Քաղաքականական գործիչներին` պատասխանատվության


Քաղաքականական գործիչներին` պատասխանատվության

  • 23-06-2018 02:10:53   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Ի՞նչ էր տեղի ունենում Հայաստանում վերջին ժամանակաշրջանում։ Ցույցեր և հավաքներ, որոնք արտահայտում էին բնակչության դժգոհությունը կառավարության վարած քաղաքականության նկատմամբ։ Խոսքը գնում է ոչ միայն տնտեսական խնդիրների մասին։ Անհրաժեշտ է առաջնային  դարձնել այն, ինչ արևմուտքում վաղուց դարձել է առօրեական․ եթե քաղաքական գործիչը խաբել է հանրությանը, ապա նա պետք է հրաժարական տա։ 
Տեղին է մեջբերել Աբրահամ Լինկոլնին վերագրվոզ հայտնի արտահայտություն է  Կարելի է անընդհատ խաբել ժողովրդի մի մասին և ողջ ժողովրդին՝ կարճ ժամանակ, բայց հնարավոր չէ խաբել ողջ ժողովրդին մշտապես։
 
Դա դարձավ ցույցերի դրդապատճառ։ Մարդիկ հոգնել են սուտ խոստումներից։ Պատգամավորները չեն կատարում նախընտրական խոստումները։ Իսկ օրենքները չեն նախատեսում պատգամավորի հետկանչը ընտրողներին խաբելու պատճառով։ Ազգային ժողովը դարձել է բնակչությանը խաբելու մի համակարգ։
Կառավարության՝ իշխանությունից հեռացումը խաղաղ ցույցերի միջոցով, համաշխարհային պատմության մեջ նորություն չէ։ 2008 թվականին Իսլանդիայի բնակչությունը հեռացրեց կառավարությանը, որը պատրաստվում էր բնակչության հաշվին վճարել միջազգային ֆինանսական կառույցներին մասնավոր բանկերի պարտքերը, որից հետո օգտագործելով համացանցը ստեղծեց Սահմանադրական Հանձնաժողով։ Հանձնաժողովը, օգտագործելով նույն Համացանցը, հավաքագրեց առաջարկները, ձևակերպեց նոր Սահմանադրությունը, ստացավ բնակչությունից առաջարկներ և ճշգրտումներ, խմբագրեց և դրեց Սահմանադրությունը հանրաքվեի։ Միջազգային տեղեկատվական գործակալությունները չեն բարձրաձայնում այդ փաստը՝ չցանկանալով տարածել արդյունավետ ժողովրդավարության օրինակը։ 
 
Դժվար է ակնկալել թե բոլոր պատգամավորները մեկ օրում կդառնան պարկեշտ։ Խաբեբաների հեռացման մեխանիզմները կարող են տարբեր լինել։ Բայց յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է իմանա, որ խաբեությունը պատժվելու է։ Եվ միայն այդ դեպքում պետությունը կսկսի զարգացում գրանցել և՛ տնտեսական, և՛ հոգևոր ոլորտներում։ Եվ այդ սկզբունքը պետք է իրականացվի նոր ընտրական օրենսգրքում։
Այստեղ անհրաժեշտ եմ համարում կատարել որոշակի շեղում։ Պարզ է, որ օրենքը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Ինձ մոտ հարց է ծագում՝ իսկ կոնկրետ ո՞ր հոդվածին։ Քանի որ Սահմանադրությունը, ոչ միայն հիմնական օրենքն է, այլ այն  իրավաբանական փաստաթուղթ է։ Իսկ իրավաբանական փաստաթղթին ներկայացվող առաջին պահանջը՝ այն չպետք է պարունակի հակասություններ, ինչպես իր հոդվածների միջև, այնպես էլ այլ իրավաբանական նորմերի միջև։
 
Մերկախոս չլինելու համար՝ բերեմ օրինակ մեր փորձից։ Մինչև 2005 թվականը ՀՀ Սահմանադրությունը արգելում էր որևիցե մենաշնորհ։ Դրան հակառակ կառավարությունը տրամադրել էր մենաշնորհներ հեռահաղորդակցության (հեռախոս), բնական գազի, էլեկտրամատակարարման, խմելու ջրի ոլորտներում։ Քաղաքացիները դեռ հիշում են, թե ինչպես էր «Արմենտել»-ը թալանում ժողովրդին։ Եվ երբ հայտնվեց երկրորդ հեռախոսային օպերատորը, հայտնվեց մրցակցություն, և հեռախոսային ծառայությունների գինը կտրուկ ընկավ։ 2005 թվականի Սահմանադրության տեքստում հայտնվեց 33.1 հոդվածը, որով մենաշնորհները թույլատրվեցին։ Ինչքան էլ դա տարօրինակ հնչի, Վենետիկի Հանձնաժողովի փորձագետները հավանություն տվեցին այդ Սահմանադրությանը, չնայած որ Եվրոպայում և ԱՄՆ-ում գործում է մենաշնորհների արգելքը։ 33.1 հոդվածը տեղադրվել է 2015 թվականի Սահմանադրություն։ Փոփոխության  է ենթարկվել միայն հոդվածի համարը։ 
 
