Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը


Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը

  • 04-08-2017 11:27:09   | Հայաստան  |  Վերլուծություն

«Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը» մշակել են Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները:
 Ճանապարհային քարտեզը մտահղացված է որպես ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային հիմնարար փաստաթուղթ, որը նախատեսում է համախմբել հայությանը և Հայաստանի քաղաքացիներին և նրանց կամքի արտահայտմամբ ու իրագործմամբ սկիզբ դնել մարդկային երջանկության ապահովմանը և ազգային իղձերի կատարմանը կոչված հայրենի պետականության:
«Սասնա Ծռեր» անվանումը հուշում է, որ Ճանապարհային քարտեզի արժեհամակարգը, ռազմավարական ուղենիշները և ապագայի տեսլականը բխում են «Սասնա Ծռեր» հայոց էպոսի իմացաբանական ու հոգևոր-մշակութային համակարգից, իսկ նրա մեթոդի էությունն է հանուն ազատության ու արժանապատվության զոհաբերական պատրաստակամությամբ ընդվզումը:
Ճանապարհային քարտեզը հայության համամարդկային առաքելության ու Հայրենիքի իրավունքի մեկնակետից Նոր Հանրապետության հիմնադրման տեսական հիմնավորումների, նպատակների նախանշման և խնդիրների առաջադրման համատեքստում ներկայացնում է Հայաստանում ժողովրդի իշխանության հաստատման, Հայաստանի ապագաղութացման ու ինքնիշխանության հաստատման, Արցախը Հայաստանին դե յուրե միավորման և առաջիկա հեռանկարում Կուր և Արաքս գետերի միջակայքում պետության տարածքի ընդարձակման նախադրյալների ստեղծման ծրագիրը:
Ճանապարհային քարտեզը կենդանի և ապրող փաստաթուղթ է, ուստի ենթակա է մշտական լրամշակման ու կատարելագործման:
 
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր Հանրապետություն. ինչու և ինչպես
Նպատակներ և խնդիրներ
Սուբյեկտներ
Միջոցներ
Ժամկետ
Հավելվածներ
 
Նոր Հանրապետություն. ինչու և ինչպես
 
Ինչու
 
Իրավաքաղաքական հիմքերի պրոբլեմ
 
Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն: Նրա հիմնադրման փուլում խախտվել և ոտնահարվել է հայության, որպես մարդու իրավունքների ամբողջական և անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքը, երբ ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել է առանց հայության մասնակցության և Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու վերաբերյալ արդեն առկա և համայն հայության կամքն արտահայտող իրավական ակտերի՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման  և Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներին հակառակ, իսկ այնուհետև նախաձեռնվել է Արցախի անկախացման գործընթաց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ և 1991թ. դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացմամբ և դրանց հաջորդող համապատասխան արտաքին և ներքին քաղաքականությամբ: Այս գործողություններով արցախաբնակ հայությունը և նրա իրավունքը զատվել են համայն հայությունից և նրա իրավունքից ու հակադրվել են դրանց, մինչդեռ հայությունը մեկ միասնական և անբաժանելի ամբողջություն է որպես ազգային առաքելության և մարդու իրավունքների կոլեկտիվ սուբյեկտ:
 
Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն նաև, քանի որ նրա իրավաքաղաքական կերպափոխումների բոլոր փուլերի իրավական արձանագրումներն արտահայտող սահմանադրական հանրաքվեների (1995թ., 2005թ. և 2015թ.) արդյունքների կեղծմամբ ոտնահարվել է հայության ինքնորոշման իրավունքն ու սահմանադրաիրավական կամքը:
 
Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը դրանց ժառանգորդության (այդ թվում՝ իրավահաջորդության) մասով թույլ և հեռանկարի առումով փակուղային են, ինչպես նաև հակասում են Հայրենիքի իրավունքին և հայության ու նրա պետականության շահերին: Ներկա Հանրապետությունն իր ծնունդն ազդարարել և իրեն դիրքավորել է ոչ թե որպես համայն հայությանը պատկանող Հայրենիքի իրավունքի և դրա իրականացման ճանապարհին ստեղծված նրա իրավաքաղաքական-կազմակերպական գրավականի՝ 1-ին Հանրապետության, այլ այդ իրավունքը չճանաչող ու ոտնահարող և 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած ու ինքնիշխանությունից զրկած ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ: Դրա հետևանքով ներկա Հանրապետությունը փաստացի ճանաչում է հայության Հայրենիքի իրավունքի ժխտումը և այդ գործակցությամբ ձևավորված ու հայկական պետականության գործոնը բացառող, ասել է թե՝ հայկական պետականության հեռանկարը խափանող տարածաշրջանային ճարտարապետությունը, հաշտվում այդ հանգամանքի հետ և, հրաժարվելով ազգային առաքելության հեռանկարից, Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության ներուժից՝ ինքն իրեն զրկում է գործոն դառնալու, պետականությունը պահպանելու, իր Հայրենիքին վերատիրանալու և ազգային առաքելությունը վերաստանձնելու և իրականացնելու կարողությունից:
 
