Ըստ տնտեսագետ Գագիկ Վարդանյանի, հայ-թուրքական սահմանի<br /> բացումով դրական որակական փոփոխություններ կլինեն Հայաստանի ՀՆԱ-ի<br /> կառուցվածքում<br />


Ըստ տնտեսագետ Գագիկ Վարդանյանի, հայ-թուրքական սահմանի
բացումով դրական որակական փոփոխություններ կլինեն Հայաստանի ՀՆԱ-ի
կառուցվածքում

  • 30-09-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսական զարգացման վրա զգալի դրական ազդեցություն կունենա, դրական որակական փոփոխություններ կլինեն նաեւ ՀՆԱ-ի կառուցվածքում: Այս մասին սեպտեմբերի 30-ի ասուլիսում հայտնեց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը` հավելելով, որ կլինի ՀՆԱ-ի մոտ 1%-ի աճ, քանի որ այդպիսով Հայաստանի համար բացվում է նոր ծովային ելքի հնարավորություն դեպի այլ երկրներ: Ըստ տնտեսագետի, սահմանի բացումով տնտեսական ակտիվությունը կտեղափոխվի բոլորովին այլ, նոր հարթություն եւ տնտեսության մեջ կզարգանան նոր ճյուղեր: «Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար նշանակում է նաեւ մուտք գլոբալ արժեքների ստեղծման ավելի մեծ շղթայի մեջ: Այդ իրադարձությունը նաեւ էականորեն կանդրադառնա զբոսաշրջության զարգացման վրա, կնպաստի երկրում ենթակառուցվածքների զարգացմանը, Հայաստանը կընդգրկվի տարածաշրջանային նշանակության խոշոր ծրագրերի մեջ»,- ասաց Գ.Վարդանյանը: Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, թե հայկական շուկան սահմանի բացման արդյունքում կողողվի թուրքական էժան եւ անորակ ապրանքներով, ինչի արդյունքում կտուժի եւ' սպառողը, եւ' տեղական արտադրողը, Գ.Վարդանյանը նշեց, որ դա նախեւառաջ մրցակցություն կառաջացնի, ինչը հայաստանյան տնտեսվարողներին կստիպի առավել մրցունակ դառնալ: Բացի դրանից, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման դեպքում Հայաստան կմտնեն նաեւ համաշխարհային մի շարք խոշոր բրենդներ, որոնք Անդրկովկասում գործելու արտոնագիր ունեն, սակայն Հայաստանում ներկայացված չեն փոքր շուկաների պատճառով: Ըստ բեռնափոխադրումների իրականացմամբ զբաղվող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի, սահմանի բացումը դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս բեռնափոխադրումների իրականացման այլընտրանքային ուղիներ է ստեղծում, ինչի հետեւանքով կնվազեն թե' ցամաքային, թե' ծովային ուղիներով բեռնափոխադրումների գները, որոնք այսօր վրացական կողմը սահմանել է բավականին բարձր: Մասնավորապես, սահմանի բացման դեպքում Վրաստանի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումները կկրճատվեն 20%-ով, իսկ Հայաստանից Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային փոխադրումները 50%-ով կշրջանցեն Վրաստանը: Հայաստանը Վրաստանի համար կդառնա տարանցիկ ուղի դեպի Միջերկրական ծով, դա հատկապես դեպի Հնդկաստան եւ Չինաստան բեռներ փոխադրելու ավելի կարճ եւ ձեռնտու ճանապարհ կլինի, քան ներկայիս ճանապարհը, որը շրջանցում է Սեւ ծովը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play