Գերագույն Հոգևոր խորհուրդն իր հայտարարությամբ նույն հարթության վրա դրեց օրինական տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանին և «զոռբա» Աթեշյանին (տեսանյութ)


Գերագույն Հոգևոր խորհուրդն իր հայտարարությամբ նույն հարթության վրա դրեց օրինական տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանին և «զոռբա» Աթեշյանին (տեսանյութ)

  • 28-02-2018 18:02:15   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությունը ցույց տվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սպառել է իրեն: 
 
Ինչպես փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, Մայր Աթոռն ըստ էության՝ ոչինչ չարեց, այլ առաջնորդվեց դարերից եկած սկզբունքով. «Ոչինչ չանենք, որ չսխալվենք»: 
 
Ըստ նրա՝ Արամ Աթեշյանը, համբուրելով թուրքական իշխանությունների ոտքերը, կարողացավ օրինական տեղապահ ընտրված Գարեգին Սրբազան Բեքչյանին հեռացնել Պոլսո Հայոց պատրիարքարանից, և մնալ անպատիժ: 
 
«Մենք լուրջ հայտարարության էինք սպասում, բայց եղավ այն, ինչ որ միշտ եղել է: Գերագույն Հոգևոր խորհուրդն այս հայտարարությունում նույն հարթության վրա դրեց օրինական տեղապահ ընտրված Սրբազան Բեքչյանին և «զոռբա» Աթեշյանին»,- նկատեց Ա. Ախոյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունը և աջակիցները չեն պատրաստվում սահմանափակվել միայն հայտարարություններով, այլ գնալու են կոնկրետ գործողությունների, մասնավորապես, պատրաստվում են հանդիպել շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում պոլսահայության և թուրքական իշխանությունների, նաև լրջորեն պատրաստվելու են Պոլսո Հայոց պատրիարքի գալիք ընտրություններին: 
 
Սփյուռքահայ լրագրող,  պատմաբան Գևորգ Յազըճյանի գնահատմամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այնքան է խճճել վերոնշյալ հարցը, որ հայտնվել է անելանելի վիճակում: 
 
«Ուզում եմ հարց տալ Մայր Աթոռին. Այս պահին ի՞նչ կարգավիճակ ունի Ձեզ համար Գարեգին Սրբազան Բեքչյանը, պատրիարքական տեղապահ է, թե՞ ոչ: Մայր Աթոռը գահակալի հետ միասին անճարակ վիճակում է հայտնվել, քանի որ այդ մարդիկ կեղծիքով են ընտրված: Կեղծիքի վերջն այսպես է լինում»,- ընդգծեց Գ. Յազըճյանը՝ հավելելով, որ Գարեգին Սրբազան Բեքչյանին դավաճանեցին ոչ միայն յուրայինները, այլև Գերագույն Հոգևոր խորհուրդը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play