Բացի այդ՝ ներկա Հանրապետությունը որպես 3-րդ Հանրապետություն համարելը հակասում է նաև միջազգային իրավունքին, քանի որ Հայկական ԽՍՀ-ն իրավասուբյեկտություն չի ունեցել և չի համարվել միջազգային իրավունքի սուբյեկտ-պետություն:
 
Այս համատեքստում 1-ին Հանրապետության խորհրդանիշերի (դրոշ, հիմն, զինանշան) փոխառումը ծառայում է իմիտացիոն նպատակների և մոլորեցնող ազդեցություն ունի:
 
Հակապետության պրոբլեմ
 
Ներկա Հանրապետության քանակական և որակական հիմնական հատկանիշների համախումբը վկայում է, որ այն հակապետություն է: Այն ի սկզբանե ձևավորվել է հակապետության վերածվելու նպատակադրման համատեքստում և արդեն ամբողջանում է որպես այդպիսին:
 
Այսպես, նրա պետական կառավարման համակարգը, արտաքին հարաբերությունները և տնտեսությունը ի սկզբանե ձևավորվել են հիմնական պարամետրներով Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ՝ որոշակի փուլում վերստին գաղութի վերածվելու և Ռուսաստանի մաս կազմելու հեռանկարով: Ներպետական, ներազգային և միջազգային չափումներում տեղի ունեցող բոլոր մյուս գործընթացներն ու գործողությունները այս ծրագրի տեսակետից ժամանակավոր, իմիտացիոն, հարկադրված, երկրորդական և/կամ այլ ածանցյալ նշանակություն ունեն:
 
Այս հիմնական պատճառով ներկա Հանրապետությունը պետությանը բնորոշ՝ ազգի քաղաքական-տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման, նրա ու ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և պետության ինքնիշխանության, տարածքի ու բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնելու փոխարեն վերածվել է այդ արժեքների հաշվին օտար գաղութարարի և իր կառավարման համակարգի ղեկավար շերտի շահերն ապահովելու գործառույթ իրականացնող հակապետության՝ ըստ էության աշխատելով որպես ցեղասպանության, պետականազրկման և հայրենազրկման յուրօրինակ գործիք:
 
Նրա բազմաթիվ արատներն ու հիվանդությունները՝ ժողովրդի իշխանության յուրացում, պետության իրավասուբյեկտայնության, ուստի նաև՝ ինքնիշխանության բացակայություն, կոռուպցիա, ոստիկանաքրեական ռեժիմ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների համակարգված խախտումներ, մենաշնորհներ, քաղաքական դաշտի անզորություն, կուսակցությունների խամաճիկություն և/կամ չկայացածություն, վերնախավի գերակշիռ մասի գործակալացում, գաճաճություն և եսակենտրոնություն, առհասարակ պետության՝ որպես համակարգի, ձախողվածություն և չկայացածություն, վատ կառավարում և այլն, պայմանավորված են ներկա Հանրապետության հակապետություն լինելու հանգամանքով:
 
Տարածաաշխարհագրական անլիարժեքության պրոբլեմ
 
Տարածաաշխարհագրական անլիարժեքության պրոբլեմի պատճառով ներկա Հանրապետությունը չի կարող գոյատևել որպես ինքնուրույն սուբյեկտ: Ռուս-թուրքական «մկրատով» կտրտված նրա տարածքն իր նվազության, աշխարհագրական ռելիեֆի, հարևան պետությունների նկատմամբ դիրքի և այլ տարածաաշխարհագրական պարամետրների պատճառով չունի ինքնուրույն գոյատևման աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, ռազմական-ռազմավարական և պետության գոյության ու գործունեության համար կենսականորեն անհրաժեշտ այլ հատկանիշներ ձևավորելու ներուժ: Նման իրավիճակում պետությունը մշտապես գտնվում է որևէ տերության գաղութը լինելու կամ ռազմական զավթման ենթարկվելու ռեալ վտանգների առջև:
 
Երկուսն էլ ավարտվում են ոչնչացմամբ: Առաջինը՝ դանդաղ, իսկ երկրորդը՝ արագ:
 
Նվազագույն տարածաաշխարհագրական վիճակը, որն հնարավորություն է տալիս խուսափելու այս մահացու երկընտրանքից, դառնալու ինքնուրույն սուբյեկտ, կայացնելու հայկական գործոնն ու դրանով ապահովելու մեր ազատ ու արժանապատիվ կյանքը և իրատեսական դարձնելու Հայրենիքի վերատիրացումն ու հայության առաքելության վերաստանձնումը, Կուր-Արաքսյան բնական միջակայքն է:
 