Ընթերցողը կարող է համեմատել ներքոբերված 11 և 59 հոդվածները։
 
Հոդված 11. Տնտեսական կարգը
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
 
Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը 
1. Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:
 
2. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
 
3. Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնություններն արգելվում են:
 (Այստեղ և հոդվածի հետագա տեքստի մեջ ընդգծված է հեղինակի կողմից)։ Մենաշնորհները օրենքով կարգավորելու գեղեցիկ խոստումը այդպես էլ մնաց խոստում։ Իմ կարծիքով, դա նշանակում է երկրի քաղաքացիներին խաբել։ Օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու երկամյա ժամկետը անցավ, որից հետո՝ ևս հինգ տարի, հետո՝ կրկին հինգ տարի, ընդհանուր առմամբ 12 տարի, իսկ օրենքը չկա և չի լինելու։ Բայց մենաշնորհները մնացել են,  հանցագործները Սահմանադրական հիմքերով շարունակում են թալանել բնակչությանը։ Հանցագործներ, որովհետև նրանք խախտել են Սահմանադրության պահանջը և չեն համապատասխանեցրել օրենքները Սահմանադրությանը։ 
 
Նման երկար շեղումը հիմնական թեմայից ես արեցի, որպեսզի ցույց տամ, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել Սահմանադրության հոդվածների մանրամասներին։ Այն թերահավատներին, ովքեր պնդում են, որ դա մասնագետների գործն է, կբերեմ ևս մեկ օրինակ իմ փորձից։ Սահմանադրության հոդվածների միջև հակասության վերաբերյալ իմ նկատառմանը պատգամավորներից մեկը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պատասխանեց․ «Ոչինչ, թող հակասություններ լինեն»։
Այժմ վերադառնանք ընտրական խնդիրներին։
 
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Համեմատենք այս հոդվածը այլ հոդվածների հետ հակասությունների համատեքստում։
Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է ․․․․
 
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
․․․․՝ գաղտնի քվեարկությամբ:
Ստացվում է, որ սեփական կարծիք արտահայտելը սահմանափակված է։ Քանի որ պետությունը ճանաչում է իր սեփական անկարողությունը ապահովել քաղաքացիների կողմից կարծիքի ազատ արտահայտումը, ապա ընտրություններն էլ դժվար է ճանաչել ազատ։
 
հավասար, ․․․․ ընտրական իրավունքի 
Հավասար, նշանակում է որ «կողմ» քվեարկող քաղաքացու քվեի կշիռը հավասար է «դեմ» քվեարկողի քվեի կշռին։ Իսկ քվեաթերթիկում նախատեսված չէ «բոլորի դեմ» տարբերակը, ինչը նշանակում է ընտրողը պարտադրվում է ընտրել թեկնածուներից որևիցե մեկին, հակառակ պարագայում նրա քվեն չեղյալ է համարվում, այսինքն քվեարկողների հավասարությունը խախտվում է։ Եթե քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին քվեարկում են «բոլորին դեմ», ապա ընտրությունները պետք է ճանաչվեն չկայացած։
 
ուղղակի ընտրական իրավունքի
Քանի որ ընտրական օրենսգիրքը նախատեսում է պատգամավորի մանդատի ինչ-ինչ պատճառներով վայր դնելը և նրան կուսակցական ցուցակներից մեկ այլ անձով փոխարինելը, ապա ընտրությունները այլևս ուղիղ չեն, քանի որ փոխարինման որոշումը շրջանցում է ընտրողի իրավունքը մեկ այլ մարմնի՝ կուսակցության ղեկավարության, որոշմամբ։
 
Եվ այսպես, հակասությունների վերաբերյալ շատ կարճ տեստավորումը բերեց վշտացնող արդյունքի – գրված է մեկ բան, իսկ իրականությունում այլ բան է կիրառվում։  Նույն ձևով, ինչպես և մենաշնորհների պարագայում է (տես վերևում)։ Կուսակցությունների կողմից պատգամավորության թեկնածուների ցուցակներով առաջադրումը ընտրողներին չի թողնում այլընտրանք։ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում պատգամավորների որևիցե պատասխանատվություն ընտրապայքարի ընթացքում տված խոստումների համար։ Նախատեսված չէ պատգամավորի վաղաժամկետ հետ կանչը։ Էլ չասած ի՞նչ պատասխանատվություն կարող է ունենալ կուսակցության կողմից արդեն ընտրված թեկնածուի մոտ։  Ինչպես է դա հիշեցնում Սովետական Միության ժամանակաշրջանը, երբ ընտրություններին համատարած «կողմ»-ն էր։ Ի՞նչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար։
Պատգամավորների համար, որպես պետական ծառայողների, որոնք ժողովրդի հաշվին ստանում են աշխատավարձ, Սահմանադրությամբ նախատեսել տրված խոստումների կատարման համար անձնական պատասխանատվություն ։
 
