Երեկ Հայաստանում մի շատ զարմանալի բան է տեղի ունեցել…


Երեկ Հայաստանում մի շատ զարմանալի բան է տեղի ունեցել…

  • 10-05-2018 23:38:21   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
 
 
Ո՛չ, Տունգուսյան երկնաքարի պես մի երկնաքար չի ընկել, տեղի ունեցածը հաստատ պակաս նշանակալի է, բայց հաստատ է նաև այն, որ տեղի է ունեցել, այն էլ` ՀՀ նախագահի կայքում:
Մայիսի 9-ի առավոտյան էլեկտրոնային որոշ ԶԼՄ-ներում (առաջինը` Pastinfo.am, ապա նաև` այլ կայքեր) տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար: Ըստ հիշյալ հրապարակման, «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ Դավիթ Հարությունյանին Արդարադատության նախարար նշանակելու մասին:
Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Դավիթ Էդոնիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել արդարադատության նախարար»:
Րոպեներ անց, սակայն, կայքը հեռացրել է վերոնշյալ հրապարակումը: Եթե այն համապատասխաներ իրականությանը, թերևս, կարծում եմ, կնշանակեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչո՞ւ ոչ, նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վարկաբեկում նրանց պաշտոնավարման հենց սկզբնական փուլում, քանի որ Դավիթ Հարությունյանի մասին համառորեն շրջանառվող տեղեկությունները, մեղմ ասած, այնքան էլ հարիր չեն մեր ավանդական բարոյական արժեհամակարգին և ՀՀ պետական պաշտոնյայի մասին հայության պատկերացումներին ընդհանրապես:
Ավելին. անցած տարի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում հենց նրա պաշտոնավարման շրջանում է, որ արդարադատության նախարարությունը 2017թ. հոկտեմբերի 24-ին E-draft.am կայքում  հետևյալ հղմամբ հրապարակեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի գլուխ 28-ի (ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) 197-րդ հոդվածը («Խտրականությունը») ունի հետևյալ ձևակերպումը.
«1. Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Ընդգծում ենք` ՀՀ նոր քրեական օրենսգիրքը 197-րդ հոդվածի վերոնշյալ ձևակերպմամբ ընդունելու պարագայում հանցագործություն, քրեորեն հետապնդելի արարք, է համարվելու խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված նաև` նրա սեռական կողմնորոշումից, ընդ որում, ևս մեկ ընդգծում` նույնիսկ անուղղակի խախտելը… Սա նշանակում է, որ այդուհետ հանցանք են համարվելու և քրեորեն հետապնդվելու են, ասենք, Հանրապետության հրապարակում միասեռականների շքերթ թույլ չտալը, չարտոնելը, երեխա որդեգրելու ցանկության դեպքում նրանց մերժելը, Հանրային հեռուստաընկերությունում նրանց իրենց սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքի չընդունելը, մանկապարտեզներում դաստիարակ ու դպրոցներում ուսուցիչ աշխատելն արգելելը (եթե արդեն իսկ աշխատում են, սակայն բացահայտվել է նրանց այլասերվածությունը) կամ նույն պատճառով աշխատանքի չընդունելը, նրանց կողմից միասեռականության և այլասերվածության մյուս դրսևորումների քարոզչությունն արգելելը և ավելին… Եթե հաշվի առնենք, որ խոսքը նաև անուղղակի խախտման մասին է, ապա թերևս կարելի է եզրակացնել, որ հանցագործություն է համարվելու նաև վերոնշյալ մերժումների, արգելքների ակնարկն անգամ: 
Ժողովո՛ւրդ, հաստատ պատրաստ չեք, չէ՞, այսպիսի Հայաստանում ապրելու: Ի՞նչ է, մեր լավագույն տղաներն այսպիսի Հայաստանի՞ համար կռվեցին ու տվեցին իրենց կյանքը: Այս այլանդակություններն իրականություն դարձնելու համա՞ր Հայաստանն անկախություն հռչակեց: Ի վերջո, այսպիսի օրենսգիրք ունեցող մի պետություն կարելի՞ է այլևս Հայաստան համարել…
Հիշեցնենք, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն ընդունել է նաև գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման գործում, իսկ համայն հայության իղձերը հաստատ այսպիսի Հայաստան ունենալը չէ: ՀՀ Սահմանադրության հենց 1-ին հոդվածի համաձայն, հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունում է նաև «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»: Այսպիսի Հայաստան ունենալը հաստատապես չի մտնում համայն հայության իղձերի ու մեր համազգային նպատակների մեջ:
Բացի վերը նշվածից, նաև Դավիթ Հարությունյանն էր կանգնած անցյալ տարի հասարակական մեծ բողոքի և ընդվզման տեղիք տված ընտանեկան բռնության մասին (իրականում, ըստ էության, ընտանիքի նկատմամբ բռնության մասին) ՀՀ օրենքի նախագծի ետևում, որն, ի վերջո, ԱԺ-ի կողմից վտանգավոր ու խիստ վտանգավոր մի շարք դրույթների պահպանմամբ ընդունվեց: Էլ չենք խոսում նաև ՀՀ դատական համակարգում տիրող ու բոլորիս հայտնի վիճակի մասին, որի հիմնական պատասխանատուներից մեկն էլ տարբեր տարիների (և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում) ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելով, Դավիթ Հարությունյանն է եղել: Հիմա ընդհանրապես խոսք կարո՞ղ է լինել ՀՀԿ-ի այս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին վերստին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին…
168.am-ը (https://168.am/2018/05/09/948229.html ) ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվել է, թե որքանո՞վ է Դավիթ Հարությունյանին ՀՀ արդարադատության նախարար նշանակելու մասին լուրը համապատասխանում իրականությանը:
Ի պատասխան այս հարցման, ՀՀ նախագահի օգնականն ասել է, որ «նախագահի պաշտոնական կայքն այս պահին գտնվում է անվտանգության հետ կապված տեխնիկական աշխատանքների փուլում, ուստի տեղի է ունեցել թյուրիմացություն» (168.am):
Հասմիկ Պետրոսյանը նշել է նաև, որ նախագահի՝ վկայակոչվող հրամանագիրը «ամենայն հավանականությամբ մի շարք լրատվամիջոցների ուղարկվել է տեխնիկական խափանման արդյունքում» (168.am):
«Այս պահին նախագահի գրասենյակի համապատասխան մասնագետները փորձում են հասկանալ կայքի առաքման համակարգի տեխնիկական խնդրի պատճառները,-ասել է նախագահի օգնականը:
Ի՞նչ թյուրիմացություն, այն էլ` կայքի` անվտանգության հետ կապված տեխնիկական աշխատանքների փուլում գտնվելու հետևանքով, մի քիչ անհավատալի կամ նույնիսկ ծիծաղելի չէ՞… Իսկ գուցե ՀՀ նախագահի կայքը հենց այդ տեղեկատվության արտահոսք կազմակերպելու նպատակով հակերային հարձակմա՞ն է ենթարկվել, կամ, ասենք, ինչ-որ մեկը լուրը տարածելով, փորձել է շոշափել հասարակական տրամադրությունները, հնարավոր արձագանքները: Դե, եթե այդպես է, ուրեմն կարելի է համարել, որ նա հասավ իր նպատակին:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play