Հայաստանի նախագահին ու վարչապետին հայտնի՞ է, թե իրենց ղեկավարած երկրում ինչ է կատարվում


Հայաստանի նախագահին ու վարչապետին հայտնի՞ է, թե իրենց ղեկավարած երկրում ինչ է կատարվում

  • 25-07-2017 23:16:04   | Հայաստան  |  Իրավունք

 
 
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն այս ամենի համար պատասխան է տալու, տուժած քաղաքացիներից բացի, նաև անձամբ ես և իմ գործընկերները հետամուտ ենք լինելու դրան:
1985 թվականին Լիբանանից Հայաստան եկած և այդուհետ այստեղ հաստատված, մշտապես ապրող, Արցախյան շարժման եռանդուն մասնակից ու վավերագիր, բազմաթիվ լուսանկարներ ու տեսագրություններ կատարած սփյուռքահայ գործիչ, գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանը հիմնականում Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում զբաղվում է ֆերմերությամբ (անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվապահությամբ), համեստ, բայց հեռանկարային և ուշագրավ քայլեր է կատարում գյուղական զբոսաշրջության ոլորտում:
Սփյուռքահայ գործարարին արդեն իսկ հաջողվել է լուրջ աշխատանք կատարել գրեթե իսպառ վերացած ոչխարի և այծի հայկական տեսակների վերականգնման գործում, որոնք, ի տարբերություն դրսից բերված տեսակների, տեղի պայմաններին հարմարված են, քիչ են հիվանդանում ու հեշտ բուժվում, մի շարք հիվանդություններով ընդհանրապես չեն հիվանդանում, ավելի կաթնատու են, գերազանց են նաև կաթի, կաթնամթերքների, մսի համային, որակական հատկանիշներով: Նա իր հոտի կազմավորումը սկսելով 30 ոչխարից, այսօր անասնագլխաքանակը հասցրել է ավելի քան 400-ի: 
Հովհաննես Ստեփանյանը գյուղերում իրականացնում է նաև մշակութային ծրագիր, արդեն երկար տարիներ զբաղվում է մեր ժայռապատկերների ուսումնասիրությամբ: Նա Հայաստանում ավանդական գյուղատիպ ինքնաբավ համայնքների ստեղծման հիմքն է դրել ու մտադիր է դրանք ծավալել հանրապետության տարբեր մարզերում, առաջիկայի իր տնտեսական ծրագրում ընդգրել է նաև ջայլամաբուծությունը, ձկնաբուծությունն ու գեմեշաբուծությունը:
Այսօր, սակայն, սփյուռքահայ գործարարի ստեղծած արժեքավոր տնտեսությունը և ծրագրերը լրջորեն վտանգված են: Ինչո՞ւ… Պատճառն այն է, որ ոմանք անպատիժ ոտնահարել ու շարունակում են ոտնահարել ազգօգուտ գործ կատարող սփյուռքահայ գործարարի իրավունքները և օրինական շահերը, իսկ իշխանության պատկան մարմիններն այս ամենի նկատմամբ ցուցաբերում են անտարբեր և, ըստ էության, օրինախախտներին իրենց անպատժելիության հարցում համոզմունք ներշնչող, խրախուսող վերաբերմունք: 
Հովհաննես Ստեփանյանը հուսահատվելն անընդունելի է համարում և ասում, որ դա բացարձակապես արգելված է, երբ մարդուն, որպես քրիստոնյայի, մկրտում են, ասում են` հավատ, հույս, սեր և մկրտություն:
