Երևանում անցկացվելու է Գիա Կանչելիին նվիրված փառատոն


Երևանում անցկացվելու է Գիա Կանչելիին նվիրված փառատոն

  • 14-06-2017 15:19:21   | Հայաստան  |  Մշակույթ

Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Միջոցառման շրջանակներում Երևանում տեղի կունենա երկու սիմֆոնիկ և մեկ կամերային համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
 
Հունիսի 18-ին «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում կհնչեն լարային նվագախմբի, դաշնամուրի և հարվածայինների համար գրված «SIO՚ ստեղծագործությունը, «Գիշերային աղոթքները՚՝ գրված կլարնետի և լարային նվագախմբի համար, Չորրորդ սիմֆոնիան՝ «Միքելանջելո՚։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) հանդես կգա աշխարհահռչակ կլարնետահար Յուլիան Միլկիսը (կլարնետ/Կանադա)։ 
Հունիսի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կամերային երաժշտության երեկո, որի ժամանակ մենահամերգով հանդես կգան բայանահար Ալեքսանդր Սևաստյանը և կլարնետահար Յուլիան Միլկիսը։ Ծրագրում՝ Գիա Կանչելիի հայտնի մեղեդիներն են՝ գրված թատրոնի և կինոյի համար:
Մշակութային օրերը կեզրափակվեն հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում, որտեղ Գիա Կանչելիի գործերը հանդիսատեսին կներկայացնեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, մենակատար Ալեքսանդր Սևաստյանը և նվագախմբի պղնձյափողային կվինտետը։ 
Ստեղծագործությունները Հայաստանում հնչելու են առաջին անգամ:
Նշենք, որ Գիա Կանչելին հայտնի է ինչպես սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններով, այնպես էլ ֆիլմերի և ներկայացումների համար գրված երաժշտությամբ։ 
«Գիա Կանչելի՚ փառատոնը Երևանում կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play