Թուրքական իշխանությունների ու Աթեշյանի կողմից հնարավոր են վրեժխնդրության դրսևորումներ


Թուրքական իշխանությունների ու Աթեշյանի կողմից հնարավոր են վրեժխնդրության դրսևորումներ

  • 26-02-2018 19:13:01   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը

 

-Պարոն Մելքոնյան, Գերագույն հոգևոր խորհուրդը չորս օր քննարկելուց հետո կոչ է անում Պոլսո պատրիարքի ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունից ստացվում է, որ ամբողջ պատասխանատվությունը թողնում են պոլսահայ համայնքի և Թուրքիայի իշխանությունների ողջամտության վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։
 
 
-Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ կան կարևոր շեշտադրումներ, որ թուրքական իշխանությունները միջամտել են, որ անձնական շահախնդրության հարց կա: Սակայն, ցավոք սրտի, բացակայում են մի շարք կարևոր հայտարարություններ, շեշտադրումներ, որ սպասում էր և հայ ժողովուրդը Հայաստանում, և պոլսահայությունը: Մասնավորապես այն հստակ գնահատականները, որ պետք է հնչեին ստեղծված իրավիճակի, անցած 10 տարի տևող այս ողջ պրոցեսի մասին, և Բեկչյան սրբազանի կարգավիճակի մասին։ Ես այդ հայտարարության մեջ որևէ անդրադարձ չտեսա, թե ինչպիսին է Մայր Աթոռի վերաբերմունքը ընտրյալ տեղապահի կարգավիճակին։ Այսինքն՝ ինչպես են գնահատում այն երևույթը, որ Թուրքիայում այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ընտրյալ տեղապահը հեռանա, ինչպես են մոտենում թուրքական իշխանությունների այն հայտարարությանը, որ տեղապահն իրենց համար հասկանալի չէ, «այսպես կոչված» է, ինչպես են մոտենում այն հոգևորականներին, որոնք թուրքական իշխանությունների հետ համագործակցաբար արեցին այս քայլերը։
 
Բացի այդ, ես չտեսա նաև հասցեական կոնկրետ գնահատականներ։ Ճիշտ է, հասկանալի է, որ Աթեշյանին անձնապես պատժելու վերաբերյալ պահանջները, որ շատերը ներկայացնում էին Վեհափառին, իրատեսական չէին։ Ակնհայտ էր, որ Վեհափառն ու Գերագույն հոգևոր խորհուրդը նման բան չէին անի, և չեմ կարծում, որ դա ճիշտ կլիներ։ Այդուհանդերձ, պետք է լիներ հասցեական գնահատական: Բայց հատկապես այն հայտարարությունը, թե ակնկալում ենք, որ թուրքական իշխանությունները կօժանդակեն և այլն, ցավոք սրտի, իմ կանխատեսումներն իրականացան, և հայտարարության այդ հատվածն ինձ հիշեցրեց Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների ժանրն ու ոճը։ Ես կարծում եմ, որ ավելի հստակ ու թիրախային գնահատականներ պետք է լինեին։ Համենայնդեպս, եթե քննարկումների ժամանակ անդրադարձել են այս հարցին, գոնե ինչ-որ ձևով դա պետք է տեղ գտներ հայտարարությունում, թե ինչպես են գնահատում այս ողջ պրոցեսը և ինչպես են գնահատում իրենց սրբազան եղբոր՝ Գարեգին Բեկչյանի նկատմամբ իրականացված այս ամբողջ քայլը։ Ես ուզում եմ հայտնել այն փաստը, որին տիրապետում եմ, որ Պոլսո հայ համայնքում նույնպես այս հայտարարությունն ընդունվել է որոշակի դժգոհությամբ և հիասթափությամբ, քանի որ նրանց ակնկալիքն էր, որ բոլորի ուշադրությունը, գիտակից հատվածի ուշադրությունը սևեռված էր Մայր Աթոռին, և սպասում էին որոշակի գնահատականի։ Կարո Փայլանի հայտարարություններն ավելի համարձակ էին, քան հոգևորականների հայտարարությունները։ 
 
Ցավոք, այս հիասթափությունը համայնքում խորանալու է, և երկպառակությունն ավելի մեծ ծավալներ է ընդգրկելու։ Հիմա էլ այդ երկպառակությունն ակնհայտ է բոլոր ոլորտներում, լինի հասարակական, գործարարների շրջանում, թե հոգևորականների։ Ես կարծում եմ, որ հակառակ կողմից, այսինքն՝ թուրքական իշխանությունների ու Աթեշյանի կողմից, կլինեն պատժի ու վրեժխնդրության, հալածանքի որոշակի դրսևորումներ։ Ոչ միայն Գարեգին Բեկչյանին, ում պատժեցին ու հալածեցին, այլև նրանց, ովքեր եղել են Բեկչյանի կողքին, կամ եղել են այն հատվածում, որը դեմ էր այս սցենարին, դեմ էր Աթեշյանին, դեմ էր թուրքական իշխանությունների գծած այս ողջ բեմադրությանը։ Կարծում եմ, որ այդ հալածանքներն անպայմանորեն կվերաբերեն թուրքահայ համայնքի տարբեր շերտերի՝ և աշխարհիկներին, և հոգևորականներին։ Ու եթե Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը լիներ մի փոքր ավելի կոշտ, միգուցե կկանխեր այն բացասական զարգացումները, որոնք հետևելու են: Եթե Բեկչյանին նման կերպ արտաքսեցին, չպատժվեցին, անգամ չարախնդալով արտաքսեցին, ապա վստահ եմ, որ եթե արքեպիսկոպոսի հետ կարողանում են այդպես վարվել, ապա նրա կողմնակիցների հետ որևէ խոչընդոտ չկա համանման ձևով վարվելու համար:
 
