Մի խումբ իրավապաշտպաններ և փաստաբաններ պահանջում են անհապաղ դադարեցնել Մարինա Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «խայտառակ» դատաքննությունը (տեսամյութ)


Մի խումբ իրավապաշտպաններ և փաստաբաններ պահանջում են անհապաղ դադարեցնել Մարինա Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով «խայտառակ» դատաքննությունը (տեսամյութ)

  • 12-04-2018 19:44:58   | Հայաստան  |  Իրավունք



 
Մի խումբ իրավապաշտպաններ և փաստաբաններ պահանջում են վերջ դնել Հայաստանում սելեկտիվ արդարադատություն իրականացնելուն և անհապաղ դադարեցնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նրանց բնորոշմամբ՝  «խայտառակ» դատաքննությունը: 
 
Տեղեկացնենք, որ «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Համաձայն մեղադրանքի՝ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը: 
 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, վերոնշյալ քրեական գործի «ծննդականը», այն է՝ հանցագործության մասին հաղորդման պատճենը նույնացվում է դրա անստորագիր լինելուն, այսնինքն՝ կեղծ է, իսկ չստորագրված դիմումի հիման վրա քրեական գործ հարուցվել չի կարող։
 
Ըստ նրա՝ Կանադայում բնակվող Արփի Մերասի՝ Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի վաճառքը չի կարող ապօրինի համարվել, քանի որ վերջինս Մ. Պողոսյանին ոչ թե մեկ, այլ երեք անգամ լիազորագրել է հանդես գալ իր անունից և լիիրավ տնօրինել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն այնպես, ինչպես կամենում է, այդ թվում վաճառել, օգտագործել, գրավ դնել, փոխանակել, գրավից հանել, անհատույց  օգտագործման հանձնել, վարձակալության հանձնել ցանկացած գնով և պայմաններով:
 
«Պետք չէ հատուկ փորձագետ լինել, որպեսզի տարբերակել այդ պատճե հանդիսացող հանցագործության մասին հաղորդում փաստաթղթի ստորագրության և քրեական գործում առերեսման ժամանակ տուժող Արփի Մերասի հարցաքննությունների այդ արձանագրությունների տակ ստորագրությունների միջև ակնհայտ տարբերությունը; Նույնիսկ մի քանի տեղ տեսա, որ լատինատառ է անունը գրել»,- ցույց տալով փաստաթղթերը և դրանցում առկա ստորագրությունները՝ նշեց Ա. Սաքունցը՝ վստահեցնելով, որ հանցագործության մասին առկա հաղորդումը Արփի Մերասը չի ստորագրել: 
 
Իրավապաշտպանի խոսքերով՝ քրեական գործում էական նշանակություն ունեցող փաստաթղթերում Արփի Մերասի ստորագրությունների ակնհայտ տարբերությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նույնիսկ բացատրություններն էլ են ապօրինի: 
 
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցն իր հերթին ընդգծեց, որ Մ. Պողոսյանի շուրջ ստեղծված երևույթն ինքնին վտանգավոր է և վաղը նրա տեղում կարող են հայտնվել ուրիշները: 
 
«Եթե այսօր թույլ տանք այսպիսի խայտառակ գործով անտեղի պատժեն ու հետապնդեն մեզանից որևիցէ մեկին, դա կնշանակի, որ հաջորդը լինելու է մեզանից յուրաքանչյուրը»,- նկատեց նա՝ հավելելով, որ Հայաստանում իրավիճակը գնալով վատանում է և հետագայում շարունակելու են նման կերպ լռեցնել բոլոր նրանց, ովքեր կբարձրաձայնեն պետական պաշտոնյանների կողմից կատարվող հանցագործությունների մասին: 
 
Նա լուրջ մտահոգություն հայտնեց հակառակ կողմի՝ ասուլիս հրավիրելու կապակցությամբ, քանի որ տուժողի որդին թյուրիմացության մեջ է հայտնվել և չի տիրապետում գործով առկա իրավիճակին: 
 
«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի գնահատմամբ՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործն ամբողջությամբ բաղկացած է կեղծիքներից, որի շրջանակներում գործել է մի խումբ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հրանտ Անանյանի գլխավորությամբ:  
 
Ըստ նրա՝ իր նկատմամբ կեղծ քրեական գործ հարուցելու շարժառիթ են հանդիսացել 2015 թվականի ապրիլից օգոստոս ամիսներին իր հեռախոսային խոսակցությունները ռուսական օֆշորային փողերի լվացման մասին: 
 
«Ենթադրյալ հանցագործությունը, որ տուն եմ վաճառել, ես արել եմ 2014 թվականի մայիսին, այսինքն՝ նախաքննությունը պետք է դրա շուրջն ընթանար, բայց հիմա նայեք, թե ինչ է ստացվում. Նախաքննության մարմնի որոշումամբ՝ վերծանվում են իմ հեռախոսային խոսակցությունները, որոնք եղել են 2015 թվականի ապրիլից օգոստոսը: Այստեղ հարց է առաջանում՝ 2015 թվականն ի՞նչ կապ ունի գործի հետ: Իսկ գիտե։ք ինչ կապ ունի, որովհետև 2015 թվականի հենց ապրիլից օգոստոս ամիսներին ես անընդհատ հեռախոսով խոսել եմ ռուսական օֆշորային փողերի լվացման մասին, թե դատախազությունից քանի հոգի են մասնակից եղել, և ի դեպ՝ այսօր Քննչական կոմիտեի այս անհաղորդ ու ցինիկ կեցվածքը գալիս է նրանից, որ փողերի լվացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը եղել է Աղվան Հովսեփյանը, ով հիմա Քննչական կոմիտեի ղեկավարն է, իսկ փողերը լվացել է նրա դատախազ օգնականը: Վերջինս քաղաքի քննչականի պետ Ջոն Ֆարխոյանի մակնության ընկերն է: Դրա համար ինձ համար զարմանալի չէ, որ այս թղթի կտորը՝ հաղորդում հանցագործության մասին, հայտնվել է հենց քաղաքի վարչությունում»,- մանրամասնեց Մ. Պողոսյանը: 
 
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն էլ ի տես ասուլիսի մասնակիցների ՝  ցուցադրեց Արփի Մերասի կողմից Մ. Պողոսյանին տրված և նոտարով հաստատված լիազորագրերը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play