Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ կլինի թույլ տեսնողների` համացանցից օգտվելու խնդիրներին. (Տեսանյութ)


Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ կլինի թույլ տեսնողների` համացանցից օգտվելու խնդիրներին. (Տեսանյութ)

  • 26-09-2017 13:06:26   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Հոկտեմբերի 2-ին Երևանում անցկացվելու է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը՝ ArmIGF 2017, «Ինտերնետ կառավարումը կայուն և ներառական զարգացման համար» խորագրի ներքո:  
 
Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: 
 
Ըստ նրա՝ Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովը կազմակերպվում է Հայաստանի Ինտերնետ Կառավարման Խորհրդի կողմից, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվատական տեխնոլոգիաների նախարարության և «Ինտերնետ Հանրություն» ՀԿ աջակցությամբ:
 
Նպատակն է մեկ հարթակում միավորել ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին և քննարկել ինտերնետի աննախադեպ արագ զարգացման հետևանքով առաջացած խնդիրները և մարտահրավերները՝ առաջարկելով համապատասխան լուծումներ: 
 
«Ինտերնետ կառավարման խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին վարչապետի հրամանով. Հանձնաժողովի աշխատանքը հիմնականում կայանում է նրանում, որպեսզի ինտերնետի զարգացմամբ պայմանավորված արագ փոփոխվող աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների շուրջ կարողանանք ձևավորել հանրային կարծիք, քննարկենք այդ մոտեցումները և ներկայացնենք ՀՀ կառավարություն»,- նշեց Գ. Սաղյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ այս տարի Հայկական ինտերնետ կառավարման երրորդ համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ Ավանդական գրադարանները թվային դարում, Ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա, Տեղեկատվական անվտանգություն և կիբերանվտանգություն, Անձնական տվյալները թվային դարում, Բաց կառավարության համագործակցություն, Ամպային տեխնոլոգիաներ, Հաշմանադամների իրավունքները թվային դարում: 
 
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահի տեղեկացմամբ` վերոնշյալ համաժողովին մասնակցելու են ՄԱԿ-ի Ինտերնետ  կառավարման համաժողովի քարտուղարը, Ինտերնետի անուններ և հասցեներ տրամադրող (ICANN) և IP հասցեներ տրամադրող եվրոպական (RIPE NCC) կազմակերպության, ինչպես նաև Ինտերնետ Հանրության եվրոպական բյուրոյի ներկայացուցիչները: 
 
Համաժողովի սեսիաները վարելու են ՀՀ հանրային ռադիոյի ղեկավար Մարկ Գրիգորյանը, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղեկալ Բորիս Դեմիրխանյանը և «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: 
 
«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության Արտաքին կապերի մենեջեր Լիաննա Գալստյանն իր հերթին նշեց, որ այս տարի համաժողովը բաղկացած է լիելու երեք սեսիաներից, որոնց ընթացքում հրավիրված փորձագետները և համաժողովի մասնակիցներն իրենց կարծիքն են հայտնելու քննարկվող հարցերի շուրջ: 
 
Լ. Գալստյանի խոսքերով` սեսիաներից մեկը նվիրված է արդիական մի թեմայի` Անձնական տվյալների պաշտպանությանը, որը վարելու է ոլորտի մասնագետ Գևորգ Հայրապետյանը: 
 
«Մեզ հաջողվել է համագործակցություն ձեռք բերել ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ, և նրանց հովանավորությամբ և աջակցությամբ էլ կարողանում ենք կազմակերպել այս համաժողովը»,- փաստեց նա: 
 
Բանախոսների փոխանցմամբ` առաջիկայում նախատեսում են Ինտերնետ կառավարման դպրոց կազմակերպել պետական ծառայողների համար:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