Եզրակացություն
 
Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերի և հակապետություն լինելու պրոբլեմները համակարգային են, ուստի հնարավոր չէ այդ պրոբլեմները լուծել դրանց ծնող համակարգի ներսում և նրա միջոցով: Այդ, ինչպես նաև տարածաաշխարհագրական անլիարժեքության պրոբլեմները հնարավոր է լուծել միայն նոր համակարգ, տվյալ դեպքում՝ Նոր Հանրապետություն ստեղծելով, որը պետք է առաջնորդվի ազգային առաքելությամբ, հիմնվի Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության վրա, իր մեկնարկը տա և հետագա ընթացքն ապահովի հայության, որպես ամբողջական և անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքով ու սահմանադրական կամքով, ինչպես նաև ընդարձակվի առնվազն մինչև Կուր-Արաքսյան բնական միջակայքի սահմանները, առաջին հերթին ներառելով Արցախն իր այսօրվա տարածքով, երկրորդ քայլով վերահսկողություն հաստատելով Նախիջևանի նկատմամբ, իսկ այնուհետև ձեռնամուխ լինելով Կուր-Արաքսյան ամբողջ միջակայքի նկատմամբ իր իրավազորությունը հաստատելուն:
 
Ինչպես
 
«Ինչպես» հարցի պատասխանը հիմնականում տրված է Ճանապարհային քարտեզի նպատակների, խնդիրների և, համապատասխանաբար, դրանք իրագործելու ու լուծելու համար մշակված փաստաթղթերի միջոցով:
 
Միևնույն ժամանակ՝ Ճանապարհային քարտեզի մշակման տրամաբանությունը ամբողջական կերպով ըմբռնելու և առավել արդյունավետ կերպով կյանքի կոչելու համար կարիք կա ներկայացնելու Ճանապարհային քարտեզի մշակման հետևյալ մեթոդական մոտեցումները.
 
Շարժվել նվազագույն դիմադրության և հնարավորինս քիչ ջանքեր գործադրելու սկզբունքով՝ առավելագույնս օգտագործելով եղածի ռեսուրսը և հենվելով նրա արդեն առկա «ռելիեֆի» վրա:
Գտնել և կիրառել այն օպտիմումը, որը հնարավորություն է տալիս հավատարիմ մնալ նպատակներին և պահպանել ուղենիշերը, սակայն տալիս է նաև հետագայում ռազմավարական որոշումներ կայացնելու ազատություն:
Ընտրել հիմնական նպատակները և դրանց լուծման համար անհրաժեշտ խնդիրների այն 20 տոկոսը, որոնց լուծմամբ կլուծվեն առկա պրոբլեմների 80 տոկոսը:
Նպատակների և խնդիրների համակարգը կազմելիս և, համապատասխանաբար, դրանք իրագործելիս ու լուծելիս նկատի ունենալ, որ հարկավոր է շարժվել հակառակ հերթականությամբ: Ժողովրդի իշխանության յուրացումը և առկա պրոբլեմների հիմնական մասը գաղութացման հետևանք է, սակայն ապագաղութացման առաջին քայլը պետք է լինի ժողովրդի իշխանության հաստատումը, քանի որ առանց գաղութային վարչակազմի հեռացման, դրա առաջին քայլով՝ ազգային կամքի գերակայության հաստատման ու այն իրականացնող ազգային կառավարության ձևավորման Հայաստանը չի կարող հանդես գալ որպես սուբյեկտ և անհրաժեշտ քայլեր կատարել իր ազատագրման համար:
Հաշվի առնել, որ մինչ վարչախմբի հեռացումը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը Ճանապարհային քարտեզի իրականացման համար մարդկային, այդ թվում՝ առաջնորդային-ռազմավարական և կադրային-մասնագիտական, ինչպես նաև տեղեկութային, նյութատեխնիկական և այլ ռեսուրսները խիստ սակավ են լինելու, ուստի այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է շարժվել քանակի նկատմամբ որակի գերակայության և ակնկալվող արդյունքների հիմնական մասը վարչախմբին հեռացնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար պլանավորելու տրամաբանությամբ:
Նկատի ունենալ, որ պետության իրավասուբյեկտային կամքի ու իրավունքի և ինքնիշխանության միավորը քաղաքացին է, ուստի Նոր Հանրապետության հիմնադրման իրավաքաղաքական մեկնարկը անհրաժեշտ է տալ քաղաքացու կամքի և իրավունքի գործադրումն արտահայտող համապատասխան որոշմամբ՝ հանրաքվեի միջոցով:
 
Նպատակներ և խնդիրներ
 
Նպատակներ:
 
Ժողովրդի իշխանության հաստատում:
 
Ապագաղութացում և ինքնիշխանության հաստատում:
 
ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորում (Արցախի սահմանադրական տարածքով), ինչպես նաև առաջիկա հեռանկարում Կուր և Արաքս գետերի միջակայքում պետության տարածքի ընդարձակման նախադրյալների ստեղծում:
 
Պետության կենսունակության ապահովում:
 