«Ուրեմն,- շարունակեց նա,- հավատ պետք է ունենանք մեր գործի նկատմամբ, հույս պետք է ունենանք մեր ապագայի նկատմամբ, սեր պետք է ունենանք մեր արածի նկատմամբ  և, մկրտության փոխարեն, երևի աշխատանքն է, որ պետք է կատարենք մեր հայրենի հողի վրա… Ես բոլոր սփյոռքահայերին ասում եմ, որ պարտավոր են գալ, դժվարություններ կան, միասին այդ դժվարությունները կհաղթահարենք: Իր պաշտոնն աշխատող մարդու համար խոչընդոտներ առաջացնելու նպատակով օգտագործող պետական չինովնիկի առաջացրած դժվարությունները ես մենակ կարող է չհաջողեմ հաղթահարել, բայց եթե լինենք 3, 4, 5 հոգի, արդեն ինքը պետք է մտահոգվի դրանով, և ոչ թե` մենք: Մենք տեղ չունենք գնալու, ընդհակառակը` մնալու ենք և շատանալու ենք»:
Հովհաննես Ստեփանյանն ինքն իրեն գործարար չի համարում, ասում է, որ գործարար` նշանակում է գործ արարող, մինչդեռ ինքը և տնտեսության բնագավառում Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի դժբախտաբար ոչ թե գործ արարելով են զբաղված, այլ դժվարություններ, խոչընդոտներ հաղթահարելով, իրենց ոտնահարված ու ոտնահարվող իրավունքներն ու շահերը պաշտպանելով: Դա, ըստ նրա, պետության ու ժողովրդի շահերի նկատմամբ պետական չինովնիկի գրպանի գերակա լինելու հետևանքն է:
«Ցանկացած, նույնիսկ փոքր իշխանություն ունեցողներից շատերն իրենք որոշում են, որ իրենց գրպանը շատ ավելի կարևոր է, քան հայրենիքի կամ ընդհանուր շահը, սա է իրականությունը,- ասաց մեր ֆերմերը:- Մեր շահույթը կամ ստացված բնամթերքները, նույնիսկ մեր ունեցած տնտեսությունը կիսելու ակնարկներ միշտ էլ լինում են, մենք չենք ուզում հասկանալ այդ ակնարկները»:
Անցյալ տարվանից խնդիրներ են առաջացել Հովհաննես Ստեփանյանի գոմերին հարակից, նրան սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների հետ կապված: 
«Վայոց Ձորի Շատին համայնքում ունեմ շուրջ 6000 քառակուսի մետր մակերես ունեցող գոմ ու դրան հարակից իմ սեփական հողատարածքը` բաղկացած երկու մասից, մեկը` 7 հեկտար, մյուսը` 3, որոնք հանդիսանում են նաև արոտավայր,- ասաց սփյուռքահայ ֆերմերը:- Մոտ 1 տարի առաջ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» (ԲԷՑ) փակ բաժնետիրական ընկերությունը հայտ ներկայացրեց` ինձ պատկանող այդ հողատարածքում իրենց էլեկտրալարերն անցկացնելու նպատակով հենասյուն կառուցելու համար: Ինձանից պահանջվում էր ընդամենը 200 քմ հողատարածք, որի` ԲԷՑ-ի կողմից իրացումը համարվեց պետական գերակա շահի ապահովումից բխող անհրաժեշտություն: Այդ 200 քմ հողամասի օտարման համար ես լիազորագիր տվեցի այն ժամանակվա գյուղապետին»:
Հովհաննես Ստեփանյանի տեղեկացմամբ, ԲԷՑ-ը հենասյան հիմքը դրել է անցած տարվա այս ժամանակաշրջանում, երբ իրենք զբաղված են եղել իրենց հիմնական` անասնապահական գործերով: Սակայն, բացի հիշյալ 200 քառակուսի մետրից, որի նկատմամբ ընկերությունն իրավունք է ձեռք բերել, ԲԷՑ-ն առանց իր թույլտվությունն ունենալու, նույնիսկ առանց հարցնելու, իրեն պատկանող հողամասում ճանապարհ է բացել` այդ ընթացքում հանված հողը, մեծ ու փոքր քարերը լցնելով, ընդհանուրը մոտ 2 հեկտար տարածքում ոչնչացրել ինչպես այդ ճանապարհի վայրում, այնպես էլ ճանապարհի աջ ու ձախ կողմերում գտնվող արոտավայրի կանաչ բուսածածկը: Հիմա մոտ 2 հեկտար տարածք քարքարոտ, ավերակված վիճակում է:
«Ավելին,- շարունակեց մեր զրուցակիցը,- ահռելի մեծ չափերի հասնող այդ քարաբեկորները հողի սահքի հետևանքով գլորվում են դեպի անասնագոմերի կողմ, ու բացառված չէ, որ մի օր կարող են հասնել ու լրջորեն վնասել ինչպես անասնագոմը, այնպես էլ դրա մոտով անցնող, մոտ 1 մետր տրամագծով բարձր ճնշման ջրագծերը: Ներքև գլորվող այդ քարերի դեմն առնելու համար ԲԷՑ-ն իմ առաջարկով կամ պահանջով խրամատի պես մի բան փորեց, բացեց, սակայն քարերը որոշ ժամանակ հետո այն լցրեցին ու դրանից տեղ-տեղ դուրս եկան:
Տեղեկացնեմ նաև, որ այդ անասնագոմին կից ստեղծել ենք օժանդակ փոքրիկ շինություններ, որտեղ ընտանիք էր ապրում 1 ամսական երեխայի հետ: Նկատի ունենալով դեպի ներքև, այդ շինություններ քարերի, քարաբեկորների հնարավոր գլորումից բխող վտանգը, ինչպես նաև այդ ընտանիքի բնակելի տարածքի անմիջական հարևանությամբ թունավոր օձերի հայտնվելը, արդեն ստիպված ենք եղել տվյալ ընտանիքին հեռացնել դեպի Գեղարքունիքի մարզ, «ամառային արոտավայր» կոչված տարածք, որը շուրջ 2500 մետր բարձրության վրա է: Հիմա անասնագոմում հաճախ օձերի ենք հանդիպում, որովհետև այդ քարերի և իրենց բների քանդվելուց հետո հսկայական քանակության օձեր դուրս են եկել շրջակա տարածքներ ու ուղղակի ներթափանցում են գոմ: Դժվար չէ պատկերացնել, թե աշնանը, եթե անասունները կարողանան վերադառնալ իրենց գոմ, ինչեր կարող են լինել:
Ամեն ինչից զատ, ընկերությունն իր այս անօրինական աշխատանքով փակել է իմ գոմից դեպի սարերում գտնվող արոտավայրեր տանող ոչխարների, այծերի ճանապարհը, որոնք ակրոբատներ չեն, որպեսզի կարողանան հաղթահարել իրենց ճանապարհին լցված հսկայական քարերից, քարաբեկորներից գոյացած արգելքները»:
Հովհաննես Ստեփանյանի տեղեկացմամբ, անասուններն այս տարի ստիպված Գետափ համայնքի տարածքով է անցկացրել ամառային արոտավայր, հիմա նրանք այնտեղ են, սակայն աշնանը` ընդամենը մի քանի ամսից, չեն կարողանալու վերադառնալ իրենց գոմ: Ինչո՞ւ…
«Իմ այդ հողատարածքը երկու համայնքների մեջտեղում է գտնվում, Գետափ համայնքի ղեկավարն անձամբ զգուշացրել և արգելել է, որ իմ անասուններն իր ղեկավարած համայնքի տարածքով անցկացնեմ,- բացատրեց ֆերմերը:- Մյուս կողմում արդեն մասնավոր անձանց պատկանող սեփական հողատարածքներ են, որտեղով անասունները ամառային արոտավայր տանել-բերելն ուղղակի անթույլատրելի է: Միակ ճանապարհը, որով անասունները կարող են գնալ-գալ, այդ դեռ չտեղադրված այդ հենասյան հիմքի մոտով է, սակայն, ինչպես արդեն նշեցի, այդ ճանապարհը քարերով փակված է:
Ամեն ինչից զատ, եթե հենասյունը տեղադրվի ու լարերով բարձր լարման հոսանք տեղափոխվի, կարծում եմ, կառաջանա նաև անձրևային, թաց եղանակին, որոշակի պայմաններում բարձր լարման հոսանքից դրանց տակ գտնվող անասունների էլեկտրահարման վտանգ:  Համենայն դեպս, նրանք զգալու են բարձր լարվածություն ունեցող էլեկտրական դաշտը (մարդ կա, որ այն արդեն իսկ զգացել է իր կրծքավանդակի շրջանում), լարերի թրթռատատանումն ու միատոն աղմուկը հանգեցնելու են անասունների սթրեսի և կաթնատվության անկման: Կարճ ասած, ինձ արդեն իսկ հսկայական վնաս է պատճառվել և առաջիկայում էլ կարող է պատճառվել, եթե այս իրավիճակը հանդուրժեմ ու դրա դեմ չպայքարեմ:
