Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Մայր Աթոռում տեղի ունեցած արարողությանը


Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Մայր Աթոռում տեղի ունեցած արարողությանը

  • 08-01-2018 14:59:33   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը բացակայել է Մայր Աթոռում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության առիթով տեղի ունեցած արարողությունից:
 
Ամեն տարի տեղի ունեցող այդ արարողությանը մասնակցող Սերժ Սարգսյանը բաց է թողել 2018 թվականը, ինչն առավել հետաքրքիր է դարձնում հանգամանքը, որ Սարգսյանի համար դա վերջինն էր նախագահի պաշտոնում:
Ընդ որում, մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ իր նախագահության վերջին այդ արարողությունը բաց թողեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը, 2008 թվականի հունվարի 6-ին: Այդ օրը նա էլ չմասնակցեց Մայր Աթոռում տեղի ունեցած արարողությանը: Քոչարյանի դեպքում հայտնի էր, որ նա այդ օրը Ծաղկաձորում էր, եկեղեցական արարողությունից նախընտրել էր դահուկային ժամանցը:
Իր նախագահության վերջին Սուրբ Ծնունդը Մայր Աթոռում բաց է թողել նաեւ Սերժ Սարգսյանը: Ո՞րն է պատճառը, պարզ չէ: Որտե՞ղ է եղել Սերժ Սարգսյանը՝ Հայաստանու՞մ, թե՞ Հայաստանից դուրս: Եվ ի՞նչ պատճառով՝ առողջակա՞ն, թե՞ Սարգսյանը պարզապես գտնվել է արտերկրում որեւէ հանդիպման համար, որը սակայն չի եղել հրապարակման ենթակա:
Բանն այն է, որ թեեւ Հայաստանը նշում էր «յոթ օր յոթ գիշեր» տեւողությամբ հերթական Նոր Տարին՝ բարեբախտաբար վերջինը, քանի որ 2019 թվականից հունվարի 3-ից այլեւս սկսվելու է աշխատանքային առօրյան, աշխարհը եւ մասնավորապես Հայաստանի անմիջական հարեւանությամբ Իրանը ապրում էին բուռն քաղաքական եւ գուցե ռազմա-քաղաքական իրադարձություններ:
Դրանք Սերժ Սարգսյանի համար կարող էին առաջացնել հրատապ հանդիպումների կամ ճշգրտումների անհրաժեշտություն: Հարցն այն է, թե որտե՞ղ:
Թե՞ Սարգսյանը այլ տեղում է գտնվել ժամանցի նպատակով, փորձելով լիցքաթափվել եւ ուժ հավաքել աշխատանքային մեկնարկի համար:
Պետք չէ բացառել գուցե նաեւ այն, որ Սարգսյանը իր նախագահության վերջին տարում թե իրեն, թե համակարգը փորձել է ադապտացնել իր բացակայությանը պետական-պաշտոնական արարողություններից եւ միջոցառումներից, վարժեցնել համակարգն իր բացակայությանը:
Այդ տեսանկյունից էլ հետաքրքիր է դառնում Մայր Աթոռի արարողությանը Սարգսյանից բացի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի բացակայությունը, ու նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությունն ու դերակատարությունը Մայր Աթոռում տեղի ունեցած Սուրբ Ծնունդի եւ Աստվածհայտնության առիթով արարողությանը: Վիգեն Սարգսյանին ընձեռվել էր Խաչը պահելու պատիվը:
Ինչ խոսք, դա հետաքրքիր, այդուհանդերձ միարժեք հանգամանք չէ, թե հանրությունն այդպիսով դառնում է ապագա վարչապետահայտնության ականատես:
Ի վերջո, նույն պատվին իր նախարարության ընթացքում կարծես թե արժանացել էր նաեւ Սեյրան Օհանյանը: Իհարկե, նա այդ շրջանում դիտարկվում էր Սերժ Սարգսյանի հնարավոր «ժառանգորդ», բայց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց:
Ինչու է բացակայել Կարեն Կարապետյանը, նույնպես պարզ չէ: Մյուս կողմից, Կարապետյանի բացակայությունն էլ ուշագրավ է այն աղմուկի համատեքստում, որ նրա վարչապետ նշանակման առաջին շաբաթներին ծագեց եկեղեցական մի արարողության ընթացքում չխաչակնքելու առիթով: Հետո վարչապետի մամուլի ծառայությունը տարածեց շտապ տեղեկություն եւ տեսանյութ, թե ինչպես է նա խաչակնքում:
Հայաստանի իշխող  համակարգի բնույթն ու կառուցվածքը, նաեւ Հայաստանի հանրության շրջանում առկա մտածողության ու մշակույթի մի զգալի հատված ստեղծում է իրավիճակ, երբ Մայր Աթոռում «լեգիտիմությունը» Հայաստանի իշխանության մեջ դիրքային խնդիրների համար ունի չափազանց կարեւոր նշանակություն: Իհարկե, այս կամ այն արարողությանը ներկայությունն ու բացակայությունն ամենեւին ճակատագրական նշանակություն ունեցող հանգամանքներ չեն, սակայն անշուշտ առաջացնում են հարցեր, առաջին հերթին թերեւս հենց իշխող համակարգի ներսում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play