Խնդիրներ (նշելով այն նպատակը/նպատակները, որին/որոնց տվյալ խնդիրը վերաբերում է):
 
Ազգային-ազատագրական շարժման ծավալում և կազմակերպական կայացում (2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4):
 
Ճանապարհային քարտեզի նպատակները և խնդիրները ընդունող առաջնորդային թիմի ձևավորում:
 
Առաջնորդային թիմի գլխավորությամբ ճանապարհային քարտեզի դրույթներին համապատասխան նախ՝ գաղափարական, ապա նաև՝ կազմակերպչական, տեղեկութային, նյութատեխնիկական և իրավապաշտպան բաղադրիչներ ունեցող քարշակի ձևավորում:
 
Շարժման ցանցային համակարգի ձևավորում Հայաստանում և արտերկրում:
 
Շարժումը սնուցող և նրա ընթացքն ապահովող գործողությունների կատարում և իրադարձությունների հարուցում:
 
Վարչախմբի հեռացում (2.1.1, 2.1.2):
 
Ժողովրդային ընդվզման լոկալ և զանգվածային գործողությունների կատարում:
 
Վարչախմբին կամք պարտադրելու համար անհրաժեշտ մեթոդների որդեգրում և կենսագործում:
 
Ժողովրդի վստահության կառավարության ձևավորում (2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4):
 
Ժողովրդի վստահության կառավարության ծրագրի մշակում և իրագործում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
 
Համազգային ներուժի համախմբում և արդյունավետ կերպով կիրառում (2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4):
 
Արցախի դե յուրե միացմամբ Կուր-Արաքսյան Նոր Հանրապետություն հիմնադրելու գործընթացը մեկնարկելու հարցի վերածում համահայկական օրակարգի գերակայության:
 
Գաղութային վարչակազմի նկատմամբ արտերկրի հայկական կառույցների շրջանում իրատեսական և ճշմարիտ տեսակետների արմատավորում:
 
Արտերկրի հայկական կառույցների և հայտնի հայերի հնարավոր ներգրավում Ճանապարհային քարտեզի իրականացման գործում:
 
Մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորում (2.1.1, 2.1.4):
 
Դատարանների անկախության երաշխավորում (2.1.1, 2.1.4):
 
Պետական կառավարման համակարգի և տնտեսության ապամենաշնորհացում (2.1.1, 2.1.4):
 
Քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիաների (գաղտնազերծումների) անցկացում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
 
Պետական կառավարման համակարգի, առաջին հերթին՝ նրա արտաքին հարաբերությունների, անվտանգային, պաշտպանական և ոստիկանական բաղադրիչների ապագաղութացում և միջազգային չափանիշների ու ազգային առանձնահատկությունների հաշվառմամբ՝ վերակազմավորում և օպտիմալացում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
 
Արտաքին հարաբերությունների ապագաղութացում ռուս-թուրքական երկընտրանքի1 հաղթահարման, այդ թվում՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի նկատմամբ ազգային շահերի դիրքերից վերաբերմունքի արտահայտման և գործողությունների կատարման, առաջին հերթին՝ մեզ վերաբերող մասով չեղյալ ճանաչելու միջոցով, Ռուսաստանի հետ կնքված և ՀՀ շահերին հակասող միջազգային պայմանագրերի վերանայում, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդրի լուծում, Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների հետ հարաբերությունների որակական սերտացում, Իրանի հետ ռազմավարական գործընկերության հաստատում, ինչպես նաև ռազմավարական ենթակառույցների և օբյեկտների ազգայնացում կամ դրանց նկատմամբ ազգային վերահսկողության հաստատում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
 
Ապախորհրդայնացում (ապակոմունիզացում)՝ կոմունիստական գաղափարախոսության և կոմունիստական շրջանի խորհրդառուսական բացասական ժառանգության հետևանքների չեզոքացում (2.1.2, 2.1.4):
 
Կոռուպցիայի վերացում (2.1.1, 2.1.4):
 
Նոր Սահմանադրության ընդունում (2.1.1, 2.1.2, 2.1.4):
 
Արցախը ՀՀ-ին դե յուրե միավորման ապահովում (2.1.2, 2.1.3, 2.1.4):
 
Նախիջևանի նկատմամբ Հայկական վերահսկողության վերահաստատում և Կուր և Արաքս գետերի միջակայքում պետության տարածքի ընդարձակման այլ նախադրյալների ստեղծում:
 
Նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրությունների անցկացում (2.1.1, 2.1.4):
 
 
Սուբյեկտներ
 
Ազգային-ազատագրական պայքար մղող ժողովուրդ:
 
ՀՀ քաղաքացիներ:
 
ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայեր:
 
Ազգային-ազատագրական պայքար մղող ժողովրդի ձևավորած հասարակական, ազգային և պետական կառավարման մարմիններ և կառույցներ:
 
 
Միջոց
 
Մինչ վարչախմբի հեռացումը՝ ժողովրդային ընդվզում:
 
