Նոր երթուղային ցանցով ուղևորները մեկ անգամ են վճարելու՝ անկախ նրանից, թե քանի ավտոբուս են փոխելու Ա կետից Բ կետ հասնելու համար


Նոր երթուղային ցանցով ուղևորները մեկ անգամ են վճարելու՝ անկախ նրանից, թե քանի ավտոբուս են փոխելու Ա կետից Բ կետ հասնելու համար

  • 02-02-2018 17:44:35   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևան քաղաքի համար նախատեսված նոր երթուղային ցանցի ներդնումից հետո ուղևորները մեկ անգամ են վճարելու՝ անկախ նրանից, թե քանի ավտոբուս են փոխելու Ա կետից Բ կետ հասնելու համար: Բայց թե որքան կարժենա երթևեկության մեկ տոմսը, քաղաքային իշխանությունները դեռևս չեն կարող ասել, քանի որ կոնկրետ հաշվարկներ առայժմ չեն արվել: 
 
Ինչպես փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը, ուղեվարձի արժեքը հստակեցնելու համար խորհրդատվական կազմակերպության առջև խնդիր է դրվել ներկայացնել թե կիլոմետրաժի, թե ժամային գործոնների հաշվարկով տարբերակների կիրառման հնարավորությունները: 
 
Ըստ նրա՝ տոմսային համակարգի մշակման հարցում սկզբունքային է լինելու առավել օպտիմալ և բնակիչների համար մատչելի տարբերակների ընտրությունը, իսկ համապատասխան վերլուծական աշխատանքից հետո վերջնական և հնարավոր տարբերակը դրվելու է հանրային քննարկման: 
 
Ներկայացնելով նոր երթուղային ցանցի առավելությունները՝ փոխքաղաքապետը, մասնավորապես, նշեց. 
 
«Հունվար ամսին տրանսպորտային նոր ցանցի նախագիծն աշխատանքային խմբին ներկայացնելուց հետո վարորդների կրճատման, տրանսպորտային միջոցների քիչ քանակության, երթևեկության ժամանակի ավելացման կամ սակագնի մասին շրջանառվող խոսակցությունները, թերևս, գործընթացի մասին քիչ տեղեկացված լինելու հետևանք են: Ըստ էության, շարժակազմի և երթուղիների կրճատումն օպտիմալ լուծումների և խելացի նախագծման արդյունք է: Մասնավորապես, հաշվարկված 939 ավտոբուսները և 111 տրոլեյբուսները բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկման համար: Միաժամանակ, նոր ցանցով նախատեսված 42 երթուղայիներն ընդգրկելու են Երևանի ողջ տարածքը: Նոր ցանցի կարևորագույն սկզբունքներից մեկն էլ այն է, որ ուղևորները Ա կետից Բ կետ կարող են հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանաման հստակ չվացուցակ, և մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթևեկությունը: Մեկ ուղևորության համար քաղաքացիները վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա»: 
 
Անդրադառնալով այն մտավախություններին, թե երթուղային նոր ցանցի ներդրման դեպքում վարորդների թիվը կրճատվելու է, Վ. Նիկոյանը նշեց, որ վաղ է նման կանխատեսումներ անելու համար: 
 
Նրա փոխանցմամբ՝  վարորդներն աշխատելու են հերթափոխով, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, վարորդների թիվը ոչ թե կկրճատվի, այլ կավելացվի: 
 
«Նոր ցանցն ապահովելու է էական ծախսերի տնտեսումներ և բեռնաթափելու է ինչպես Երևանի փողոցներն, այնպես էլ կանգառները. Բացառվելու են միկրոավտովբուսները և կրկնվող երթուղիները»,- ընդգծեց քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ 18 մետրանոց ավտոբուսները փորձարկվելու են մայրաքաղաքի փողոցներում և անհարամարությունների առաջացման դեպքում, դրանք կփոխարինվեն 12 մետրանոց ավտոբուսներով: 
 
Վ. Նիկոյանը նաև հստակեցրեց, որ նոր տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ընդհանուր առմամբ որքա՞ն կարժենա երթուղային նոր ցանցի գործարկումը, փոխքաղաքապետը նշեց, որ թիվը տատանվում է 100 մլն դոլարի միջակայքում: Մասնավոր ներդրողի չգտնվելու դեպքում նախատեսված գումարը պատրաստ է ներդնել Երևան համայնքը: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play