Եթե ՀՀԿ-ականները վարչապետի պաշտոնում ընտրեն իրենց թեկնածուին, ապա ստեղծված ճգնաժամը չի լուծվի. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե ՀՀԿ-ականները վարչապետի պաշտոնում ընտրեն իրենց թեկնածուին, ապա ստեղծված ճգնաժամը չի լուծվի. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-04-2018 15:04:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
Եթե Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց թեկնածուին ընտրեն մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում, ապա երկրում ստեղծված ճգնաժամը չի լուծվի: 
 
Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» քաղաքացիական շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա, մայիսի 1-ին վերոնշյալ սցենարի դեպքում, իրենք վերսկսելու են իրենց խաղաղ անհնազանդության ակցիաները և փորձելու են Կարեն Կարապետյանին բացատրել, որ վերջինս չի տիրապետում երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այնուամենայնիվ, ինչ ելք է կանխատեսում մայիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, պատասխանեց. 
 
«Մայիսի 1-ին կանխատեսում եմ հայուր հազարավոր քաղաքացիների դուրս գալը Երևանի փողոցներում, և այս պահից կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին մայիսի 1-ին առավոտյան ժամը 8:00-ին լինել Երևանում և հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները, այդ թվում Ազգային ժողովի հարակից փողոցները»: 
 
Նշենք, որ երեկ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրեց «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը:
 
Վերջինս հրաժարվել է այդ հանդիպումից՝ այն համարելով «անհեռանկարային»:  
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play