Վարչախմբին հեռացնելուց հետո՝ Անցումային ժողովրդավարություն և Անցումային արդարադատություն (վերջինը՝ անհրաժեշտության դեպքում):
 
 
Ժամկետ
 
Երկու տարի, որն ընդգրկում է ժողովրդի վստահության կառավարության կազմակերպած ընտրությունների միջոցով ընտրված Անցումային խորհրդարանի գումարման պահից մինչև Նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրված խորհրդարանի գումարման պահը:
 
        ____________________________________________________________________
 
1. «Ռ ուս-թուրքական երկընտրանք» ձևակերպումը մեր ներմուծումն է: Այն նկատի ունի հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների առկա ձևաչափը, որը պայմանավորված է թուրքական լծից խուսափելու համար ինքնիշխան պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ: Այդ երկընտրանքը հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ինքնիշխան պետություն ստեղծելու և արտաքին հարաբերությունների սուբյեկտ ու գործոն դառնալու հնարավորությունից, իսկ ռուսական և թուրքական կողմերին էապես օժանդակում է իրենց շահերն ապահովել հայության և Հայաստանի շահերի հաշվին, ընդ որում՝ իրենց համար առավել բարենպաստ՝ հայկական գործոնը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով:
Ժամկետի հաշվարկը պայմանավորված է հետևյալ երկու չափանիշներով.
 
Ճանապարհային քարտեզի նպատակների իրագործմամբ և խնդիրների լուծմամբ Նոր Հանրապետության հիմնադրման պայմաններ և նախադրյալներ ձևավորելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատված,
 
Ժողովրդավարության փոխարեն բռնապետություն ծնելու վտանգ պարունակող անցումային իրավիճակի սահմանափակ ժամանակահատված:
 
Երկամյա ժամկետը նախատեսվում է բաշխել հետևյալ ժամանակահատվածների.
 
3 ամիս՝ Ճանապարհային քարտեզի նպատակների իրագործման և խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծրագրային փաստաթղթերի ու իրավական ակտերի մշակում և ընդունում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ դրանց կատարումն ապահովող մարմինների ու կառույցների ձևավորում,
 
18 ամիս՝ այդ փաստաթղթերի և իրավական ակտերի կատարում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա, պետական կառավարման համակարգի օպտիմալացում, տնտեսության և արտաքին հարաբերությունների ապագաղութացում, ապակոմունիզացում, ինչպես նաև զուգահեռաբար՝ Նոր Սահմանադրության նախագծի մշակում և դրա ընդունման հանրաքվեի անցկացում, Նոր Սահմանադրությանը համապատասխան անհրաժեշտ օրենքների, առաջին հերթին՝ Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի և նոր խորհրդարանի Կանոնակարգի մշակում և ընդունում, ինչպես նաև կուսակցությունների գրանցում (վերագրանցում),
 
3 ամիս՝ Նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրությունների անցկացում և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորում:
 
 
Հավելվածներ
 
«Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին» ՀՀ քաղաքացու որոշման նախագիծ:
 
«Անցումային սահմանադրական հիմնադրույթներ»-ի նախագիծ:
 
Ժողովրդի վստահության կառավարության ծրագրի նախագիծ (Ճանապարհային քարտեզի դրույթներին համապատասխան լրամշակում և հաստատում է ժողովրդի վստահության կառավարությունը):
 
Անցումային փուլի ծրագրի աշխատանքային նախագիծ (Ճանապարհային քարտեզի դրույթների հաշվառմամբ մշակում և Անցումային փուլի ժամանակահատվածի կառավարությանն է ներկայացնում ժողովրդի վստահության կառավարությունը):
 
 
Հավելված 1
 
Հայաստանի Հանրապետության քաղաքացու 
Որոշում Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին
 
