Յարոսլավլում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով<br /> հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը<br />


Յարոսլավլում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով
հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը

  • 25-09-2009 21:00:00   | Ռուսաստան  |  Տնտեսություն
ՅԱՐՈՍԼԱՎԼ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաք, որտեղ կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ լիագումար նիստը: Մինչ նիստի սկիզբը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` Տ.Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի, առանձնազրույցը: Այնուհետեւ համանախագահները մասնակցել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը: Նիստը բացել է Ի.Լեւիտինը, ով հատկանշական է համարել այն, որ նիստը տեղի է ունենում Յարոսլավլում. օրեր առաջ նույն քաղաքում կայացել է միջազգային ֆորում, որտեղ քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու նոր միջազգային տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Իր խոսքում Տ.Սարգսյանն անդրադարձել է երկկողմ տնտեսական համագործակցությանը: «Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած գործընթացները նման են Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցողներին: Դա պատահական չէ: Մեր տնտեսական համակարգերը փոխպայմանավորված ու ինտեգրված են: Հայաստանի Հանրապետությունում ռուսական կապիտալով 1000-ից ավելի ընկերություն է աշխատում: Էներգետիկ համակարգերն ու տրանսպորտային հաղորդակցությունն ինտեգրված են ռուսաստանյան տնտեսության հետ»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ առաջին կիսամյակում ճգնաժամը բավական ուժեղ է հարվածել տնտեսությանը, սակայն այսօր, զգուշավոր լավատեսությամբ, կարելի է նկատել տնտեսության աճի միտումներ: Դա նշանակում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունքեր է տալիս: Անցնելով օրակարգի հարցերին, նիստի մասնակիցները քննարկել եւ որոշումներ են ընդունել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 2008թ.-ի հոկտեմբերի 20-ին կայացած տասներորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային հիմքի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի դիմաց Ռուսաստանի Դաշնությանը փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության մասին: Նիստի մասնակիցները դրական են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նիստի ավարտին Տ.Սարգսյանը եւ Ի.Լեւիտինը ստորագրել են Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստի Արձանագրությունը, որից հետո տեղի է ունեցել նրանց մամուլի ասուլիսը: Հանձնաժողովի 12-րդ նիստի անցկացման վայրն ու ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play