ՄԶԳ-ն կարեւորում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին<br /> աջակցությունը<br />


ՄԶԳ-ն կարեւորում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին
աջակցությունը

  • 01-12-2009 15:46:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին Երեւանում անցկացվեց Հայաստանի դեղագործության մրցունակության երկրորդ համաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ Առողջապահության եւ Էկոնոմիկայի նախարարությունների, «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության, Ազգային մրցունակության հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության համագործակցությամբ: ԻՆչպես համաժողովի բացմանը նշեց ՀՀ Ազգային Ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, համաժողովի նպատակն է քննարկել ոլորտի ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները: Ըստ նրա, 1990-ականներից սկսած ոլորտի զարգացման ուղղությամբ բավականին լուրջ ճանապարհ են անցել, եւ մեծ դժվարություններով հնարավոր է եղել մինիմալ չափով շուկան ապահովել տեղական արտադրության դեղամիջոցներով: Սակայն, Ա.Բաբլոյանի խոսքերով, պետությունն այսօր իր առջեւ պետք է խնդիր դնի բնակչությանն ապահովել անվտանգ, որակյալ եւ մատչելի դեղերով, ինչպես նաեւ ստեղծի պայմաններ, որպեսզի տեղական արտադրության դեղերը լինեն մրցունակ: ԱՄՆ ՄԶԳ-ի ՏՆտեսական աճի գրասենյակի տնօրեն Դեյվիդ Հալը նշեց, որ Հայաստանի դեղագործության ոլորտը 2004-2007թթ.-ին ունեցել է 51%-ի աճ: ՄԶԳ-ն կարեւորում է Հայաստանի դեղարտադրության ոլորտին աջակցությունը, քանի որ տեղում արտադրվող դեղերը էականորեն նպաստում են, որպեսզի հիմնական դեղամիջոցները երկրի բնակչության համար լինեն մատչելի եւ հասանելի: Բացի դրանից, ըստ Դ.Հալի, CAPS-ի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում ոլորտը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու, միջազգային ստանդարտներին համահունչ օրենսդրական դաշտի ձեւավորման գործում: «Հայկական դեղերի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին կարեւոր խնդիր է, քանի որ դրանով կնպաստենք ոլորտի մրցունակությանը, կընդլայնենք արտահանման աշխարհագրությունն ու ծավալները»,- ընդգծեց Դ.Հալը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play