ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր


ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր

  • 23-03-2018 18:52:54   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց գործառույթների իրականացման ընթացքում ստացված տեղեկություններն իրացնելով  բացահայտել են ավտոմեքենաների ցանկալի և մեծ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» համարանիշներին ապօրինի տիրանալու և դրանք վերադարձնելու դիմաց քաղաքացիներից խոշոր չափերով գումարներ շորթելու դեպքեր։ Այս մասին տեղեկացրին ԱԱԾ մամուլի ծառայությունից:
 
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի Կ.Մ.-ն 2018 թվականի հունվար-մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի տիրացել է Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված առնվազն 11 ավտոմեքենաների թանկարժեք (250 հազարից մինչև 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ) համարանիշների՝ ավտոմեքենաների դիմապակու վրա թողնելով այլ պետության բջջային օպերատորի հեռախոսահամարներ, որոնց միջոցով կապ հաստատելով սեփականատերերի հետ՝ համարանիշները վերադարձնելու դիմաց պահանջել է  120.000-ից մինչև 1 մլն դրամի չափով գումարներ՝  սպառնալով չհամաձայնելու դեպքում ոչնչացնել դրանք:
 
 
Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են դեպքի վայրի հարակից տարածքում:
 
հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի («Շորթում, որը կատարվել է խոշոր չափերով») հատկանիշներով, որում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և տվել  դեպքերի հանգամանքների վերաբերյալ կարևորություն ներկայացնող ցուցմունքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու և նշված հանցանքին հնարավոր առնչակից անձանց պարզելու ուղղությամբ:
 
Հանցագործությունից տուժած անձինք կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն՝ (010)579314 կամ  (011) 562724 հեռախոսահամարներով:
 
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play