Սերժ Սարգսյանի հետնախագահական հենարանը՝ բանակ թե՞ ՀՀԿ


Սերժ Սարգսյանի հետնախագահական հենարանը՝ բանակ թե՞ ՀՀԿ

  • 19-03-2018 19:10:48   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանը մարտի 19-ին ելույթ է ունեցել Զինված Ուժերի օպերատիվ հավաքի մասնակիցների առաջ: Ներկայիս հավաքը վերջինն է Սերժ Սարգսյանի Գերագույն գլխավոր հրամանատարությամբ, որովհետեւ ապրիլի 9-ից՝ այսինքն քսան օր անց Սերժ Սարգսյանը թողնելու է այդ պաշտոնն ու կարգավիճակը:
 
Միեւնույն ժամանակ, Սարգսյանը մարտի 19-ին հայտարարել է, որ ինչպես մշտապես, այսուհետ ավելի հաճախ է լինելու բանակի կողքին: Այդ հայտարարությունը նշանակու՞մ է հայտարարություն վարչապետության մասին: Համենայն դեպս հարց է առաջանում, թե ի՞նչ կարգավիճակով է Սերժ Սարգսյանն այսուհետ ավելի հաճախ լինելու բանակի կողքին: Ավելի հաճախ է լինելու ի պաշտոնե՞, թե՞ ցանկության եւ ժամանակի բերումով:
Ընդ որում, նա արել է ուշագրավ ակնարկներ. «Մենք ունեցել ենք մեծ ձեռքբերումներ, ունեցել ենք կորուստներ, բայց եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ մեր պատասխանատվությունը մեր անցած ճանապարհի նկատմամբ կրկնապատկվում է: Եվ որպեսզի այս պատասխանատվությունը մենք կարողանանք պատվով կատարել, ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին և ավելի մեծ օժանդակություն եմ ցուցաբերելու: Բայց հասկանալի է, որ առաջին պատասխանատուն դուք եք, և ցանկացած օգնություն ու օժանդակություն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ մարդը, կոնկրետ պետական պաշտոնյան ձգտում ունի հասնելու եթե ոչ կատարելության, ապա դրան մոտ աստիճանի: Եվ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստած մարդկանց մեծ մասը հենց այդպիսին են և այդպես են մտածում»:
Սարգսյանի խոսքից տպավորություն է, թե նա ակնարկում է իշխանությունից դուրս բարոյական որոշակի աջակցության մասին, ասելով սակայն, թե իշխանության մեջ պաշտոնյան պետք է կայանա ինքը: Արդյոք Սերժ Սարգսյանի խոսքը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին չէ, որը կարծես թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում ունի բանակը զուտ ռազմական միավորումից որպես ռազմա-քաղաքական բեւեռ կայացնելու եւ զուգահեռ կայանալու խնդիր:
Իսկ եթե Սերժ Սարգսյանը խոսում է վարչապետի կարգավիճակով բանակի կողքին ավելի հաճախ լինելու մասին, արդյոք դա նշանակում է, որ նա իր վարչապետության գլխավոր գործառույթը դիտարկելու է հենց բանակը, իսկ տնտեսությունը լինելու է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանատվությունը:
Բոլոր դեպքերում, Սարգսյանն անում է հերթական հայտարարություն, որը խորացնում է ապրիլի 17-ի ինտրիգը, միեւնույն ժամանակ սակայն կարծես թե բավական որոշակիացնում է Սերժ Սարգսյանի հետնախագահական քաղաքական հենարանը՝ բանակը, ոչ թե ՀՀԿ-ն:
Խնդիրն այն է, որ գործնականում ներկայում բանակ եւ ՀՀԿ հասկացությունները գտնվում են սկզբունքային հակադրության մեջ: Նպատակները, որ օպերատիվ հավաքի իր ելույթում հռչակում է Սերժ Սարգսյանը՝ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, սկզբունքորեն անիրականանալի են իշխող մեծամասնության ներկայիս գերակա որակների եւ շահերի պարագայում, քանի որ թե քաղաքական, թե անգամ քաղաքակրթական հակասության մեջ են ներկայիս իշխող մեծամասնության եւ համակարգի հետ ընդհանրապես:
Ըստ այդմ, ժամանակի ընթացքում լուսանցքում պետք է հայտնվի կամ այդ համակարգը, իր շահերով ու արժեքային բազայով, կամ բանակի արդիականացման գործընթացը պետք է մնա առավելապես թղթի վրա:
Ներկայում նկատելի է, որ Սերժ Սարգսյանն առնվազն հռետորաբանության, տեքստի մակարդակում աշխուժորեն ձեւակերպում է իր նոր՝ հետնախագահական քաղաքական հենարանը, ռազմա-քաղաքական կողմնորոշումով, ազգ-բանակ հայեցակարգի համատեքստում:
Գործնականում, անկախ նրա անձնական մոտիվացայից եւ պատկերացումներից, զուտ մեխանիզմի առումով, ներկայիս քրեաօլիգարխիկ համակարգը դուրս մղելու թե գաղափարական-արժեքային, թե մոտիվացիոն, թե աշխարհքաղաքական պլաստ կարող է լինել բանակը: Այլ հարց է, թե դա որքանով կարող է լինել անկեղծ, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի հասարակական-քաղաքական սեգմենտը որքանով կարող է իշխանությանը պատասխանատվության առաջ դնել այդ մասով:
Առանց հանրային միջամտության, բանակի արդիականացման եւ դրա ֆոնին իշխող մեծամասնության ներկայիս որակների մարգինալացման գործընթացը ուղիղ համեմատական կլինի Սերժ Սարգսյանի շահին, ցանկություններին, իրավիճակի նրա գնահատականին, թելադրված լինելով դրանից բխող անհրաժեշտ դինամիկայով:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հետնախագահական հենարանի ձեւակերպման հերթական ծավալուն եւ հիմնարար մասնաբաժինը հրապարակում է աշխարհքաղաքական բավական դինամիկ փուլում, որին իր ներգրավվածությունն ունեցավ նաեւ Հայաստանը, մասնավորապես ԱՄՆ կատարած երկու այցերով՝ խորհրդարանի պատվիրակության եւ Արցախի նախագահի, որոնք ըստ էության աննախադեպ էին:
Ըստ ամենայնի, արտաքին հարթության վրա Հայաստանը շարունակում է հետաքրքիր մնալ առավելապես ռազմա-քաղաքական բաղադրիչով, որի առնչությամբ էլ պատասխանատու լինելու ազդակները Սարգսյանը հղեց տաք հետքով:
Աստեղ իրավիճակը հակասական է: Մի կողմից անշուշտ կարեւոր է որ Հայաստանը գոնե այդ տեսանկյունից դիտարկվում է միջազգային առարկայական գործընկերության կարեւոր սուբյեկտ, մյուս կողմից հարց է, թե արդյոք հնարավոր է ռազմավարական հեռանկարում պահել այդ սուբյեկտությունն առանց պետականության այլ բաղադրիչների մասով պատասխանատու եւ առարկայական գործընկերության բացն օպերատիվ կերպով լրացնելու:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play