ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություն ներն այժմ շատ ավելի վատ են, քան նույնիսկ սառը պատերազմի շրջանում


ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություն ներն այժմ շատ ավելի վատ են, քան նույնիսկ սառը պատերազմի շրջանում

  • 03-04-2018 10:44:13   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Սիրիայում ամերիկացի զինվորականների ներկայությունն անօրինական է ու հակասում է ՄԱԿ-ի հռչակագրին»:
«ԱՄՆ-ի քայլերը ոտնահարում են ՄԱԿ-ի հռչակագիրը, որն ընդգծում է այդ կազմակերպության անդամ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության սկզբունքը»,- ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը::
«Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ն իր օդուժի և հատուկ ծառայության ուժերի ջոկատներին անօրինական կերպով է Սիրիա գործուղել և Սպիտակ տան կողմից ձևավորված կոալիցիան նույնպես ձևական է»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարի տեղեկացմամբ, «ԱՄՆ-ն միայն ռազմաբազաների կառուցմամբ չէ, որ ամրագրում է Սիրիայում իր դիրքերը, այլև կառավարման կենտրոններ է ստեղծում այդ երկրում»:
Ըստ Լավրովի, ամերիկացիները բազմիցս հայտարարել են, թե չեն ձգտում Սիրիայի մասնատմանը, սակայն չեն կարողացել Ռուսաստանին համոզել, որ իրականում նման նպատակ են չեն հետապնդում:
Նկատի ունենալով Սիրիայում ԱՄՆ-ի ու նրա գլխավորած կոալիցիայի անօրինական գործողությունները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման շինծու մեղադրանքի շրջանակում ԱՄՆ-ից Ռուսաստանի դիվանագետների անհիմն արտաքսումը, ՌԴ արտգործնախարարը, «Ինթերֆաքս»-ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի և Արևմուտքի քայլերը Մոսկվայի հետ լարվածության պառճառ է համարել: Ռուսաստանը բազմիցս հերքել է Սկրիպալի ու նրա դստեր թունավորման գործին Ռուսաստանի մասնակցությունը:
Լավրովն ընդգծել է, որ արևմտյան պետությունների հետ հարաբերությունների վատթարացումը Մոսկվայի պատճառով չէ:
«ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու արևմտյան այլ երկրների հետ հարաբերություններն այսօր շատ ավելի վատ պայմաններում են գտնվում՝ ի համեմատ սառը պատերազմի շրջանի»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Երեկ միաժամանակ հայտնի դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին Վաշինգտոն հրավիրելու վերաբերյալ Սպիտակ տան հաստատումը: ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սպիտակ տունն այն հավանական վայրերից է, որտեղ կարող է կայանալ Թրամփի ու Պուտինի հանդիպումը:
«ԱՄՆ նախագահը մարտի 20-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հաստատեց, որ կողմերը զրուցել են ոչ այնքան հեռու ապագայում, մի քանի հավանական վայրերում, այդ թվում Սպիտակ տանը երկկողմ հանդիպման հնարավորության մասին»,- իր հաղորդագրության մեջ նշել է Սանդերսը:
Կբարելավվե՞ն արդյոք ԱՄՆ-ի, ընսհանրապես, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները Թրամփի ու Պուտինի հանդիպումից հետո, թե ողջ աշխարհի անվտանգությանը սպառնացող առճակատումն առաջիկայում էլ կշարունակվի: Փորձենք լավատես լինել, թեև դրա համար բավարար հիմքեր չկան…
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play