Արձանագրելով, որ
ա) Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն առանց արցախաբնակ հայերի անցկացնելը և Արցախի անկախացման գործընթացը, այդ թվում՝ Արցախի անկախության հանրաքվեն, հակասում են համայն հայության կամքն արտահայտող ու իրավապատշաճ ձևով ընդունված իրավական ակտերի՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման և Հայաստանի անկախության մասին 1990թ. օգոստոսի 23-ի՝ Հայաստանին Արցախի վերամիավորման վերաբերյալ դրույթներին, ինչպես նաև համայն հայությունից զատում և նրան է հակադրում նրա արցախաբնակ հատվածին, ինչը ոտնահարել է հայության, որպես մարդու իրավունքների ամբողջական ու անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքը,
բ) ներկա Հանրապետության հետագա իրավաքաղաքական կերպափոխումներն արձանագրող բոլոր (1995, 2005 և 2015 թ.թ.) սահմանադրական հանրաքվեների արդյունքները կեղծվել են, ինչը ոտնահարել է հայության ինքնորոշման իրավունքը և ժողովրդի սահմանադրաիրավական կամքը,
փաստելով, որ այս հանգամանքների բերմամբ ներկա Հանրապետության գոյության և գործունեության իրավաքաղաքական հիմքերը դարձել են խախուտ և ոչ լեգիտիմ,
արձանագրելով, որ ներկա Հանրապետությունն իր ծնունդն ազդարարել և իրեն դիրքավորել է ոչ թե որպես ազգային առաքելության ու համայն հայությանը պատկանող ամբողջական Հայրենիքի իրավունքի և դրանց իրականացման ճանապարհին ստեղծված իրավաքաղաքական-կազմակերպական գրավականի՝ 1-ին Հանրապետության, այլ միջազգային իրավունքին հակառակ հայության առաքելությունը մերժող, նրա Հայրենիքի իրավունքը չճանաչող ու ոտնահարող և 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած և ինքնիշխանությունից զրկած ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք և իրավասուբյեկտություն չունեցած Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ,
փաստելով, որ 
ա) այս հանգամանքի բերմամբ ներկա Հանրապետությունն ինքնակամ կերպով հրաժարվում է ազգային առաքելությունից և համայն հայությանը պատկանող Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության ներուժից՝ ինքն իրեն զրկելով պետականությունը պահպանելու և տարածաշրջանում հայկական գործոն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու և ազգային առաքելությունը վերաստանձնելու կարողությունից,
բ) Հայրենիքի վերատիրացման և հայության առաքելության վերաստանձնման այդ կարողությունը հնարավոր է ձևավորել առնվազն Կուր-Արաքսյան միջակայքի տարածքն զբաղեցնող հայկական պետություն ունենալու պարագայում,
արձանագրելով, որ 
ա) ներկա Հանրապետությունն ի սկզբանե իր պետական կառավարման համակարգը, տնտեսությունը և արտաքին հարաբերությունները ձևավորում է հիմնականում Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ, ինչն արդեն պետությունը դարձրել է արտաքին կառավարման օբյեկտ, իսկ նրա կառավարման համակարգը՝ որպես խամաճիկային քաղաքական վերնախավ ունեցող գաղութային վարչակազմ՝ առաջացնելով Արցախի օտարման, պետության ինքնիշխանության կորստի և ներկա Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ներառելու իրական սպառնալիք,
բ) գաղութային վարչակազմը 1995թ. Ազգային ժողովի ընտրություններից սկսած կեղծել է բոլոր ընտրությունների արդյունքները և յուրացրել ժողովրդի իշխանությունը, իսկ իր իշխանությունը վերահաստատելու նրա բոլոր ընդվզումները ճնշել է բռնությամբ,
գ) գաղութային վարչակազմը համակարգված կերպով խախտում է մարդու և քաղաքացու իրավունքները՝ որպես պետության կառավարման հիմնական մեթոդներ դարձնելով ոստիկանաքրեական բռնությունը, կեղծիքը, ապօրինությունը, կոռուպցիան, անարդարությունը, մարդու շահագործումն ու բնական պաշարների գիշատչային օգտագործումը, ինչպես նաև հաստատել է քաղաքական և տնտեսական մենաշնորհային իրականություն,
փաստելով, որ այս հանգամանքների բերմամբ ներկա Հանրապետությունը պետությանը բնորոշ՝ մարդու իրավունքների պաշտպանության, ազգի քաղաքական-տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման, ինքնիշխանության, տարածքի ու բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնելու փոխարեն անդառնալի կերպով վերածվել է այդ արժեքների հաշվին օտար գաղութարարի և գաղութային վարչակազմի շահերն ապահովելու գործառույթ իրականացնող հակապետություն, որի գործունեությունն արդեն հանգեցրել է կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող կեղեքման, արդարության ճգնաժամի, սոցիալ-տնտեսական փլուզման, հոգևոր-մշակութային հետընթացի, մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթի, բնական միջավայրի անապատացման ու աղտոտման, բնական ռեսուրսների զգալի մասի սպառման, ազգային արժանապատվության, իրավունքների ու շահերի ոտնահարման, արտաքին ռազմական աճող սպառնալիքների համեմատությամբ պաշտպանունակության անհամաչափության ու շարունակական նվազման, տարածքային կորուստների ու ինքնիշխանության կորստի կայուն միտման՝ տեսանելի ապագայի համար ստեղծելով պետականության, հայրենաբնակ հայության և Հայրենիքի այս վերջին հատվածի գոյության իրական մարտահրավերներ, 
նպատակ ունենալով ստեղծել ազգային առաքելության վերաստանձնմանը և Հայրենիքի վերատիրացմանը հետամուտ հայկական գործոն ձևավորելու ունակ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն և դրա միջոցով հաղթահարել նշված գոյութենական մարտահրավերները, երաշխավորել համայն հայության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսական շահերն ու հիմնարար իրավունքները՝ այդպիսով պայմաններ ստեղծելով ազգի և անհատի երջանկության բնական իղձի կատարման, նրանց ազատ ու արժանապատիվ գոյության ու ստեղծագործ զարգացման համար, 
հանդես գալով որպես հայության առաքելության, Հայրենիքի իրավունքի, ազգային պետականության իրավաքաղաքական ժառանգության ու ինքնիշխանության կրող և իրականացնելով ինքնորոշման իրավունքս ու Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ինձ պատկանող իշխանության մասը
 
