«Շակալի» հոտառություն ունեցող Արթուրը և «լուռ ու մունջ» Ավետը կործանում են Սիսիանը. Տեղաբնակներն ահազանգում են անհետացող համայնքի մասին


«Շակալի» հոտառություն ունեցող Արթուրը և «լուռ ու մունջ» Ավետը կործանում են Սիսիանը. Տեղաբնակներն ահազանգում են անհետացող համայնքի մասին

  • 28-03-2018 16:49:08   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

2016թ.-ին ՏԻՄ ընտրությունների ժամանակ «գործի դնելով» իշխանական լծակներն ու զգալի ֆինանսներ «խաղացնելով» Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվեց Արթուր Սարգսյանը:
 
Վերջինս օգտագործելով համայնքի բյուջեով իրեն փոխանցված 17 մլն դրամը, հաջողեց կոսմետիկ որոշակի փոփոխություններ իրականացնել քաղաքում, ցույց տալով, թե իբր իշխանության է եկել, Սիսիանում արմատական բարեփոխումներ անելու նպատակով:
Սակայն, ինչպես ցույց տվեց հետագան, այդ ամենը կարճատև ուրախություն էր տեղաբնակների համար: Արթուրի հեռահար նպատակը մեկն էր, ամեն գնով  շահել սիսիանցիների վստահությունը, որ եղբայրը ԱԺ պատգամավորի կոստյում հանգնի, ինչն էլ պսակվեց հաջողությամբ: Քաղաքականությունից կմ-ով հեռու, ձկան պես լուռ ու մունջ, «ավանակի» պես հնազանդ, շինարար ախպերը համալրեց երեսփոխանների շարքերը: Զարմանալին ամենևին էլ այն չէ, որ Ավետը ԱԺ-ում է, այլ այն, որ Արթուրը, որպես Սիսիանի ղեկավարման իր գլխավոր ձեռբերում (ինչպես այդ մասին նշում է գովազդային նյութում) համարում է, Սիսիանից պատգամավոր ունենալու հանգամանքը: Առանց անհարմար զգալու, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ սիսիանցի՝ Սյունիք ներկայացնող պատգամավորը, ԱԺ-ում չի արտաբերել որևէ բառ, հանդես չի եկել  որևէ նախաձեռնությամբ: Ավետին ճանաչողները լավ գիտեն, հենց այդպես էլ գլորվելու են տարիները, նրա կենսագրության մեջ ամրագրելով պատգամավոր լինելու իրողությունը:
Արթուրի ղեկավարման փուչիկը պայթեց, երբ իրենից հետո հարևան Գորիսում համայնքի ղեկավար ընտրվեց ընդամենը 24-ամյա անփորձ մի երիտասարդ, ով սակայն, շատ կարճ ժամանակում հասցրեց այնքան մնայուն և երևացող աշխատանք իրականացնել, այնպես համախմբել գորիսեցիներին իր շուրջը, որը զարմացրեց անգամ «աղվեսի» խորամանկություն և «շակալի» հոտառություն ունեցող Արթուրին:
2017թ.-ին, Հայաստանի կործանարար քաղաքականություն իրականացնողների ամենազոր ձեռքը Սիսիան էլ հասավ, տարածաշրջանի 32 բնակավայր միավորելով ձևավորեցին Սիսիանի խոշորացված համայնքը: Այս ընտրությունների ժամանակ էլ, գործի դնելով ճնշումների սեփական «մեքենան»,  խաղից դուրս թողնելով Արթուրի միակ մրցակցին՝ խոշորացված համայնքի աթոռատերը մնաց անփոփոխ: 
Նախընտրական շրջանում Արթուրի կողմից հնչեցված բոլոր խոստումները աբսուրդի ժանրից էին, քանի որ Արթուր և Ավետ Սարգսյանները մեկ գերխնդիր ունեն, իրենց հայրիկի փորձը (1999-2008թթ. Սիսիանի համայնքի ղեկավար Լավրենտի Սարգսյան), ով այդ տարիներին տիրացավ Սիսիան քաղաքի վարչական անշարժ գույքի և հողատարածքների գերակշիռ մեծամասնությանը, նույնությամբ շարունակել խոշորացված համայնքներում, ինչպես նաև իրենց ծանոթ-բարեկամներով «զավթել» համայնքային և բյուջետային բոլոր հաստիքները:
Բերենք մի քանի օրինակներ: Նախ երկու եղբայրների լուռ համաձայնությամբ, այսօր անգործության է մատնվել Սիսիանի հիվանդանոցը, գործազուրկ դարձնելով հարյուրավոր սիսիանցիների: Քաղաքապետարանում և ենթակա հիմնարկ-ձեռնարկություններում պաշտոների են նշանակվում մարդիկ, ովքեր անգամ կրթություն չունեն: Հաշվեհարդար են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր ընտրությունների ժամանակ իրենց կողքին չեն եղել: Վերջերս աշխատանքից ազատեցին Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի հաշվապահ Բենիկ Հակոբջանյանին, (այդ պաշտոնը այսուհետ կզբաղեցնի քաղաքապետի տեղակալի կինը) ով շատ ավելի մեծ արժանիքներ, հարգանք ու վաստակ ունի Սիսիանում, քան քաղաքապետի երեսփոխան եղբայրը: 
Սիսիանի թիվ 1 նախակրթարանի տնօրենին ազատվեց, այդտեղ աշխատելու նշանակվեց Արթուրի մանկության ընկերոջ կինը: Քաղաքապետարանում աշխատանքի են ընդունվում մարդիկ, որոնց միակ «առավելությունը» ընկեր-բարեկամ լինելն է: 
Սիսիանյան չինովնիկները և նրա նազիր-վեզիրները որպես լրջագույն հաջողություն, նշում են Սիսիանի մարզադաշտի կառուցումը, մոռանալով, որ այն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով (նմանօրինակ մարզադաշտեր են կառուցվում հանրապետության մի շարք քաղաքներում): Մինչդեռ պարզվում է, որ այդ մարզադաշտի կառուցման համար համայնքային բյուջեից ծախսվել է շուրջ 750 մլն դրամ, այս հարցի քննությունը թողնում ենք իրավապահ մարմինների քննությանը:
Սիսական գնդի հրամանատարներին սիսիանցիները, և ոչ միայն նրանք, միշտ էլ վերաբերվել են խորին հարգանքով, այսօր հիասթափություն են ապրում,  հաղթանակած ու հերոսական ուղղի անցած գնդի ներկայիս հրամանատարի պահվածքից, ով որպես իր նշանակման փոխհատուցում, առավոտից-երեկո ուղեկցում է Արթուրին, ինչպես մշակությանին, այնպես էլ անձնական միջոցառումների ժամանակ, նույնը կարելի է ասել նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի ղեկավարի մասին: Բաժին, որտեղ միայն վերջին տարվա ընթացքում առնվազն 2 տասնյակ ծառայողներ վարչական և քրեական տուժերի են ենթարկվել: Տպավորություն է, թե ոստիկանապետի գերխնդիրը Արթուրի անձնական և վերանձնային շահերին ծառայելն է:
Սարգսյան եղբայրները իրենց կարգավիճակից զարմացած վայելում են կյանքը, փոխարենը անտերության են մատնվել և դատարկվում են խոշորացված համանքի բնակավայրերը, քանի որ ընտրություններից հետո, այդպես էլ համայնքի ղեկավարը անհասանելի է իրենց համար, իսկ նրա կողմից նշանակված վարչական ղեկավարները զբաղված են իրենց նախկին կեղտերը կոծկելով: Ցանկացած լրատվամիջոց կարող է ուսումնասիրել Սիսիանի ներկա վիճակը և կտեսնի, որ բացի Սիսիանի ավանդույթներով լեցուն մշակութային օջախներից, մնացած ոլորտներում սկիզբ է դրվել Սիսիանի կործանմանը, և ինչպես ժողովուրդն է ասում. «Հասել է Սիսիանի վերջին սկիզբը»:  
 
Կարեն Գրիգորյան,
Աիդա Մկրտչյան,
Գարեգին Հարությունյան
syunik_5@bk.ru
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play