Ռուսաստանն օգտագործում է հայկական գործոնը և այդ գործոնի հաշվին լուծում իր քաղաքական հարցերը. քաղաքագետ


Ռուսաստանն օգտագործում է հայկական գործոնը և այդ գործոնի հաշվին լուծում իր քաղաքական հարցերը. քաղաքագետ

  • 03-08-2017 18:43:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

 

ԱՄՆ-ն խստացնում է պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, փոխադարձ Ռուսաստանն է պատժամիջոցներ սկսում կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ, մասնավորապես Ռուսաստանում ԱՄՆ առաքելությունների աշխատակիցների թիվը պետք է հասցվի 455-ի։  Ինչի՞ կարող է սա հանգեցնել և ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել Հայաստանի համար։

 

Ես կարծում եմ, որ Ամերիկայի պատժամիջոցները հիմնականում ուղղվել են Ռուսաստանի քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, որոնք նույնկերպ առնչվելու են Հայաստանի հենց քրեաօլիգարխիկ համակարգի շահերին, որովհետև մենք արդեն շատ վաղուց գիտենք, որ ոչ Հայաստանի տնտեսությունն է զարգանում ազատ շուկայի օրենքներով, ոչ Ռուսաստանի։ Դրա համար ազդեցության էֆեկտը կարող է արտահայտվել նրանով, որ օլիգարխներն իրենց պոտենցիալ կորուստները դարձյալ փորձելու են կորզել ժողովրդից։ Սա առաջին խնդիրն է, բայց մեզ համար մտահոգիչ ամենակարևոր իրողությունը պաշտպանական համակարգի ընտրությունն է, որովհետև մենք հասկանում ենք, որ այդ պատժամիջոցներն ակնհայտորեն միտված են Ռուսաստանի տնտեսական այն լծակների վերացմանը, որոնք սնում են Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը։ Այսինքն՝ Ռուսաստանը պետք է վաճառի իր եղած զենքը և հնարավորություն չունենա արտադրել նոր զենքեր։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը գազալցակայան է, որը ներկայանում է իբրև պետություն։ Եվ հիմա այդ գազալցակայանը, գազային հիմնական ազդեցություններից զրկելու թիրախավորումն են այդ սանկցիաները։

 

Կարող եմ ասել, որ սանկցիաների հետևանքով Հայաստանի տնտեսությունը ուղղակի չի կարող տուժել մի պարզ պատճառով, որովհետև սանկցիաների հետևանքով տուժելու են տեխնոլոգիական, գազային և այլ ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության մեջ արդեն հասել են սպառման, մաշման և ապակայունացման բարձրագույն աստիճանի։ Հույս ունենանք, որ պատժամիջոցների հետևանքով հարավային և հյուսիսային նախագծերի ընդհատման հետ մեկտեղ Հայաստանը վերջապես խելքի կգա, կհասկանա, որ իրեն պետք են էներգետիկայի այլընտրանքային ճանապարհներ։ Ուղղակի այստեղ ուրիշ հարց կա՝ կուզենա՞ արդյոք Ռուսաստանը կորցնել իր այսպես կոչված գազային հաճախորդներից մեկին, որ այդպես հիանալի վճարում է ամենաբարձր գնով, և կուզենա՞ արդյոք Ռուսաստանը կորցնել Հայաստանին և արդյոք Հայաստանին գազային և ռազմական բանտում պահելու համար ավելի խիստ միջոցներ չի կիրառի։

 

Ռուսաստանի ձեռքին են բազմաթիվ լծակներ, որոնք տնտեսականից առավել քաղաքական լծակներն են։ Դրա համար Հայաստանում մոտակա ամիսներին, մանավանդ ամառային շոգերից հետո ակնկալելի են քաղաքական անհասկանալի իրողություններ, Հայաստանում ռուսական քաղաքական թևի ակտիվացում և իհարկե ղարաբաղյան ճակատի վրա լարում, որովհետև դրանք Ռուսաստանի փորձված և բազմիցս կիրառված լծակներն են։

 

Ռուս-թուրքական մերձեցումից ի՞նչ կարող է սպասել Հայաստանը, հատկապես տեսնում ենք, որ Մոսկվան զինում է ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային։

 

