Եթե նորմալ դատական համակարգ լիներ, ապա ԿԸՀ-ն Հանրապետական կուսակցությանը պետք է դուրս հաներ մրցապայքարից.Դանիել Իոաննիսյան


Եթե նորմալ դատական համակարգ լիներ, ապա ԿԸՀ-ն Հանրապետական կուսակցությանը պետք է դուրս հաներ մրցապայքարից.Դանիել Իոաննիսյան

  • 05-07-2017 17:21:38   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը

 

Դանիել, Ձեզ դատի տված դպրոցի տնօրեններից մեկն ասել է, որ ներում է Ձեզ և էջը փակված կարելի է համարել։ Ձեր կարծիքով՝ ինչ է փոխվել նրանց մոտ, որ նմանատիպ հայտարարություններ են անում։

 

Չգիտեմ, ես միայն առայժմ կարող եմ ասել, որ անգամ հայցադիմումին պատասխան չենք ներկայացրել, դատական առաջին նիստերը չեն եղել, ու ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել, որ փոշմանել են։ Երևի հասկացել են, որ ավելի խոհեմ քայլ կլիներ դա չանելը։

 

Այսինքն գուցե մտածեցին՝ ավելի մեծ աղմուկ կարող է բարձրանալ և սրանով դա՞ կանխեցին։

 

Ես դժվարանում եմ ասել՝ սա մեկ տնօրենի նախաձեռնություն է, թե կլինեն էլի տնօրեններ։ Հուլիսի երկրորդ կեսին դատական նիստերն են լինելու։

 

Իսկ եթե նրանց մեծ մասն այս ընթացքում նմանատիպ հայտարարություններով հանդես գա, էջը փակված համարեն, հետ վերցնեն իրենց հայցադիմումը, դուք գործը փակված կհամարե՞ք, թե կշարունակեք։

 

Էս պահին դժվարանում եմ ասել։

 

Կարծում եք սա կդառնա նախադե՞պ ցանկացած նման հայցադիմում կանխելու առումով։

 

Դա մի դեպքում կլինի, եթե մենք դատարանում հաղթենք։ Իսկ ես, ճիշտն ասած, չէի կասկածում, որ մենք դատարանում հաղթելու ենք։ Այնպես որ, այս կամ այն ատյանում մենք հաղթելու էինք և ցույց էինք տալու հասարակությանը, որ կարելի է անցկացնել լրագրողական հետաքննություններ, և դրա համար որևէ մեկը ոչ իրավաչափ պատասխանատվության չի ենթարկվելու։

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նոր զեկույցով հանդես կգա։ Ձեր կարծիքով՝ նոր զեկույցը կտարբերվի՞ նախորդից և ընդհանրապես ինչո՞ւ Սվիտալսկու հայտարարությունն այսպիսի բուռն արձագանքի արժանացավ ՀՀ իշխանությունների կողմից։

 

Ես 100 տոկոսով չեմ կարող ասել, թե նոր զեկույցն ինչպիսին կլինի, բայց այն տեղեկությունները, որ ես ունեմ զեկույցի մասին, կարծում եմ, որ այն որակապես տարբերվելու է նախորդներից։

 

Սվիտալսկին նաև ասել էր, որ նորից հայտարարությամբ հանդես կգա այն ժամանակ։

 

Որովհետև ԵՄ-ի՝ Հայաստանին տրվող աջակցությունը ինչ-որ տեղ կապված է ընտրությունների հետ, իսկ ընտրությունների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը կապված է մասնագիտական կարծիքի հետ, որը տալիս է դիտորդական առաքելությունը։ Իրենք հիմնվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մասնագիտական կարծիքի վրա, իրենք համարում են, որ ամենաանկախ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է։ Դրա համար էլ, ինչպիսին կլինի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության զեկույցը, այնպիսին էլ կլինի ԵՄ-ի կարծիքը։

 

ԿԸՀ կազմի փոփոխության հետ կապված Սվիտալսկու կարծիքի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։ Այդ մտահոգությունները հրամայակա՞ն են։

 

Անկեղծ ասած չեմ լսել, որ Սվիտալսկին պահանջում է ԿԸՀ կազմը փոխել, նա ասել է, որ պետք է վերանայել ԿԸՀ ձևավորման կարգը։ Ամեն դեպքում, իմ տեսակետն այն է, որ ԿԸՀ կազմից այնքան էլ շատ բան կախված չէ։ Ավելի շատ բան կախված է Հայաստանում իրավապահների և դատական համակարգի աշխատանքից։ Եթե իրավապահները օպերատիվ-հետախուզական ճանապարհով հավաքեին բոլոր այն փաստերը, որոնց մի փոքրիկ մասը մենք հավաքեցինք հայտնի բացահայտմամբ, քանի որ իրավապահները դրա հազարապատիկի չափով կարող էին բացահայտել, եթե քիչ թե շատ նորմալ դատական համակարգ լիներ, ապա ԿԸՀ-ին այլ բան չէր մնա, քան Հանրապետական կուսակցությանը դուրս հանել մրցապայքարից։ Եվ այդ դեպքում կլինեին նորմալ ընտրություններ։ 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play