Հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի հեռարձակվում


Հեղափոխությունը հեռուստատեսությամբ չի հեռարձակվում

  • 12-04-2018 18:48:55   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ինժեներ Վահագն Մինասյանը

 

-Վահագն, մի խումբ քաղաքացիներով հինգ կետերից բաղկացած քաղաքական օրակարգ եք հրապարակել։ Հնարավո՞ր է՝ այս օրերին ծավալվող պայքարների մեջ հենց այս օրակարգի բացակայությունն եք արձանագրել։
 
 
 
-Անկեղծ ասած, նման և շատ ավելի ընդլայնված օրակարգ միշտ էլ կարելի էր հրապարակել, և գուցե հրապարակվել են բազմաթիվ անգամներ ինչ-ինչ տարբերություններով, նոր հեծանիվ չենք հորինել: Ամեն դեպքում հարկ եմ համարում նշել, որ քաղաքական այս օրակարգը ձևավորվել է տարբեր գաղափարախոսություններ կրող մարդկանց հետ տևական քննարկումների արդյունքում: Նշված կետերն ընդունվել են որպես ելակետային և, ըստ իս, անհրաժեշտ և նվազագույն պայմաններն են ժողովրդավարական հանրապետություն կառուցելու համար: Ժամանակային խնդիր չենք դրել, երբ հրապարակել կամ երբ ոչ, սա մեր քաղաքական օրակարգն է, որն այս պահին ժամկետային սահմանափակում կամ առավելագույն շեմ չունի, բացակայություն կամ առկայություն էլ չենք դիտարկել, սա իր ողջ էությամբ կարելի է համարել նաև քաղաքական պատվեր, որը ձևավորվել է տարբեր գաղափարախոսությունների և տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիների միասնական աշխատանքի արդյունքում: Այս օրակարգը, կրկնվեմ, նվազագույն և առավելագույնս ընդունելի շեմ ենք համարում այն հանրապետությունն ունենալու համար, որի տեսլականը նույնպես ուրվագծել ենք և ունենք:
 
 
 
-Ձեր առաջարկած պայմանադրությունը հանրության մոտ կարո՞ղ է վստահություն ձևավորե՞լ, հնարավո՞ր է այսպիսի օրակարգի շուրջ մոբիլիզացնել հանրությանը:
 
 
 
-Վստահել-չվստահելը պետք է որոշի յուրաքանչյուրն իր համար, ամեն դեպքում պետք է ասել, որ այս օրակարգը իր մեջ պարունակում է նվազագույն ելակետային պայմանները, որոնք, իմ կարծիքով, ընդունելի են քաղաքացիների ճնշող մեծամասնության համար, քանի որ չեմ պատկերացնում գոնե մեկ անհատի, ով կարող է չհամաձայնել ազատ և արդար դատական մեխանիզմներ ունենալու, ընտրական նոր, ազատ և արդար մեխանիզմ ունենալու, ուղիղ ժողովրդավարություն՝ հանրաքվեներ, մանդատի հետկանչ, իրականացնելու հետ: Ելակետային խնդիրները ձևակերպված են հնարավորինս պարզ, ընկալելի և որ ամենակարևորն է՝ առաջարկում ենք հանրային քննարկում մեր տեսլականի հետ կապված` կարևորելով յուրաքանչյուր քաղաքացու մասնակցայնությունը: Մոբիլիզացիան մեր առաջնային խնդիրը չի եղել այս պարագային, մնացյալը ժամանակը ցույց կտա:
 
 
 
-Քաղաքացիական անհնազանդության տարբերակները, որ առաջարկվում են, կարո՞ղ են արդյունավետ լինել, նկատի ունեմ ԱԺ շենքի շրջափակում կամ պատգամավորների տների շրջափակում քվեարկության օրը։
 
 
 
-Ըստ իս՝ կարող են իհարկե արդյունավետ լինել, սակայն միայն ծայրաստիճան կազմակերպվածության պարագայում: Բացի դա, քաղաքացիական անհնազանդության գործիքները չափազանց շատ են՝ երթերով, արգելափակումներով, փողոց փակելով, նստացույցերով և հացադուլներով սահմանափակվելու համար: Ներքին համոզում ունեմ, որ այս օրակարգը իրականություն դարձնելու ճանապարհին ականատես կլինենք քաղաքացիական անհնազանդության դրսևորումների ողջ գունապնակին, միայն պետք է նկատի առնել, որ հեղափոխությունները հեռուստատեսությամբ չեն հեռարձակվում:
 
 
 
-Ի վերջո, մի քանի օրում հանրային աջակցություն այս շարժումներին կլինի՞, թե ոչ։ Եվ ինչպե՞ս է հնարավոր հասնել հաջողության։ Նախկինում քաղաքացիական շարժումները հաջողում էին։ Դուք նույնպես ունեք դրա փորձը։ Հիմա ինչո՞ւ չեն հաջողում։
 
 
 
-Կարծում եմ` աջակցություն կոչվածը մարդաքանակի մեջ չէ, արդեն իսկ նկատելի է հետաքրքրվածությունը իրադարձությունների կամ գործողությունների նկատմամբ: Իրականում շարժում եզրույթը շատ ենք շահարկել, և ամեն նախաձեռնություն, որը քիչ թե շատ ակտիվ դրսևորում կամ աջակցություն է ստացել՝ անվանել ենք շարժում, ինչն իրականում այդքան էլ չի համապատասխանում եղելությանը: Հաջողած- չհաջողածն էլ հարաբերական է, բոլոր նախաձեռնություններում էլ կարելի է գտնել ինչպես ձեռք բերված էլեմենտներ, այնպես էլ կորսված կամ կորցրած: Այսպես կոչված հաջողությունն էլ պայմանավորված է եղել խնդրի տեսակից, մատուցման ձևից, կազմակերպվածության աստիճանից, ձգտումների, մղումների և մոտեցումների, բավարարվածության չափանիշների տարբերությունից: Ցանկացած հարցում էլ հնարավոր է հասնել հաջողության, եթե կա համոզմունք, վստահություն, սեփական քայլերը գոնե քեզ համար համոզիչ են, եթե կա սկզբունքայնություն՝ քայլելու դեպի նպատակակետը, եթե սահմանված արժեքների իրական կրողն ես: Թույլ տվեք նկատել, որ յուրաքանչյուր նախաձեռնություն կամ թե կուզեք, շարժում, եղել է տարբեր իրադրություններում, տարբեր ժամանակահատվածներում, որոնց ազդեցությունը նույնպես պետք է հաշվի առնել:
 
 
Կարևոր է նշել նաև, որ մեր կողմից հայտարարված օրակարգը ժամանակային սահմանափակում չունի և չի կարող ունենալ գոնե այս պահին, քանի որ այն կոչված է համակարգային խնդիրների պատճառները վերացնելու և ոչ հետևանքների դեմ պայքարելու համար, ինչն անխուսափելիորեն պսակվելու է հաջողությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play