Սերժ Սարգսյան. Հարկային ու մաքսային գործընթացները առավելագույնս պարզեցնելու հարցում երկրի ղեկավարության նպատակները լուրջ են


Սերժ Սարգսյան. Հարկային ու մաքսային գործընթացները առավելագույնս պարզեցնելու հարցում երկրի ղեկավարության նպատակները լուրջ են

  • 27-04-2011 22:31:22   | Հայաստան  |  Տնտեսություն
Պետական բյուջե մուտքեր կատարելիս հարկատուներին ավելորդ հոգսերից ազատելու, հարկային ու մաքսային գործընթացները առավելագույնս պարզեցնելու հարցում Հայաստանի ղեկավարության նպատակները լուրջ են։ Այս մասին Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության ոլորտում գործող հիմնական ընկերությունների տնօրենների ու սեփականատերերի հետ ապրիլի 27-ի խորհրդակցությանը այս մասին հավաստիացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ վերջերս երկրի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է առաջիկա երեք տարիների կտրվածքով հարկային ու մաքսային բարեփոխումների ծրագիրը։ Խորհրդակցության ավարտին լրագրողների հետ հարցազրույցում երկրի ղեկավարն ընդգծեց, որ դա բնավ չի նշանակում, թե երկրի ղեկավարությունը մտադիր է իջեցնել հարկերի դրույքաչափերը. «Մենք չենք կարող կրճատել մեր ծախսերը սոցիալական, կրթության, առողջապահության, պաշտպանության ոլորտներում, մենք չենք կարող թոշակներ չվճարել կամ ուշացումներով վճարել։ Ուստի պարզեցնելով այդ գործընթացները, մենք իրավունք ունենք ակնկալելու ըմբռնումով մոտեցում հարկատուների կողմից՝ դա փոխադարձ շահավետ գործընթաց է»,- պարզաբանեց երկրի ղեկավարը, ընդգծելով, որ լեռնամետալուրգիական ոլորտում աշխատում է երկրի խոշոր հարկատուների մի մասը։ Խորհրդակցությանը, ըստ երկրի ղեկավարի, խոսք է գնացել ոլորտի զարգացման ծրագրերի մասին, մասնավորապես, ձեռնարկատերերը նշել են, որ առաջիկա 3-3,5 տարիների ընթացքում իրենք պատրաստվում են կրկնապատկել իրենց արտադրության ծավալները։ «Դա նշանակում է կրկնապատիկ ավելի հարկեր, դա նշանակում է եթե ոչ կրկնապատիկ, գոնե 0,7-0,8 անգամ ավելի աշխատատեղ, եւ բնականաբար ուղեկցող այլ արտադրություններ»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play