Հաշվետվություն 2018 թվականի ապրիլի 13-20-ը խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների մասին


Հաշվետվություն 2018 թվականի ապրիլի 13-20-ը խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների մասին

  • 21-04-2018 12:56:12   | Հայաստան  |  Իրավունք

Հաշվետվությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից:
 
Հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին:
 
Տեղեկատվությունը հիմնվում է կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի և Արաքս Մելքոնյանի կողմից ոստիկանության բաժիններ անմիջական այցերի արդյունքների վրա:
 
 
2018 թվականի ապրիլի 13-20-ն ընկած ժամանակահատվածում մենք ականտես ենք լինում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, որոնք անմիջականորեն հրահանգավորված են ՀՀ իշխանությունների կողմից: 
Մարդու իրավունքների խախտումների և ոստիկանության վարքագիծն ակնհայտորեն բացասական փոփոխության է ենթարկվել Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո:
Անօրինական ազատազրկումներ
2018 թվականի ապրիլի 16-ից սկսած խաղաղ հավաքի և երթի մասնակիցներն առանց որևէ բացատրության և հիմքի ոստիկանության կողմից բերման են ենթարկվում ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղ նրանք պահվում են մինչև տասը ժամ: 
2018 թվականի ապրիլի 17-ին ժամը 08:15-ի սահմաններում ոստիկանության Մասիվի բաժանմունք բերման են ենթարկվել 14 ուսանողներ, ովքեր պահվել են ոստիկանությունում մինչև 17:25, մոտ ինը ժամ: 
2018 թվականի ապրիլի 18-ին առավոտյան ժամը 11:30-11:50-ի սահմաններում ոստիկանության Մասիվի բաժին բերման են ենթարկվել ավելի քան 25 մարդ, որոնց մեջ եղել են առնվազն ութ անչափահաս անձինք (17 տարեկան): 
Անչափահաս ութ անձինք ոստիկանությունում պահվել են մինչև 2018 թվականի ապրիլի 18-ը ժամը 16:30-ը, մոտ 5 ժամ, իսկ 13  անձինք ոստիկանության Մասիսի բաժնում պահվել են մինչև 21:30-ը՝ մոտ ինը ժամ:  
2018 թվականի ապրիլի 19-ին ժամը 11:40-12:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթ բաժին բերման են ենթարկվել 54 մարդ, որոնք ոստիկանության բաժնում պահվել են մինչև 17:25-ը, մոտ վեց ժամ: 
Բռնություններ
 
Բերման ենթարկված քաղաքացիներից մի քանիսը տեղեկացրել են, որ բերման ենթարկելիս ոստիկանությունն իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ: 
2018 թվականի ապրիլի 18-ին ոստիկանության Նոր-Նորքի բաժին բերման ենթարկված երկու անչափահասի մարմնի վրա արձանագրվել են բռնության հետքեր: Փաստաբանի հետ առնաձնազրույցի ընթացքում նրանք տեղեկացրել են, որ բռնության են ենթարկվել իրենց բերման ենթարկող ոստիկանների կողմից, սակայն վերջիններս վախի և ճնշվածության մթնոլորտի ներքո հրաժարվել են արձանագրել մարմնական վնասվածքները: 
2018 թվականի ապրիլի 19-ին Շենգավիթի բաժին բերման ենթարկված քաղաքացին տեղեկացրել է, որ իրեն բերման ենթարկող ոստիկանն իր նկատմամբ բռնություն է կիրառել և մատնանշել է այդ ոստիկանին: Նմանապես, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկված քաղաքացու մարմնի վրա արձանագրվել են ոստիկանության կողմից կիրառված բռնության հետքեր:
 
Վերաբերմունքը ոստիկանության բաժիններում
 
2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբան Հայկուհի Հարությունյանին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մոտ 40 րոպե թույլ չեն տվել ներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո նա կարողացել է ներս մտնել ոստիկանության բաժին: 
Նույն ոստիկանության բաժնում Արարքս Մելքոնյանին և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից: Այնուհետև, երբ Դավիթ Պետրոսյանը փորձել է լուսամուտից տեղեկություններ տրամադրել դրսում սպասող լրագողներին, ոստիկանության աշխատակիցները հարձակվել են նրա վրա, բռնի ուժով քաշքշել:    
2018 թվականի ապրիլի 18-ին ոստիկանության Մասիվի բաժնում բերման ենթարկվածներին պահել են ոստիկանության աշխատակիցների սենյակներում, որտեղ անձանց քանակին համապատասխան թվով աթոռներ չեն եղել, և նրանք նստելու հնարավորություն չեն ունեցել: 
Ոստիկանության Նոր-Նորքի աշխատակիցները ստեղծել են լարվածության և ճնշման մթնոլորտ փաստաբանին պարբերաբար հայտարարելով, որ «Սա մեր տարածքն է, էստեղ գործում են մեր կանոնները և մենք կանենք այն ամենը, ինչը մենք նպատակահարմար կգտնենք»: Ոստիկանության աշխատակցի սենյակում վարչական վարույթ կազմելու աշխատանք է իրականցվել է ոչ թե անհատապես, այլ միաժամանակ 3-5 բերման ենթարկված անձի մասնակցությամբ: Երբ փաստաբանը խնդրել է ոստիկանության աշխատակցուհուն բացել լուսամուտը, վերջինս պատասխանել է. «Սա իմ աշխատասենյակն է, ես կանեմ այն, ինչ ես եմ նպատակահարմար գտնում»: 
2018 թվականի ապրիլի 19-ին ոստիկանության Կենտրոն բաժնում հրաժարվել են արձանագրել Դավիթ Պետասյանի մարմնական վնասվածքները: Այնուհետև, խոչընդոտել են վերջինիս փաստաբան Արաքս Մելքոնյանիի կողմից Դավիթ Պետրոսյանի մարմնական վնասվածքների արձանագրման գործընթացը:
 
2018 թվականի ապրիլի 19-ին ժամը 16:50-ի սահմաններում մի խումբ անձինք (մոտ 20 մարդ) հարձակվել են փաստաբան Արաքս Մելքոնյանի և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանի վրա և նրանց ծեծի ենթարկել Սրբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում: 
 
Քրեական հետապնդումներ քաղաքացիների նկատմամբ
ՀՀ Քննչական կոմիտեի տարբեր քննչական բաժինները ստացել են 28 հարցից բաղկացած հարցաշար, որտեղ ներկայացված են քաղաքացիներին իրենց քաղաքական հայացքների և հասարակական ակտիվության համար պատասխանատվություն կիրառելու համար նախատեսված ուղղորդված հարցեր: Բերման ենթարկված անձանց, առանց որևէ հիմնավորման, հարցաքննության են ենթարկվում վկայի կարգավիճակով և քննիչը նրանց ուղղում է հարցաշարի բոլոր հարցերը:  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play