Հարված Դավիթ Հարությունյանին. ինչ է պարզել Սերժ Սարգսյանը Բրյուսելում


Հարված Դավիթ Հարությունյանին. ինչ է պարզել Սերժ Սարգսյանը Բրյուսելում

  • 30-06-2017 18:14:24   | Հայաստան  |  Վերլուծություն

Սասնա ծռերի անդամներից մի քանիսի նկատմամբ դատարանի նկուղում կիրառված բռնությունը բացառիկ է: Իհարկե ոչ ինքնին որպես բռնություն: Հայաստանում իշխող համակարգ-հասարակություն հարաբերություններում դա նույնիսկ ունի որոշակի օրինաչափություն: Տեղի ունեցածը բացառիկ է նրանով, որ կատարվում է դատարանում, մի տարածքում, որտեղ իշխող պետք է լինի արդարադատությունը՝ գոնե ցուցանակային իմաստով:

 

Խոշոր հաշվով, դատարանում տեղի ունեցող բռնությունն էլ Հայաստանում բացառիկ չէ, խորքային իմաստով: Բանն այն է, որ ցանկացած անհիմն, անօրինական դատավճիռ, ցանկացած քաղաքական շարժառիթով, պատվերով կատարվող դատավճիռ ինքնին բռնություն է, ոչ ֆիզիկական դրսեւորումով, բայց կրկին ֆիզիկական հնարավոր հետեւանքով: Ի վերջո, մարդը անհիմն դատապարտվում է եւ հայտնվում անազատության մեջ: Իսկ Հայաստանի դատական համակարգում այդօրինակ վճիռները անցնող տարիներին եղել են բազմաթիվ:

 

Բայց, ներկայում գործադրվում է բռնության ֆիզիկական կիրառում: Դրանից բացի, դատարանի տարածքում բռնություն գործադրում է ոչ թե դատարանը, այլ ոստիկանությունը: Բացառիկությունը նաեւ դա է:

 

Ոստիկանությունն իհարկե հերքել է, թե եղել է Sասնա ծռերի անդամների ծեծ: Ոստիկանության տարածած հաղորդագրությունը նշում է, թե եղել է անհնազանդություն ոստիկանության աշխատակիցներին, եւ նրանք ել ձեռնարկել են դա հաղթահարելու համապատասխան քայլեր: Դա էլ խոշոր հաշվով Հայաստանի դեպքում ստանդարտի մեջ արձագանք է, որն անկասկած ավելի շուտ հաստատում է բռնության հանրային համոզումը, քան հակառակը:

 

Ներկայում տարբեր շրջանակներ փորձում են հասկանալ, թե ինչու՞ է տեղի ունեցել դա, երբ ակնհայտ է, որ առաջացնելու է մեծ աղմուկ, սրելու է իրավիճակը, արմատական տրամադրությունները: Կա համոզում, որ տեղի ունեցածը չէր կարող լինել առանց իշխանության քաղաքական հավանության կամ նույնիսկ անմիջական ցուցումի կամ հրահանգի, քանի որ բոլորն են հասկանում պահի նրբությունն ու լրջությունը:

 

Նախ իհարկե այդքան էլ միարժեք չէ, որ հասկանում են բոլորը: Մյուս կողմից, նաեւ միարժեք չէ, թե արդյոք ճշգրիտ է հասկացվում կամ գնահատվում այդ լրջությունը: Որովհետեւ, մեծ հաշվով հարց է առաջանում, թե տեղի ունեցածը ի՞նչ լուրջ խնդիր է առաջացրել իշխանության համար:

 

Բայց ոստիկանության պաշտոնական արձագանքը վկայեց, որ եթե անգամ տեղի ունեցածը չի եղել ավելի վերեւից քաղաքական հրահանգով, միեւնույն է ստացել է այդ քաղաքական հավանությունը: Հակառակ դեպքում ոստիկանությունը ոչ թե կհերքեր, այլ հակառակը՝ կհայտարարեր, թե կատարվել է անթույլատրելին, եւ ոստիկանապետը հրահանգել է անմիջապես սկսել քննություն եւ պատասխանատվության ենթարկել լիազորությունը գերազանցողներին:

 

Դա չկա, հետեւաբար նշանակում է, որ կա տեղի ունեցածի քաղաքական հավանություն: Ինչու՞, հանրությա՞նն ահաբեկելու համար, թե՞ որեւէ իքս շրջանակի, որը կարող է մտածել ծռերի դատավարությունը իրավիճակը «ծռելու» որեւէ փորձի հիմք դարձնելու մասին:

 

Միեւնույն ժամանակ, տեղի ունեցածում կա նաեւ ուշագրավ մեկ այլ շերտ, առերեւույթ ոչ ընդգրկուն, ավելի շուտ ներիշխանական: Փաստորեն ոստիկանությունը «տնօրինել» է ոչ իր տարածքը, մտնելով արդարադատության տիրույթ, այսինքն տարածք, որը բոլորովին վերջերս հանձնվեց կամ վերադարձվեց Դավիթ Հարությունյանի տնօրինությանը: Այսինքն, գործնականում, ոստիկանությունից հարված է ստացել արդարադատության նոր նախարար Դավիթ Հարությունյանը:

 

Իսկ Հարությունյանը Հայաստանի իշխող համակարգում նշանային ֆիգուր է: Այնքան նշանային եւ աճող ազդեցությամբ, որ կարող է իրեն թույլ տալ անմիջապես կոշտ արձագանքել ԵՄ դեսպան Սվիտալսկուն, նրան մեղադրելով ներքին գործերին միջամտելու համար, ԿԸՀ մասին հայտնի հայտարարությունից հետո:

 

Դավիթ Հարությունյանը գործնականում ունեցավ Հայաստան-ԵՄ հարաբերության մեջ լարվածություն առաջացնելու համարձակություն:

 

Մյուս կողմից, արդյոք նրան հասցված հարվածի պատճառը նաեւ հենց դա չէ, այսինքն Հարությունյանը հարված կամ պատիժ է ստանում հենց դրա համար: Երբ նա կոշտ արձագանեց ԵՄ դեսպանին, հանրությունը նույն կերպ համոզված էր, որ ինչպես բռնությունը դատարանում, Դավիթ Հարությունյանի արձագանքն էլ չէր կարող լինել առանց Սերժ Սարգսյանի քաղաքական հավանության կամ ցուցումի:

 

Մի քանի օր անց Սերժ Սարգսյանը մեկնեց Բրյուսել ԵԺԿ Վեհաժողովի: Ուշագրավ է, որ Վեհաժողովից հետո ԵՄ հետ բանավեճը կտրուկ մարեց, իսկ նախօրեին էլ, ի պատասխան ԵՄ դեսպանի հայտարարության մասին ԵԼՔ դաշինքի ներկայացուցչի հարցի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ասել էր, թե Սվիտալսկու հայտարարությունը պետք է քննարկել: Այսինքն, այն, ինչ արդարադատության նախարարը համարում էր ներքին գործերին միջամտություն, ԱԳ նախարարի տեղակալը փաստորեն համարում է քննարկման ենթակա:

 

Բացառված չէ, որ Բրյուսել այցից հետո Սերժ Սարգսյանի համար հայտնի են դարձել նոր հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձրել Դավիթ Հարությունյանին ԵՄ հետ լարվածություն սադրելու համար պատասխանատվության ենթարկելը, նրան նշանային հարված հասցնելու միջոցով, որը գործնականում հարված է իշխող համակարգում նրա ազդեցությանը:

lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play