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հիմնադրել Նոր Հանրապետություն ներկայիս Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքի և Արցախի սահմանադրական տարածքի վրա՝ «Հայաստանի Հանրապետություն» անվանմամբ:
Մեկնարկել միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի և գործող միջազգային պայմանագրերի հենքի վրա Հայրենիքի և հայության այլ անօտարելի իրավունքների վերատիրացման իրավաքաղաքական գործընթաց և, առաջնահերթորեն՝ 
ա) հայությանը և Հայաստանին վերաբերող մասով չեղյալ ճանաչել այդ իրավունքները մերժող և/կամ սահմանափակող բոլոր միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները, ինչպես նաև այլ իրավական ակտերը և գործողությունները, այդ թվում՝ Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարության միջև 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը և Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ու Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների և Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կառավարության միջև Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության կառավարության մասնակցությամբ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը,
բ) Նոր Հանրապետության իրավազորության հաստատումը Նախիջևանի և Կուր գետի աջ ափի տարածքներում առաջադրել որպես այս գործընթացի հերթական քայլ:
Հաստատել սույն որոշմանը հավելված և նրա բաղկացուցիչ մասը կազմող Անցումային սահմանադրական հիմնադրույթները:
Անցումային սահմանադրական հիմնադրույթներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանձնարարել հետևյալ նպատակների իրագործմամբ ապահովել Նոր Հանրապետության հիմնադրման համար անհրաժեշտ պայմանները և նախադրյալները.
ժողովրդի իշխանության հաստատում,
ապագաղութացում և ինքնիշխանության հաստատում,
Հայաստանի Հանրապետությանը Արցախի դե յուրե միավորում (իր սահմանադրական տարածքով),
պետության կենսունակության ապահովում:
Սույն Որոշումը ուժի մեջ է մտնում, եթե այն ժողովրդի վստահության կառավարության սահմանած ժամկետում կայացրել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների (արցախաբնակ քաղաքացիները ներառյալ) կեսից ավելին:
Սույն Որոշման գործողության ժամկետը սահմանել երկու տարի՝ մինչև նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրված նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացման պահը: Եթե ռազմական կամ արտակարգ դրության պատճառով նոր Սահմանադրության հանրաքվեն և/կամ նոր խորհրդարանի ընտրությունը հետաձգվում է, ապա Որոշման գործողության ժամկետը երկարաձգվում է Անցումային սահմանադրական հիմնադրույթներով և նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով: 
 
Հավելված 1.1
 
«Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին»
Հայաստանի Հանրապետության քաղաքացու 
որոշման
 
Անցումային սահմանադրական հիմնադրույթներ
Բացատրական գրություն
 
Անցումային սահմանադրական հիմնադրույթները (այսուհետ՝ հիմնադրույթներ) ըստ էության Անցումային երկամյա փուլի ժամանակավոր սահմանադրությունն է: Այն մշակված է անցումային ժողովրդավարության սկզբունքով Անցումային փուլի սահմանադրաիրավական կարգավորումն ապահովելու համար:
Հիմնադրույթները ներառում են 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության 1-14-րդ գլուխների նորմերը՝ Անցումային փուլի տրամաբանությամբ պայմանավորված որոշակի բացառություններով և փոփոխություններով: Իսկ Սահմանադրության վերջին երկու 15-րդ (Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն) և 16-րդ (եզրափակիչ և անցումային դրույթներ) գլուխների դրույթները փոխարինվել են նոր Սահմանադրության մշակման և ընդունման, ինչպես նաև նոր Սահմանադրությանն անցնելու հարաբերությունները կարգավորող դրույթներով:
Պետական կառավարման համակարգի փոփոխության առումով հիմնադրույթների կարևոր առանձնահատկությունը նախագահի ինստիտուտի բացակայությունն է: Հիմնադրույթներով սահմանվում է, որ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործադիր և ներկայացուցչական լիազորությունները վերապահվում են Կառավարությանը և Վարչապետին, Կառավարության հրաժարականի ընդունման և նրա կազմում փոփոխություններ կատարելու լիազորությունները՝ Ազգային ժողովին, իսկ մնացած լիազորությունները, այդ թվում՝ քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման, բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման և ազատման, ներման, պարգևատրման, պատվավոր բարձրագույն զինվորական կոչումների և դասային աստիճանների շնորհման, պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակման լիազորությունները վերապահվում են Ազգային ժողովի խորհրդին: Օրենքները ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:
Հիմնադրույթներին համապատասխան՝ Ազգային ժողովը բաղկացած է մեծամասնական ընտրակարգով ընտրված 65 պատգամավորից, Վարչապետին ու փոխվարչապետին ընտրում է Ազգային ժողովը՝ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրության անալոգիայի կարգով, որը հետագայում արդեն Վարչապետի ներակայացմամբ ընտրում է Կառավարության մյուս անդամներին:
Հիմնադրույթների մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ Վարչապետի հրաժարականի կամ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում Կառավարության լիազորությունները չեն դադարում, սակայն նրա կազմում Վարչապետի առաջարկությամբ կարող են փոփոխություններ կատարվել: Հիմնադրույթները նաև անցումային ժողովրդավարության տրամաբանությամբ սահմանափակում են տեղական ինքնակառավարման իրավունքը՝ Կառավարությանը վերապահելով համայնքների ղեկավարներ, ինչպես նաև Երևանի, Գյումրու ու Վանաձորի ավագանու անդամների կեսի փոխարեն լիազոր ներկայացուցիչներ նշանակելու լիազորություններ:
 
