Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Անիի մայր տաճարում նամազ անցկացնելը որեւէ կապ չունի կրոնական մաքուր ապրումի հետ»


Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. «Անիի մայր տաճարում նամազ անցկացնելը որեւէ կապ չունի կրոնական մաքուր ապրումի հետ»

  • 05-10-2010 17:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անիի մայր տաճարում նամազի արարողություն անցկացնելը կապված չէ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու պատարագին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի չմասնակցելու հետ: «Հայելի» ակումբում հոկտեմբերի 5-ի հանդիպմանը այս կարծիքը հայտնեց Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ըստ նրա, փորձելով միջազգային հանրության առջեւ ժողովրդավարական, ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողական երկիր ներկայանալ, Թուրքիան ներքին օգտագործման համար փորձում է շրջանառության մեջ դնել իսլամիստական միտումները: «Չեմ կարծում, որ դա ընդամենը նամազի արարողություն էր, որովհետեւ հոգեւոր բարեկրթական որեւէ արարողություն ուղղված է զուտ երկնային ոլորտներին, իսկ սա քաղաքական շեշտադրում էր պարունակում»,- ասաց Սրբազանն, ընդգծելով, որ արմատական իսլամիստները խույս են տալիս եկեղեցում կամ այլակրոն այլ պաշտամունքնային վայրերում արարողություններ մատուցելուց: Մայր Աթոռի դիվանապետի խորին համոզմամբ, դա ուղերձ էր` ուղղված հայ ժողովրդին առ այն, որ ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական մշակութային կոթողները պատկանում են Թուրքիային. «Սա ընդամենը իրավատերերի հետքերը ջնջելու մի փորձ էր, այնպես, ինչպես կատարվեց ցեղասպանությունից առաջ եւ ցեղասպանությունից հետո»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Մայր Աթոռի դիվանապետը նշեց, որ Սբ. Խաչ եկեղեցում խաչի տեղադրումից հետո Մայր Աթոռին հրավեր չի հղվել` մասնակցելու պատարագին: Եթե այդպիսի հրավեր լինի, Մայր Աթոռը կքննարկի այն եւ «չի բացառվուոմ, որ մասնակցությունը կլինի»: Նա ընդգծեց, որ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը պատարագին իր մասնակցությունը կբերեր, եթե թուրքական իշխանությունները կատարեին իրենց խոստումները ու խաչը տեղադրեին: Սրբազանն ընդգծեց, որ Թուրքիայում կան շուրջ 2500 հայկական պատմական հուշարձաններ, սրբավայրեր, պաշտամունքի վայրեր, եւ եթե հնարավորություն կա դրանցից գեթ մեկը փրկել ոչնչացումից, ինչու հնարավորությունը կորցնել եւ պատարագի արարողությանը չմասնակցել: Հայ Առաքելական եկեղեցու կողմից հայկական հուշարձաններն պահպանելու ուղղությամբ ջանքերի վերաբերյալ հարցին ի պատասխան Սրբազանը նկատեց, որ հայկական կողմից ցանկացած ուղերձ կասկածամտորեն է ընդունվելու թուրքական կողմից, ամեն ինչ արվելու է իրավատերերին` հայ ժողովրդին, դրանց նորոգմանը մասնակցությունից զրկելու համար: Հենց դրանով է պայմանավորված, որ Աղթամարի պատարագին մասնակցելու համար հայկական իշխանություներին հրավեր չէր ուղարկվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play