Վաղը կլրանա Դավիթ Հովակիմյանի սպանության գործով դատապարտված անմեղ անձի անազատության մեջ գտնվելու 4-րդ տարին


Վաղը կլրանա Դավիթ Հովակիմյանի սպանության գործով դատապարտված անմեղ անձի անազատության մեջ գտնվելու 4-րդ տարին

  • 11-10-2017 20:04:40   | Հայաստան  |  Իրավունք

 
Վաղը կլրանա Դավիթ Հովակիմյանի սպանության գործով դատապարտված անմեղ անձի՝ Կարեն Կոնգուրցևի անազատության մեջ գտնվելու չորրորդ տարին։ Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց տուժողի իրավահաջորդ Հակոբ Հովակիմյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ իր որդու իրական սպանողը գտնվում է ազատության մեջ։ 
 
Փաստաբան Արմինե Ֆանյանի տեղեկացմամբ՝ իրենք արդեն Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել Կարեն Կոնգուրցևին անմեղ ճանաչելու և ազատ արձակելու պահանջով: 
 
«Մենք գտնում ենք, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն օրինական է և հիմնավորված: Այդ որոշմամբ Կարեն Կոնգուրցևն արդարացվել էր, քանի որ մեր պնդմամբ՝ Դավիթ Հովակիմյանի մահվան համար պատասխանատու է այլ անձ, մինչդեռ պետությունը չկատարելով իր առջև դրված պարտականությունները, այն է՝ բացահայտել հանցաք կատարած անձանց, ինչպես նաև վերականգնել սոցիալական արդարությունը, ամբողջովին սխալ հունով ընթացած քննության և բազմաթիվ չարաշահումների արդյունքում այսօր ունենք դատապարտված ակնհայտ անմեղ մարդ, ինչպես ըստ մեզ, այնպես էլ քրգործի տվյալներով»,- ընդգծեց նա: 
 
Փաստաբանը վերահաստատեց այն կարծիքը, որ պետությունը չի պաշտպանում տուժողների և իրավահաջորդների իրավունքները։ 
 
Փաստաբան Արայիկ Պապիկյանն իր հերթին նշեց, որ ինչպես Դավիթ Հովակիմյանի, այնպես էլ Արտյոմ Ադանալյանի և Հրաչյա Ֆալանջյանի սպանությունների գործերով տուժողի իրավահաջորդները տարիներ շարունակ պետության կողմից պատշաճ իրավական աջակցություն չեն ստանում: 
 
Նրա խոսքերով՝  դասական իրավունքի տեսանկյունից տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպանն առաջին հերթին պետք է լինի պետությունը՝ ի դեմս մեղադրող դատախազի, մինչդեռ նշյալ երեք գործերի դեպքում դատավարության ընթացքում տուժողի իրավահաջորդներն ակամայից սկսել են հանդես գալ մեղադրող դատախազի հետ հակառակ կողմերում: 
 
«Այս ամենն առավել ցավալի է, քանի որ մենք գործ ունենք սպանության դեպքերի հետ. Նշյալ բոլոր դեպքերում կյանքից զրկվել են երիտասարդներ»,- ասաց նա՝ հավելելով, որ տուժողի իրավահաջորդները կրկնակի ցավ են ապրում, երբ իրենց շահերը չի պաշտպանվում, քանի որ վերջիններս փաստացի կորցրել են ոչ միայն իրենց մտերիմներին, այլև պետության կողմից ստանում են երկրորդ հարվածը։ 
 
Ա. Պապիկյանն ընդգծեց, որ այս գործերով նախաքննություններն ու դատավարություններն ընթանում են աղաղակող այնպիսի խախտումներով, որոնք ըստ փաստաբանի՝ ֆանտաստիկայի ժանրից են: 
 
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ Հայաստանի դատաիրավական համակարգում այնպիսի խայտառակ իրավիճակ է տիրում, որ թե տուժողների իրավահաջորդները, թե փաստաբաններն իրենց միակ հույսը կապում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ: 
 
Նրա համոզմամբ՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների կամ օլիգարխների մտերիմ տուժողներից բացի, մյուս բոլոր հասարակ տուժած քաղաքացիների դեպքում իրավահաջորդների իրավունքները որևէ մեկը չի պատրաստվում պաշտպանել պետական մակարդակով: 
 
«Նորմալ միավոր պետության մեջ չի կարող նման իրավիճակ տիրել: Պարզապես խայտառակություն է, երբ պետությունը չպաշտպանելով տուժողի իրավահաջորդների իրավունքները՝  ուղղակի կերպով ստիպում է վերջիններիս մի կողմ դնել սեփական վիշտը և զբաղվել քրեկան գործի ուսումնասիրությամբ»,- փաստեց Ն. Կարապետյանցը՝ շեշտելով, որ բոլոր երեք գործերով դատախազական վերահսկողությունն իսպառ բացակայել է: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play