Երբ Հայաստանում կատարվում են բացահայտ քաղաքական իրողություններ, այսինքն՝ քաղաքական կոնյունկտուրան տարիներ շարունակ սնող նիշերը ներսից փլուզվում են, բայց մեր մամուլը, հեռուստատեսությունը, մեր վերլուծաբանները դրան հիմնականում չեն անդրադառնում։ Ո՞րն է Հայաստանի «ռազմահայրենասիրական», «դաշնակցական պատմահայրենասիրական» և հանրության մեջ անվերջ շրջանառվող միֆի հիմնական էությունը, որ Ռուսաստանն իբր պաշտպանում է Հայաստանը Թուրքիայից՝ մոռանալով, որ ոչ թե Ռուսաստանը ռազմաբազայով պաշտպանում է Հայաստանը Թուրքիայից, այլ ուղղակի պահպանում է Խորհրդային Միության վերջին սահմանը, որովհետև Հայաստանի սահմանը ԽՍՀՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմանին կանգնած վերջին հրթիռային պատնեշն է։ Բայց հիմա, երբ Թուրքիան բացահայտ արդեն բարձրաձայնում է ԵՄ-ին անդամակցության իր հայտը չեղարկելու մասին, երբ բացահայտում է ՆԱՏՕ-ն լքելու մասին իր մտադրությունները, ապա ակնհայտ է դառնում, որ այդ սահմանը՝ ռազմաբազայի տեսքով, շուտով Ռուսաստանին պետք չի գալու։ Իսկ դա նշանակում է, որ պետք չի գալու մոնոէթնիկ և հակաթուրքական Հայաստանի բնակչությունը։ Զարմանալի չէ, որ այդ համատեքստում խոսում են ռուսերենը պետական լեզու դարձնելու մասին, խոսում են ԵՏՄ բյուջեի չկատարման մասին, միասնական տարադրամի մասին։ Այսինքն՝ Ռուսաստանն այլևս հայկական գործոնի կարիք չի ունենա։ Իսկ հենց որ նա չունենա հայկական գործոնի կարիք, անմիջապես կդիմի այդ հայկական գործոնի վերացմանը։ Դա պատմական նախադեպ է։ Ռուսաստանն օգտագործում է հայկական գործոնը և այդ գործոնի հաշվին լուծում իր քաղաքական հարցերը։ Հիմա Արևմուտքի հետ իր այդ վիթխարի պարտության համատեքստում մենք կրկին համոզվում ենք, որ պատմական զարգացման ընթացքում մենք արել ենք մեծ սխալ՝ ենթարկվելով սեպտեմբերի 3-ի շանտաժին, որովհետև եթե մենք այդ ժամանակ չենթարկվեինք և դիմակայեինք այդ շանտաժին, մենք և կրկնակի քիչ կորուստներ կունենայինք, և կրկնակի շատ հեռանկարներ։

 

Օրերս Պուտինը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

 

Սա արդեն ակնհայտորեն տեղավորվում է իմ ասածի կոնտեքստում։ Դա Հայաստանի ինքնիշխանության գործոնները չեզոքացնելու խնդիր է լուծում։ Ես բազմիցս ասել եմ և էլի կրկնեմ, ռուսները երեք բան են թիրախավորելու՝ լեզուն, դրամը, բանակը։ Դրանք ֆորմալ ինքնիշխանության երեք հիմնասյուներին են։ Եվ դա նրանք անելու են ամենաստոր ձևերով։ Դա Ռուսաստանի քաղաքականությունն է։ Նրանց դրա համար մեղադրել չի կարելի, ամեն պետություն  հետապնդում է իր շահերը։ Թե ինչու Հայաստանը չի հետապնդում իր շահերը, այ դա է խնդիրը։

 

Այսինքն Հայաստանը չի՞ հետապնդում իր շահերը։

 

Իհարկե չի հետապնդում, որովհետև եթե Հայաստանը հետապնդեր իր շահերը, նա վաղուց կլիներ ոչ միայն արևային էներգիա շահագործող, այլև արևային պանելներ արտադրող, ոչ թե օդային տարածքը սահմանափակող, այլ օդային տարածքի տարանցիկ երկիր, ոչ թե գազային ասեղի վրա նստած ծայրագավառ, այլ առաջատար տեխնոլոգիաներ արտադրող երկիր։ Ուզում եմ նշել, որ համաշխարհային միտումներում արդեն ակնհայտ է, որ ամբողջ Արևմտյան Եվրոպան մինչև 2025-2040 թվականներ պլանավորում է հրաժարվել նավթային ու գազային սպասարկումից։ Մեքենաներն են դառնում էլեկտրական, արտադրություններն են դառնում էլեկտրական, որպեսզի կանխվի բնապահպանական ճգնաժամը։ Այսինքն՝ հասկանալի է, որ դրանով ամենադաժան ձևով դուրս են մղում շուկաներից և Ռուսաստանին, և այն մահմեդական երկրներին, որոնք համարվում են նավթային համաշխարհային դոնորները։ Պարզ է, որ այդ ռետրոգրադայի երկրները կյանքի և մահու պայքար են մղելու քաղաքակրթության դեմ։ Իսկ թե ինչու ենք մենք այդ պահին ռետրոգրադ ճամբարում՝ անկախ մեր քրիստոնեական անցյալից, անկախ մեր հայկական մարդկային ռեսուրսի հարստությունից, դա է ինձ համար զարմանալի։ Ասում են՝ հայի վերջին խելքն է լավ, բայց մեր վերջին խելքը գալիս է փլատակներից հետո։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play