Ապահովվի իրավունքների և պարտականությունների բալանս։
Իրավունքները տրվում են պարտականությունները կատարելու համար, այլ ոչ թե հակառակը։ Չեն կարող լինել իրավունքներ առանց պարտականությունների և չեն կարող լինել իրավունքներ առանց պատասխանատվության։
Առաջարկում եմ հետևյալ տարբերակը՝
Պատգամավորի թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել միայն քաղաքական կուսակցություններին, մեկ թեկնածու յուրաքանչյուր ընտրատարածքի համար։
Գրանցումից հետո թեկնածուները ԿԸՀ-են հանձնում նոտարի կողմից հաստատված ծրագրերը՝ ընտրողներին տված խոստումները, ինչպես նաև գրավի գումար։ Քարոզարշավը տարվում է միայն ներկայացված նախընտրական ծրագրի շրջանակներում։ Ընտրվելու դեպքում պատգամավորը տրված խոստումները կատարելու համար պատասխանատվություն է կրում ընտրողների առաջ։ Ընտրողներին խաբելը՝ խոստման չկատարելը, կարող է հաստատված լինի դատարանում, ցանկացած ընտրողի հայցի հիման վրա։ Դատարանի որոշմամբ խախտողը զրկվում է պատգամավորական մանդատից և նոր ընտրությունները անց են կացվում գրավադրված գումարով, առանց խոստումը խախտած պատգամավորի թեկնածության։ Այդ պահանջը միանգամից կֆիլտրի օրենքների վրա աշխատելու ունակություն չունեցող մարդկանց։ Ընտրողներին խաբելը միանգամից կնվազեցնի խոստումը դրժող պատգամավորին առաջարկող կուսակցության վարկանիշը։
 
Իշխանության ժառանգորդության անընդհատության ապահովման համար պատգամավորների ընտրությունները անց են կացվում ոչ թե չորս տարի պարբերությամբ, այլ անընդմեջ կարճ պարբերականությամբ։ Ինչ-ինչ պատճառներով մանդատը վայր դրածների, ինչպես նաև հանրությանը ծառայելու քառամյա ժամկետը լրանալու դեպքում, փոխարինության հերթականությամբ:
Այս առաջարկը չի հանդիսանում հոդվածի հեղինակի հայտնագորձությունը։ Օրինակ, ԱՄՆ-ի սենատը յուրաքանչյուր երկու տարին մեկ վերընտրում է անդամների մեկ երրորդին։ Հանրությունը(ի դեմս կուսակցությունների) կկարողանա ավելի լավ և հեշտությամբ վերահսկել ընտրական ընթացքը, անցկացնել քաղաքական փոփոխությունները էվոլյուցիոն ճանապարհով, խուսափելով իշխանության ոչ լիարժեքության ժամանակահատվածներից։
Անհրաժեշտ է ստեղծել անընդհատ թարմացվող Ազգային Ժողով, որը կունենա օրինակ 96՝ հերթով վերընտրվող, պատգամավոր։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ընտրվում է մեկ պատգամավոր։ Այդ պարագայում չորս տարվա ընթացքում տեղի կունենա ազգային ժողովի լրիվ թարմացում։
 
Այս առաջարկի առավելությունները.
 
Ազգային Ժողովը նախընտրական ժամանակաշրջանում 3-4 ամսով չի դադարեցնի իր աշխատանքը։ երբ բոլոր պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ընտրություններից հետո, արդեն ընտրված պատգամավորները զբաղված են ազգային ժողովի հանձնաժողովների ձևավորմամբ։ 
 
Օրինագծերի վրա աշխատանքը կլինի անընդմեջ, չէ որ ԱԺ հանձնաժողովի մեկ պատգամավորի փոփոխությունը չի ունենա մեծ ազդեցություն հանձնաժողովի աշխատանքի վրա։
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է զգալի նվազեցնել իր աշխատակազմը ե բյուջեն, հավասարապես ծանրաբեռնված լինի մշտական աշխատանքով և պատասխան տա տարածքային հանձնաժողովների աշխատանքների համար: 
 
Զանգվածային լրատվության միջոցներ՝
Մամուլը, հեռուստատեսությունը հնարավորություն կստանան մանրամասն լուսաբանել ընտրությունների ընթացքը՝ 4-5 ընտրատարածքում նրանց քանակը կլինի ավելի քան բավարար։
 
Քաղաքացիները գնահատական կտան իշխանության աշխատանքին յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ։
Եվ ամենակարևորը՝ ընտրատարածքի ընտրողներին սևեռված կլինի ողջ հանրապետության ուշադրությունը։ Չէ որ նրանց ընտրությունից կարող է փոխվել կառավարությունը։ Մարդիկ իրենք իրենց կարևորված կզգան։ Նման միջավայրում աճում են անձեր, որոնց ունակությունները կաշխատեն  ժողովրդի բարօրության համար։
 
Եվ դա իսկապես կլինի ժողովրդավարություն։
 
Հակոբ Ղարաբեկյան, Կալիֆորնիա
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play