Հավելված 1.1
 
«Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին»
Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշման
 
Անցումային սահմանադրական հիմնադրույթներ
 
Հոդված 1
«Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշմամբ հաստատված Անցումային սահմանադրական հիմնադրույթները (այսուհետև՝ Հիմնադրույթներ) ժողովրդի կամքն արտահայտող և բարձրագույն իրավական ուժ ունեցող իրավական ակտ է: Հիմնադրույթների նորմերը գործում են անմիջականորեն:
 
Հոդված 2
Հիմնադրույթները ներառում են 2015թ. դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը և 1-14-րդ գլուխների նորմերը՝ բացառությամբ 91, 92, 115, 123-127-րդ հոդվածների, 130-րդ հոդվածի, 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 140-145-րդ հոդվածների, 157-րդ հոդվածի, 168-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերի և 169-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի նորմերի:
 
Հոդված 3
Հիմնադրույթների իմաստով «Հիմնադրույթներ» և Սահմանադրության նախաբանում ու 1-14-րդ գլուխներում նշված «Սահմանադրություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը նույնիմաստ են:
 
Հոդված 4
Սահմանադրության նորմերը գործում են այնքանով, որքանով վերաբերելի են և չեն հակասում Հիմնադրույթներին:
 
Հոդված 5
Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ու պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետները սահմանափակված են Հիմնադրույթների գործողության ժամկետով:
 
Հոդված 6
Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքի ղեկավարի (Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքաներում՝ նաև ավագանու) միջոցով այն իրականացնելու սահմանափակմամբ:
Կառավարությունը Հիմնադրույթների գործողության ժամկետով լիազոր ներկայացուցիչների կարգավիճակով նշանակում է համայնքների ղեկավարներ:
Կառավարությունը կարող է դադարեցնել Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքների ավագանու անդամների մինչև մեկ երկրորդի լիազորությունները և նրանց փոխարեն ավագանու անդամներ նշանակել լիազոր ներկայացուցիչների կարգավիճակով:
 
Հոդված 7
Սահմանադրության 1-ին, 5-րդ, 48-րդ, 89-րդ, 90-րդ, 93-րդ և 105-րդ հոդվածների, 129-րդ հոդվածի, 147-րդ, 149-152-րդ հոդվածների, 158-րդ հոդվածի, 168-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 170-րդ հոդվածի նորմերը Հիմնադրույթներում ներառվում են հետևյալ խմբագրությամբ.
 
Սահմանադրություն, հոդված 1
Հայաստանի Հանրապետությունը անցումային ժողովրդավարության միջոցով «Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքացու Որոշմամբ սահմանված նպատակների իրագործմամբ պայմաններ և նախադրյալներ է ձևավորում ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ստեղծելու համար:
 
Սահմանադրություն, հոդված 5
Իրավական նորմերի աստիճանակարգությունը
1. Սահմանադրական օրենքները, օրենքները և ենթաօրենսդրական իրավական ակտերը պետք է համապատասխանեն Հիմնադրույթներին:
2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:
3. Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի բաղկացուցիչ մասն են: Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո:
4. Վավերացված միջազգային պայմանագրի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը, եթե այդ պայմանագրի մյուս կողմը (կողմերը) ընդունում է (են) իր (իրենց) ազգային օրենքների նորմերի նկատմամբ դրա նորմերի գերակայությունը:
5. Հիմնադրույթներին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել: Օրենքներին հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող հաստատվել:
 
Սահմանադրություն, հոդված 48
Ընտրական իրավունքը և հանրաքվեի իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Օրենքով կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց՝ տեղական հանրաքվեներին մասնակցելու իրավունքը:
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող, հայերենին տիրապետող և Սահմանադրության 95-րդ հոդվածով և (կամ) ժողովրդի վստահության կառավարության որոշմամբ սահմանված պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
3. Ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժ<
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play