Սյունիքյան չարագործությունների բացահայտումը փորձաքար է նոր կառավարության համար. Նամակ՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին


Սյունիքյան չարագործությունների բացահայտումը փորձաքար է նոր կառավարության համար. Նամակ՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին

  • 01-06-2018 17:21:21   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Վահե ավազակապետին մինչեւ վերջ դիմակազերծելն ու հայոց արդար դատաստանի առջեւ կանգնեցնելը՝ ազգային եւ համապետական խնդիր
(ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին)
 
Հարգելի պարոն Վանեցյան
 
Մենք ուշի-ուշով հետեւում ենք հանրապետության ազգային անվտանգության ծառայության բացահայտումներին եւ վերստին համոզվում, որ նոր Հայաստանի նոր կառավարությունն իսկապես վստահության կառավարություն է:
Սակայն, անկեղծ լինենք, այն, ինչ բացահայտվում եւ հանրայնացվում է, գրոշ է այն ամենի համապատկերի վրա, որ 2014 թվականից ի վեր կատարվել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում:
Իհարկե, հանրությունը նոր իշխանություններից ավելին է սպասում (եւ դա լավ օրից չէ), քան հնարավորություն են տալիս ժամանակը եւ ռեսուրսները:
Սակայն Սյունիքում տեղի ունեցած չարագործությունների բացահայտումը, հավատացեք, անկարելի է ձգձգել կամ հետաձգել, քանզի գործ ունենք ազգային ու համապետական խնդրի հետ: Ավելի ճիշտ՝ սյունիքյան չարագործությունների բացահայտումը եզակի եւ անշրջանցելի փորձաքար է համաժողովրդական սիրույն արժանացած կառավարության համար:
Գոնե մեկ հարցի պատասխան անհրաժեշտ է պարզել եւ հանրայնացնել հնարավորինս արագ. ովքե՞ր էին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետեր դարձած տնտեսվարող սուբյեկտների սեփականատերերը 2004-ի դեկտեմբերի 9-ին (կառավարությունն այդ օրն է որոշում ընդունել) եւ ովքե՞ր են հիմա:
Հիշեցնենք՝ պղնձամոլիբդենային հսկայի բաժնետոմսերն այդ ժամանակ ՀՀ կառավարության որոշմամբ տրվեց «Քրոնիմետ» ըկերությանը (Գերմանիա)՝ 60 տոկոս, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին՝ 15 տոկոս, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՓԲԸ-ին՝ 12.5 տոկոս եւ «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին՝ 12.5 տոկոս:
Եթե ինչ-ինչ պատճառով հնարավոր չէ գաղտնազերծել կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը, ապա գոնե պատասխանեք՝ ո՞վ էր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերն այն ժամանակ եւ ո՞վ է հիմա, ու ի՞նչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականատիրոջ փոփոխություն բաժնետեր այդ ՍՊԸ-ում:
Հավատացեք, այդ հարցերի պատասխանի հանրայնացմամբ Դուք կփարատեք հազարավոր սյունեցիների կասկածանքը, ինչպես եւ հույսի ու հավատի նոր պոռթկում կառաջացնենք նրանց մեջ առ հայրենիք ու հայոց պետություն:
Մինչ այդ թեժանում են խոսակցությունները հանքարդյունաբերական հսկայի գործունեության մեկ այլ ոլորտի շուրջ՝ նոր հանգամանքների թելադրությամբ:
Քաջարանից մեզ տեղեկացնում են, որ խտանյութ տեղափոխելու բիզնեսը նախկին իշխանավորներից մեծամասամբ եւ անցնցում փոխանցվել է նոր իշխանության մեջ գտնվող մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի, ինչին հավանաբար Դուք տեղյակ եք:
Ազգային զարթոնքի օրերին տեղացի վարորդներին մտահոգող այդ հարցը, դրանով իսկ, ոչ միայն լուծում չի ստացել, այլեւ դարձել է նոր ու անխոցելի վահան Վահե Հակոբյանի համար, ում Սյունիքում ի սկզբանե շնորհել են ավազակապետ «պատվանունը»:
Ըստ Քաջարանում շրջանառվող խոսակցությունների՝ հենց նոր Հայաստանի բարձրաստիճան այդ պաշտոնյան է իր հովանու ներքո վերցրել Վահե Հակոբյանին՝ Քաջարանի խտանյութի բեռնափոխադրումների «մանդատի» դիմաց: Հենց այդ նոր բարձրաստիճանն է, ըստ հանրային կարծիքի, խոչընդոտում Սյունիք եւ հատկապես Քաջարան ներխուժած խմբի չարագործությունների բացահայտմանը, ինչը խնդրում ենք նկատի ունենալ:
Եվ, ի վերջո, պնդում ենք, որ Վահե Հակոբյանին մինչեւ վերջ դիմակազերծելը, պետական մակարդակով վնասազերծելը եւ հայոց արդար դատաստանի առջեւ կանգնեցնելն ազգային ու համապետական խնդիր է, մանավանդ որ երկրի վարչապետն արդեն իսկ նախաձեռնել է մետաղական հանքերի ստուգում:   
Իսկ գործընթացը, կարծում ենք, պետք է սկսել Քաջարանի կոմբինատի բաժնետեր սեփականատերերի (երեկվա եւ այսօրվա) բացահայտումից ու հանրայնացումից, այլապես ազգային մեր երազանքը, որի իրագործման ճանապարհն ենք բռնել երկարատեւ սպասումներից հետո, կարող է եւ մնալ սոսկ երազանք:
 
 
Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
31 մայիսի 2018թ.
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play