Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 51 քրեական գործ.ՀՔԿ


Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 51 քրեական գործ.ՀՔԿ

  • 21-06-2018 18:31:08   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Պետական աջակցության ծրագրերով հանրապետության տարբեր մարզերի շահառուներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթներում քննվում է 51 քրեական գործ՝ 51 համայնքների վերաբերյալ։ 
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մարզերի տարբեր համայնքներում պետական աջակցության երկու տարբեր ծրագրի շրջանակներում համայնքներին տրամադրվել է պարարտանյութ և սերմացու, որոնք սահմանված կարգով պետք է փոխանցվեին շահառուներին՝ գյուղացիներին։ Սակայն բաշխման գործընթացում թույլ են տրվել մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ պարարտանյութը կամ սերմացուն չի հատկացվել ցուցակում ընդգրկված բնակիչներին կամ հատկացվել է ոչ այն ծավալով, որով նախատեսված է եղել, իսկ որոշ դեպքերում էլ՝ հատկացված պարարտանյութի և սերմացուի դիմաց գյուղացիներից գանձված գումարները չեն ձևակերպվել, հավաքագրված գումարները տնօրինվել են համայնքների ղեկավարների կողմից՝ սեփական հայեցողությամբ՝ մարզպետարաններին ներկայացնելով, թե գյուղացին ի վիճակի չի եղել կատարել վճարումները։
Արդյունքում՝ 2017թ. դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցության ծրագրերի շրջանակներում 2011- 2016թթ. պարտքերի ներման մասին» Կառավարության թիվ 1585-Ն որոշմամբ՝ համայնքի բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից:
Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր մարզային վարչություններում քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ պետությանը պատճառված վնասը ընդհանուր առմամբ կազմում է 95.813140 ՀՀ դրամ, որի զգալի մասը՝ 44.184.440 ՀՀ դրամը, նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու չարաշահումների բոլոր հանգամանքները, առնչություն ունեցած անձանց շրջանակը։ 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play