Հեղաշրջում վերեւից.Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը «շտապում»


Հեղաշրջում վերեւից.Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը «շտապում»

  • 21-03-2018 14:12:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Սերժ Սարգսյանի հարցազրույցն իր վարչապետական հեռանկարի մասին տարբեր կերպ է մեկնաբանվում: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե վարչապետի թեկնածության վերաբերյալ իր որոշումը հայտնելու է միայն վերջին օրը, այսինքն՝ ապրիլի 15-16-ին: Բայց դրանից 20 օր առաջ նա փաստացի ասում է, որ պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը:
 
Ինչո՞ւ է նա «շտապել», կամ ինչ է փոխվել: Կար տեսակետ, որ Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ ձգում է ինտրիգը ներքին ցնցումներից խուսափելու եւ իշխանության մեջ ու դրանից դուրս իր վարչապետության հակառակորդներին փաստի առաջ կանգնեցնելու համար: Առավել եւս, որ մոտ մեկ շաբաթ՝ ապրիլի 9-16-ը, նա պաշտոն չի ունենալու, ըստ էության չի լինելու նաեւ կառավարություն, եւ «անիշխանության» այդ շրջանում հնարավոր են անկանխատեսելի զարգացումներ:
Օրինակ, նրա վարչապետության դեմ պայքարող ուժերը որպես հաջողության հասնելու հնարավորություն նշում են հենց այդ հանգամանքը, ասելով, որ եթե այդ յոթ օրերի ընթացքում ժողովուրդը հավաքվի, հնարավոր կլինի կանխել Սարգսյանի վարչապետացումը:
Ահա այս ֆոնին, Սարգսյանը ակնարկում է իր վարչապետության մասին: Արդյոք նա հաշվի չէր առել այս հանգամանքը, թե՞ ինչպես ասում են ընդդիմադիրները, նրա նյարդերը տեղի են տվել վերը նշված հանգամանքների պատճառով: Արդյոք քաղաքական գրեթե անթերի հաշվարկներ անող Սարգսյանը հաշվի չէր առել, որ իր հայտարարությունը կարող էր արագացնել զարգացումները փողոցում:
Այս ֆոնին, հարց է առաջանում, թե Սարգսյանի հայտարարությունն ավելի շատ ներքի՞ն, թե արտաքին դրդապատճառ ուներ: Մասնավորապես, նրա հայտարարությունը հնչեց Ռուսաստանում նախագահի ընտրությունից հետո: Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագրից հետո նաեւ զանգահարեց Պուտինին, որից հետո էլ հայտնեց իր որոշման մասին: Բացի այդ, նա պաշտպանության նախարարությունում իր ելույթում բավական կոշտ հայտարարություններ արեց Ղարաբաղի խնդրի կապակցությամբ, իսկ մեկ օր անց էլ դատարանը հրապարակեց Ժիրայր Սեֆիլյանի բավական ծանր դատավճիռը:
Կապվա՞ծ են այս իրադարձությունները, թե ոչ: Սերժ Սարգսյանն իր վարչապետությունը հիմնավորել է արտաքին ու ներքին մարտահրավերներով ու սերնդափոխություն իրականացնելու անհրաժեշտությամբ: Ընդ որում, բավական կոշտ զգուշացնելով «փողոցում անտրամաբանական պայքարի» հետեւանքների մասին:
Սերժ Սարգսյանը փաստացի նշում է քաղաքական նոր համակարգի «պլատֆորմը»՝ բանակ եւ նոր սերունդ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ըստ այդմ՝ խաղի նոր կանոններ: Ո՞վ է դուրս մնում այս նոր համակարգից:
Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի՞ են տվել, թե՞ նա իրականում սրում ու արագացնում է իրադարձությունները: Նրա քաղաքական ոճն այս առումով բավական հետաքրքիր է՝ նա հակված է բոլորին խնամքով հավաքել ու տեսակավորել, ինչպես պահեստում, որը հեշտացնում է գործը: Օրինակ, այդպես մի տեղում հավաքվեցին 2012-ի օդիոզ խորհրդարանը, «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը», 2014-ի քրեա-օլիգարխիայի կառավարությունը, ու հետո «մեծածախ» էլ ցրվեցին:
Արդյոք իշխանության «անցման» այս շրջանում Սերժ Սարգսյանը չի կիրառելու նույն մարտավարությունը՝ իր վարչապետության դեմ պայքարողների հանդեպ: Առավել եւս, որ նրանց հռետորաբանությունը, կարգախոսները, առաջարկած մեխանիզմներն ու մեթոդները նույնն են, ինչ ներքաղաքական պայքարի նախորդ փուլերում, այդպիսով մնալով «հին համակարգում»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play