Կարկտաբեր ամպերի դեմ ոչ թե գազով, այլ հրթիռներով (տեսանյութ և ֆոտոշարք)


Կարկտաբեր ամպերի դեմ ոչ թե գազով, այլ հրթիռներով (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 14-06-2017 21:50:17   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Հայաստանի մի շարք մարզերում հունիսի 12-ի կարկտահարության հաջորդ օրը հանրությանը մասնակիորեն հայտնի դարձան տարերքի պատճառած վնասների վերաբերյալ նախնական տեղեկությունները: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը մեկնել էր Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկտի վնասները դիտարկելու նպատակով, շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, «Դիտարկումների արդյունքներով՝  կարկտահարությունից առավելապես  տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել»:
Թերևս ավելորդ է ասել, թե նշված համայնքների տնտեսություններին պատճառված 40-100 տոկոս վնասվածությունն ինչ է, եթե վնասի փոխհատուցում կամ օգնություն չլինի: Դա նշանակում է բերքի մոտ կեսից մինչև ամբողջը (առանձին տնտեսությունների պարագայում) կորցնել, ամբողջ տարին դառը դատել, բանելուց հետո մնալ ձեռնունայն, առանց եկամտի, իսկ տնտեսությունների մի մասի պարագայում կարելի է ասել` առանց ապրուստի միջոցի:
Նրանք, ովքեր իրենց տնտեսությունների համար բանկերից վարկեր ունեն վերցրած` հույսը դրած բերքի ու դրա իրացման վրա, տարերքի պատճառած 40-100 տոկոս վնասվածությունը, եթե փոխհատուցում չլինի, նշանակելու է նաև ավելի ծանր վիճակում հայտնվել` ընկնելով վարկի ու դրա տոկոսների տակ: Դե, իսկ եթե պետությունն օգնում է, վնասների թեկուզ մասնակի փոխհատուցում տալիս, ապա այս դեպքում դա էժան չի նստում արդեն պետության վրա, քանի որ 1-2 տնտեսություն չէ, որ տուժել է:
Ավելին. հունիսի 12-ի կարկտահարությունից միայն վերոնշյալ համայնքները չէ, որ տուժել են:
«Օպերատիվ տվյալներով՝  երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում»,- նշված է հունիսի 13-ին գյուղնախարարության հրապարակած հիշյալ տեղեկատվության մեջ:
Մեզ հասած վերջին տեղեկությունների համաձայն, Շիրակի մարզում վնասները թեև ոչ Արմավիրի մարզի չափ, բայց բավական զգալի են:
Գյուղնախարարության հիշյալ տեղեկատվության մեջ թեև նշված չէ, բայց Գեղարքունիքի մարզի Շատջրեք, Մաքենիս և Վարդենիկ գյուղերում նույնպես կարկտահարություն է եղել: Հունիսի 12-ի ուշ երեկոյան տեղացած կարկուտն առանձին տնտեսությունների լուրջ վնասներ է պատճառել, կարկտի չափերը Շատջրեք համայնքում հասել են գրեթե լորի ձվի մեծության: Վարդենիկ գյուղի հարավային թևում, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, կարկուտը գյուղատնտեսական ցանքերը վնասել է մոտ 20 հեկտար տարածքում:
«Տուժել է մոտ 100 տնտեսություն,- ասել է Հ. Հովեյանը:- Կարկտից էականորեն վնասվել են պտղատու ծառերի բերքը, բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները և կարտոֆիլի ցանքերը»:
Մաքենիսում կարկտահարությունը հիմնականում վնասել է համայնքի հացահատիկի ցանքերը և բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլները, տնամերձ հողամասերի պտղատու ծառերի բերքը:
Շատջրեք համայնքի հարավարևմտյան մասում, գյուղապետի տեղեկացմամբ, մոտ 10 րոպե ուժգին տարափով տեղացած կարկուտը վնասել է մոտ 200 հեկտար հացահատիկի և կորնգանի ցանքատարածություն, բանջարբոստանային մշակաբույսերի սածիլներ, ինչպես նաև պտղատու ծառերի բերքը, ինչի հետևանքով  տուժել է մոտ 30 տնտեսություն:
Կարկտահարությունից տուժած գյուղերի համայնքապետարաններում թերևս արդեն ավարտվել է տնտեսություններին պատճառված վնասների չափերի ճշգրտումը: Այնուամենայնիվ, երեկ դեռ շարունակվում էր կազմված և համայնքներից ուղարկված արձանագրություններում նշված վնասների չափերի ճշտումը: Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ, տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է պատճառված վնասների վերաբերյալ արձանագրությունները սեղմ ժամկետներում ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:
Թեև հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը հայտնել էր, թե հակակարկտային կայաններն ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին, երեկ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուդիկ Նազարյանից մեր ստացած թարմ տեղեկությունների համաձայն, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերից բացի, կարկտահարությունից տուժել են նաև Արագածոտնի և Տավուշի մարզերը:
Կարծես հակադարձելով հակակարկտային կայանների տված օգուտի առնչությամբ գյուղատնտեսության նախարարի տեղակալի ասածին, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նույն օրը  ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է.
