոխանցեց, որ ծխելու արգելքի դեմ պայքարելու է հենց ծխելով: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play