 
-Արդեն տեղեկություններ կան, որ Աթեշյանը փորձում է ազատվել իր համար ոչ ցանկալի կադրերից պատրիարքությունում:
 
 
-Նախ, Աթեշյանն ավելի վստահորեն շարունակելու է ազատվել իր համար ոչ ցանկալի մարդկանցից, ընտրության պարագայում վստահորեն ապահովելու է այն բարենպաստ պայմանները, որոնք ձեռնտու կլինեն իրեն և թուրքական իշխանություններին: Վստահորեն գնալու է թուրքական իշխանությունների համար ընդունելի և բարեհաճության սահմաններում գծված սցենարով: Ամենավատը, որ այս ամենը էլ ավելի է խորացնելու համայնքի հիասթափվածությունը եկեղեցուց և որպես դրա բնական շարունակություն, համայնքի հեռացումը, անտարբերությունը եկեղեցու նկատմամբ: Իսկ ընտրություն կլինի, թե չի լինի, այս դեպքում դա հետզհետե կդառնա երկրորդական, որովհետև եթե թուրքական իշխանությունների և Աթեշյանի համագործակցությամբ դաշտն ամայացվի, վերացվեն բոլոր խոչընդոտները, և ընդհակառակը, արգելքներ ստեղծվեն այլ թեկնածուների, արդար մրցակցային պայմանների համար, ապա այդ պարագայում ընտրություններն այլևս մեծ կարևորություն չեն ունենում, և ընտրություններ կարող են անցկացնել հենց թեկուզ հաջորդ ամիս: Եթե իրենք իրենք համար ապահոված լինեն ցանկալի միջավայր,  ապա ընտրություններն էլ կընթանան իրենց համար ցանկալի ու կանխատեսելի վերջաբանով:
 
 
Եթե այդ մարդիկ մի քանի ամիս առաջ ընտրում էին Բեկչյանին, այնուհետև թուրքական իշխանությունների պարտադրանքով գլուխները կախ, խոնարհ ընտրում են Աթեշյանին, ապա այդ նույն մարդիկ և նմանատիպ մտածողության մարդիկ էլի գտնվեն, որոնք ընտրության պարագայում կանեն այն, ինչը ցանկալի կլինի թուրքական իշխանություններին: Եթե իհարկե, այդ ամբողջ ընթացքը գնա այնպես, ինչպես ծրագրել են թուրքական իշխանություններն ու հայ համայնքի որոշակի շրջանակներ, եթե իհարկե, հայ համայնքի գիտակից ու համարձակ հատվածը չկարողանա անել հակընդդեմ քայլեր, եթե նույն Կարո Փայլանը, մյուս գործիչները, գործարարները չկարողանան անել կանխարգելող քայլեր: Նրանց քայլերն ավելի ուժեղ ու ազդեցիկ կլինեին, եթե ունենային նաև աջակցություն ի դեմս Բարձրագույն հոգևոր խորհրդի հայտարարության՝ ավելի կոշտ ու թիրախային շեշտադրումներով:
 
-Ըստ էության Եկեղեցին չցանկացա՞վ խառնվել այդ խնդրին:
 
 
-Եկեղեցու պահվածքը ես կարող եմ հասկանալ, որովհետև, ի վերջո, գործ ունենք Թուրքիայի հետ, որը կարող է անել ավելի ագրեսիվ քայլեր: Եկեղեցու պահվածքը հասկանալի է, քանի որ նա այնտեղ չունի շատ լուրջ հենման կետեր, այսինքն բացի Աթեշյանից այնտեղ չկան հոգևորականներ, որոնց վրա հենվելով հնարավոր կլիներ այլ քայլեր անել: Քանի որ նույն Սահակ Մաշալյանը, լինելով լավ քարոզիչ, լավ հոգևորական, այնուամենայնիվ կազմակերպչական հարցերում իրեն դրսևորեց ոչ շատ փայլուն կողմերով: Մյուս հոգևորականը՝ Գարեգին Բեկչյանը, ինչպես հայտնի է, հեռացավ, և հայոց եկեղեցին, Մայր աթոռ սուրբ Էջմիածինը գործունեության շատ մեծ դաշտ, ազատություն ու հնարավորություն չունի: Ուստի այս պարագայում, ճիշտ է ես կողմ չեմ Բարձրագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, կողմ եմ, որ լինեն ավելի թիրախային շեշտադրումներ, բայց եկեղեցին թերևս առաջնորդվեց ավելի դիվանագիտական, ավելի նորմալ, այսպես ասած, բանակցության հնարավորություն ապահովող միջավայր ստեղծելու առաջնահերթությամբ: Երևի թե նրանց տեսանկյունից սա ունի արդարացում, այնուամենայնիվ, երբ տեսնում ենք, որ իրավիճակը մոտեցել է անդունդին, զգուշավորությունն ու դիվանագիտությունը միգուցե այլևս ավելորդ են։
 
 
 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play