Գյուղատնտեսական արտադրանքի մթերման նոր կետ Արագածոտնի մարզում


Գյուղատնտեսական արտադրանքի մթերման նոր կետ Արագածոտնի մարզում

  • 18-07-2017 11:22:58   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն

2017  թվականի հուլիսի 16-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով կարող են հանձնել իրենց  գյուղմթերքները:
Միջոցառման մասնակցեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ներկայացուցիչներ, Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանը և համայնքի բնակիչներ: 
 
  Ավան համայնքում նորաբաց մթերման կետը «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության նախաձեռնությունն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում։ Այս նախագծի նպատակն է գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մթերման գործընթացի բարելավման, գյուղի կարողությունների գնահատման միջոցով աշխուժացնել համայնքային կյանքը, կայուն եկամտի աղբյուր ստեղծելու հնարավորություն ընձեռել համայնքի ընտանիքներին և որակյալ գյուղմթերքներով ներկայանալ սպառողներին: 
Միջոցառման հյուր՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց. 
«Այս նախաձեռնության մեջ հստակ  առաքելություն և նպատակ է դրված:  Մնում է միայն  բոլոր կողմերը ներդնեն իրենց ողջ ջանքն ու եռանդը: Սա այն աշխատանքն է, որը կապահովի գյուղի բնակիչների զբաղվածությունը և նրանց համար կդառնա եկամտի աղբյուր: Գաղտնիք չէ, որ  մեր երկրում մթերման հետ կապված խնդիրներ են առաջանում: Սա լավ  հնարավորություն է, որ  գյուղացին հետագայում իր արատադրանքի հետ կապված խնդիրներ չունենա: Շնորհավորում եմ. թող նախաձեռնությունն իր նպատակին ծառայի և դառնա վարակիչ օրինակ»:  
Ավան համայնքի բնակիչների հետ հանդիման ընթացքում «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության հիմնադիր Դավիթ Երեմյանը նշեց.
«Այսօր արդեն իրականություն է Ավան համայնքի համար  համատեղ աշխատանք ստեղծելու մեր նպատակը: Սա ո´չ օգնություն է, ո´չ էլ բարեգործություն, այլ համագործակցության խրախուսում և մեծ ցանկություն: Ձեր ակտիվությունը  շատ կարևոր է, քանի որ  միայն այդպես մենք կկարողանանք տեսնել փոխշահավետ աշխատանքի արդյունքները: Գիտեմ, թե ինչքան բարքիներով է  հարուստ այս գյուղը, և միասին կարող ենք այդ բարիքները գնահատել»: 
Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանը համայնքի անունից իր շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեց, և նշեց, որ իրենց համայնքի համար առաջնային համարվող խնդիրներից մեկի լուծման առաջին քայլն արված է: 
Այն հանգամանքը, որ Արագածի հարավային լանջերի փռված համայնքն իր ողջ բարիքներով կներկայանա գյուղմթերքի սպառման շուկայում մեծ ոգևորություն էր առաջացրել գյուղացիների մոտ և նրանք պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու նախաձեռնողների հետ։
Միջոցառման ընթացքում գյուղացիների հետ քննարկվեցին համայնքին առնչվող այլ խնդիրներ, ինչպես նաև սոցիալապես պատասխանատու բիզնեսի, պետության, միջազգային կազմակերպությունների և համայնքի միջև համապատասխան համագործակցային հարթակների ստեղծման ուղղությունները և  արդյունավետ, շահավետ համագործակցության հեռանկարները: 
Հանդիպումն ավարտվեց «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմի անբաժան մաս «Ակունք» ազգագրական համույթի ելույթով:  «Ակունք»-յան երգերը Ավանում խորհրդանշական էին, քանի որ  այնտեղ շարունակ ապրում են սասունցիներ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play