Չնայած պատճառած վնասին, հիշյալ ընկերության ղեկավարներից մեկը վերջերս հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետությունն ինձ փոխհատուցել է այդ ամեն ինչի համար, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Փաստորեն, պաշտոնյան այսպիսով հրապարակայնորեն կեղծ տեղեկություն է ներկայացրել:
Խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իմ սեփականության իրավունքը, ինչի համար մեղավորները պետք է պատասխան տան, իսկ պատճառած վնասի դիմաց փոխհատուցեն: Այս պայմաններում ինձ գործարարության հնարավորություն չի մնում, ես ֆերմերությամբ զբաղվելու փոխարեն, հաճախ ստիպված եմ լինում խոչընդոտներ հաղթահարել: Հիմա մենք դատի ենք տվել ԲԷՑ-ին, ուրեմն պետք է փորձագետին տանենք, երկու անգամ փորձագետին տարել ենք, որ վնասը գրանցի, դատական ատյաններ պետք է գնանք: Ստիպված եմ եղել և առաջիկայում էլ ստիպված եմ լինելու իմ թանկարժեք ժամանակը ծախսել այսպիսի բաների վրա, մինչդեռ կարող էի զբաղվել հաճելի ու մարդկանց, մեր երկրի համար օգտակար գործերով: Տարածքը, որն ընտրել եմ, գետի եզերքին է, որտեղից հետո կանաչ որոշ տարածք կա, հետո գալիս են գոմը, արոտավայրը: Երկար տարիների դանդաղ, տքնաջան ու հետևողական աշխատանքով, գումարներ ներդնելով եմ ստեղծել իմ տնտեսությունը` ունենալով հստակ նպատակ, գաղափար ու ծրագիր, որը կապված է նաև գետի ու խոտհարքի հետ, բայց հիմա, երբ գլխավոր օղակներից մեկն ավերվել է, արդեն վտանգի տակ է  ամբողջ տնտեսությունը: Երբ բարձրացնում եմ հարցը, ասում` դուք ավերում եք իմ տնտեսությունը, ասում են` չէ, ընդամենը քարեր են, որ ընկել են: Այդ քարերն իմ տնտեսությունն են ավերում»:
Հիշյալ հենասյան հիմքը, մեր զրուցակցի հավաստմամբ, անփույթ ձևով է պատրաստված, անմիջական հարևանությամբ արդեն նույնիսկ ճեղք է առաջացել, որը հողի սահքի հետևանքով կարող է մեծանալ ու հասնել հենասյան հիմքին: Ըստ նրա, այդ հենասյան տակ սկզբունքորեն պետք է լիներ բետոնյա կառույց, հենք, սակայն հողային, կարծես ցեխի շաղախով պատրաստված մի անհասկանալի բան է, գյուղացիները նույնիսկ իրենց գոմն այդպես չեն սարքի:
«Տոննաներ կշռող հենասյունն եթե առաջիկայում դրվի թեքության վրա գտնվող այդպիսի հիմքի վրա, մի օր ուժեղ քամու, ոչ ավերիչ երկրաշարժի կամ իր տակ եղած այդ խախուտ հիմքի քայքայվելու, ճաքճքելու, սահքի դեպքում, կարող է լարերի հետ տապալվել ներքև, սպանել մարդկանց, եթե այդ պահին նրանք գտնվեն իր տակ, ինչպես նաև ավերել գոմը և ոչնչացնել այնտեղ գտնվող անասուններին,- ասաց Հովհաննես Ստեփանյանը:- Շատ տարօրինակ է. երբ խոսում ենք վտանգի մասին, ասում են` դուք չեք կարող դրա մասին խոսել, քանի դեռ չի ընկել, ուրեմն ի՞նչ` պետք է այդ հենասյունն ընկնի իմ, այլ մարդկանց, անասունների գլխին, սպանի մեզ, գոմի վրա ընկնի, ավերի այն, դրանից հետո նո՞ր միայն իրավունք ունենամ բողոքելու… Ո՛չ, ես նախընտրում են փորձանքը, ողբերգությունը կամ թեկուզ վնասը կանխելու տարբերակը»: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play