ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին


ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին

  • 04-07-2017 19:17:59   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է հայ-գերմանական տնտեսական բանակցություններին, որոնք կազմակերպվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի շրջանակներում:
 
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև ակտիվացել է փոխգործակցությունը, իրականացվել են մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ կենսաբազմազանության, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման ուղղությամբ: Նախարարն ընդգծել է, որ ակտիվ համագործակցություն է իրականացվում գյուղատնտեսական գիտության և կրթության բնագավառներում, աշխատանքներ են ընթանում գերմանական մասնակցությամբ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ:
 
«Այս այցի ընթացքում գերմանական պատվիրակության կողմից ընտրված ուղղությունները թիրախային են և ներառում են բոլոր այն հարցերը, որոնք կարևորել ենք մեր երկրում գյուղատնտեսության զարգացման համար: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ՝ երկկողմ շահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - իր խոսքում նշել է Իգնատի Առաքելյանը:
 
Պետքարտուղար Պետեր Բլեզերը ևս, կարևորելով պատվիրակության այցը գյուղոլորտում  հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման հարցում, իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ գյուղատնտեսությունը մեծ նշանակություն ունի ցանկացած երկրի համար, և ոլորտում յուրաքանչյուր հաջողություն կնպաստի ամբողջ տնտեսության զարգացմանը: Կարևորելով բանակցություններին բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը՝ պետքարտուղարը նշել է, որ այդ կազմակերպությունների թվում կան նաև գյուղտեխնիկայի և սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերություններ, որոնք պատրաստ են իրենց արտադրանքը մատակարարել Հայաստան:
 
ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր խոսքում կարևորել է գյուղոլորտի արդիականացումը՝ նշելով, որ Հայաստանը գտնվում է գյուղատնտեսության, և, ընդհանրապես, ողջ տնտեսության արդիականացման փուլում: Կոնկրետ արդյունքների ձեռքբերման ակնկալիքով արդյունավետ բանակցություններ մաղթելով միջոցառման մասնակիցներին՝ դեսպանը հավաստել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատրաստ է աջակցել հայկական կողմին՝ այդ կարևոր գործընթացում:
 
Բանակցություններին հաջորդել են անհատական B2B (business to business) հանդիպումներ, որոնց մասնակցել են ԳԴՀ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ գործարարներ:
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
 հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play