«Հակակարկտային սարքերն ընդհանրապես գյուղատնտեսության համար չեն աշխատում: Մենք, որպես ֆերմերների ասոցիացիա, հրաժարվում ենք այսօր գործող հակակարկտային կայանների ծառայություններից… Հակակարկտային ծառայությունը չի աշխատում, չինովնիկները նստած, ոչինչ չանելով, աշխատավարձ են ստանում: Նախագահի հանձնարարականը, որը վերաբերում էր բարեփոխումներին, ցանցային համակարգի անցնելուն, անտեսվում է: Ամեն գնով այնպես են անում, որ սարքերը գոյատևեն, իրենք էլ բյուջեից ֆինանսավորվեն»:
Չնայած գործադրվելուն, հակակարկտային կայանների՝ գյուղատնտեսության համար ընդհանրապես չաշխատելու վերաբերյալ Բերբերյանի ասածը թեև չափազանցված է, սակայն դրանում ճշմարտություն կա այն առումով, որ ուժեղ քամու դեպքում Հայաստանում օգտագործվող հակակարտային կայանների արդյունավետությունն էապես նվազում է, եթե չասենք զրոյանում: Այսինքն՝ դրանք որոշ դեպքերում, իրոք, չեն արդարացնում իրենց:
Խնդիրն այն է, որ այդ կայաններով բուտան կամ ացետիլեն գազի շիթեր են կրակվում կամ ուղղվում կարկտաբեր ամպերի վրա, սակայն ուժգին քամու դեպքում այդ շիթերի հզորությունը չի բավարարում, որպեսզի դրանք հասնեն կարկտաբեր ամպերին, քամին մասամբ, իսկ որոշ դեպքերում գուցե ամբողջությամբ գազի այդ շիթերը քշում-տանում է, մինչ դրանք տեղ կհասնեն` հաղթահարելով երկրի մակերևույթի և կարկտաբեր ամպերի միջև եղած բավական մեծ տարածությունը:
Վերոնշյալից բացի, ըստ Բերբերյանի, այլ պատճառ էլ կա: Ըստ նրա, այդ կայանները ոչ մի օգուտ չեն տվել ու չէին էլ տալու, քանի որ բուտանը 5 կիլոմետրից ավելի չի բարձրանում, մինչդեռ կարկտի ձևավորվումը սկսվում է է 8-10 կմ բարձրության վրա, պտտվելով խոշորանում է, մինչև ընկնում է գետնին։ 
Երեկ պատասխանելով մեր երկրում այժմ գործող հակակարտային կայանների անբավարար արդյունավետության վերաբերյալ տողերիս հեղինակի հարցին, հիշյալ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռ. Նազարյանն ասաց.
«Նոր որոշման նախագիծ է պատրաստվում արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, քննարկման փուլում է գտնվում՝ այդ կայանները փոխարինելու համար հակակարկտային հրանոթներով ու հրթիռներով»:
Հենց սա էր, որ վաղուց անհրաժեշտ է: Հայտնի է, որ անցած ժամանակաընթացքում գյուղացիական տնտեսությունները և, ընդհանուր առմամբ, մեր երկիրը կարկտահարության հետևանքով ու մի շարք դեպքերում ներկայիս գազային կայանների անբավարար արդյունավետության կամ նույնիսկ անարդյունավետության պատճառով հսկայական վնասներ են կրել: Լավ է, որ գոնե ներկայիս կառավարությունը գիտակցում է եղած գազային կայանները շատ ավելի արդյունավետ հակակարկտային հրանոթներով ու հրթիռներով փոխարինելու կամ համալրելու անհրաժեշտությունը, մնում է, որ ձեռնարկվող քայլերի արդյունքը չուշանա:
«Հակակարկտային հրանոթները, կարծում եմ, ավելի հզոր հարված կարող են հասցնել կարկտային ամպերին ու նվազեցնել ռիսկը: Մենք կիսում ենք այն բոլոր մտահոգությունները, որոնք կապված են գյուղացիների հոգսերի հետ: Պետք է նաև խնդրի տնտեսական կողմին նայել, թե որ դեպքում որն է ավելի հարմար, նվազ ծախսատար ու տնտեսապես ավելի ձեռնտու»,- ասաց Ռուդիկ Նազարյանը և հավելեց, որ իրենք ձգտում են նվազեցնել ռիսկերը, նպատակը դա է, քանի որ մարդիկ աշխատում են և պետք է ունենան օգուտ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play